Լացս գալիս ա

Լացս գալիս ա

Պատմում է Աֆրիկյանների տան միակ բնակիչ Վահե Ղուկասյանը






Ծնվել եմ 1960 թվին, ստեղ՝ Մարգարյան հիվանդանոցում, մեծացել եմ Տերյան 11 շենքում՝ մեր էս բակում, եւ մինչեւ հիմա էլ ապրում եմ էս տանը։ Դատապարտվել եմ մի 6 անգամ ու միշտ էս հասցեով, ստեղից դուրս եմ եկել, գաղութի վրա եմ գրանցվել, գաղութից դուրս եմ եկել, ստեղ եմ գրանցվել։ Վերջին անգամ դատապարտվել եմ 2006-ին, ազատվել եմ 2008-ին, էդ ընթացքում եկել, ստեղ չափուձեւ են արել ու, չգիտես ինչի, ինձ հաշվի չեն առել որպես բնակիչ։ Ասում են՝ գրանցված չես եղել։ Ես էդ ժամանակ գաղութի վրա եմ գրանցված եղել, իսկ գաղութից հետո, 2008-ին, նորից ստեղ եմ գրանցվել, այսինքն՝ ես հաշվառված եմ եղել, ոչ թե հասցե եմ փոխել կամ նոր հասցեի վրա եմ գրանցվել։



 



Ես կարող եմ ոստիկանությունից փաստաթղթեր բերել եւ ապացուցել, որ 1977 թվից՝ անչափահաս տարիքից, էս հասցեով եմ դատվել. մեքենա եմ փախցրել, լակոտություն եմ արել, հիմա կյանք ա՝ ստացվել ա։ Հետո ամուսնացել եմ, երեխա եմ ունեցել, տղաս 2 տարի առաջ ա բանակից եկել, Ղարաբաղում էր ծառայում, Հորադիզում։ Հիմա ապրում եմ տղայիս հետ, կինս մեր հետ չի, 1993 թվին ա հեռացել մեզնից, տղայիս մամաս ա պահել։ Մերս, որ մահացավ, թաղմանը չթողեցին գայի, վերջին դատվածությանս ժամանակ էր. տատս էլ մահացավ, հերս էլ, ախպորս հետ մնացինք։ Տղաս էլ ա ստեղ գրանցված, բայց բանակից հետո՝ փաստացի, իսկ ես հաշվառված եմ, եւ հիմա ինձ անօրինական ձեւով գրանցումից հանել են։ Գնացի ընտրության, ասեցին՝ դու գրանցումից դուրս եկած ես։ Անձնագրումս գրանցումը կա, բայց կոմպյուտերը ցույց չի տալիս։ Գնացի անձնագրային բաժին, հարցրեցի՝ ինչի՞ եք ինձ գրանցումից հանել, ասեցին՝ եղբայրդ ա հանել, մի կնոջ հետ էր եկել։ Բայց ո՞նց կարա եղբայրս ինձ գրանցումից հանի։ Ասել ա, թե գրանցված ա, բայց սեփականատեր չի։ Էս իմ պապենական տունն ա. 130 տարվա շենք ա, բայց սովետի ժամանակ էմվեդեին ա պատկանել, պապիկս էլ էմվեդեում ա աշխատել, ստեղ տուն են տվել։ Ոնց որ եղբայրս, ընենց էլ ես, ծնվել, գրանցվել, մեծացել ենք էս տանը, ոնց իրան ա հասնում, ընենց էլ ինձ ա հասնում։ Ես չեմ ասում՝ եսիմինչ տան, գոնե հաշվի առնեն, երեխա ունեմ, մի գումար տան, հո փողոցում չե՞նք մնալու։ Քաղաքի կենտրոնում տուն չեմ ուզում, մի տեղ մի փոքր հող առնեմ, մի տեղ սարքեմ, ապրենք։ Չեմ թողելու տանս մոտենան, դուրս չեմ գալու, ինչ ուզում ա՝ թող ըլնի, թող քաշքշեն, կռիվ անեն։



 



Մենք շենքի երկրորդ հարկում էինք ապրում, ինձ ախպերս ասեց՝ եթե դուրս չգաս, ես փող չեմ ստանա։ Ասում եմ՝ բա ե՞ս ինչ անեմ, ասում ա՝ բողոքի, դու էլ քո բաժինն ստացի։ Ախպորս բաժինը տվել են, ինձ էլ քցել են փողոցները, հիմա ես էլ ահավոր վիճակի մեջ եմ, վատառողջ եմ։ Ախպերս ինձ գրանցումից հանեց, լրիվ փողն ինքը ստացավ, հարցրել են՝ կարող ա՞ ախպերդ խոչընդոտ լինի, ասել ա՝ բա  չէ, իրանք իրար մեջ փողը կիսել են, փողն առել են ու վերջ։ Հիմա ես էլ իջել եմ առաջին հարկ՝ էս բնի մեջ եմ մնում, ոչ պատուհան կա, ոչ բան, պատերը ճաքած են, ձմեռը շոր-մոր ենք մտցնում, որ չսառենք, փլվում ա։ Էդ էլ հարեւանի տունն ա, խնդրել եմ, որ չքանդի, ուզում էր պոլերը տաներ, որ մնամ, մինչեւ տենամ ինչ ա ըլնում։ Ախպերս ասեց՝ եթե դուրս չգաս, սպանություն կլինի, թե՞ ուզում ես նորից ուղարկեմ՝ գաղութ գնաս։



 



Ճիշտ ա, աշխատում եմ, քաղաքապետարանի ծառ-մառ սրսկող մեքենան եմ քշում, թույն եմ սրսկում, բայց էն էլ, որ անձրեւ ա գալիս, սոված ենք մնում, պիտի արեւ լինի, որ աշխատեմ՝ նոր փող ստանամ, օրավարձ ա։ Տղես էլ մի էլիտար շենքի անվտանգությունում ա աշխատում, գնում՝ գիշերները պահակություն ա անում, ինչ ա, որ մի 60-70 հազար փող բերի, մի բան առնենք, յոլա գնանք։ Չգիտեմ ում դիմեմ, ումից օգնություն խնդրեմ, ըտենց ահավոր վիճակ ա մոտս, էս շենքում մենակ ես եմ մնացել. շան տղա ըլնեմ, թե լացս չի գալիս։



 



Ֆելիքս Եղիազարյան