Հրաչ Քեշիշյանի լիրիկական կատակերգությունը

Հրաչ Քեշիշյանի լիրիկական կատակերգությունը

«Գարեգին Նժդեհ»-ից հետո Հրաչ Քեշիշյանը հանդիսատեսին ներկայանում է նոր լիրիկական կատակերգությամբ, վերնագրված՝ «Շնորհակալություն, հայրիկ»։ Ֆիլմի պրոդյուսերը, գլխավոր դերակատարն ու սցենարի համահեղինակն է դերասան Միքայել Պողոսյանը, ով ֆիլմի ցուցադրությունից առաջ նշեց, որ սա իր առաջին համագործակցությունն է ռեժիսորի հետ եւ Հրաչ Քեշիշյանին է ընտրել՝ ելնելով նրա ֆիլմերից։ Ֆիլմի գլխավոր դերակատարուհին՝ Քրիստա Դոնարգոն, Նյու Յորքից է, ով նույնպես ներկա էր պրեմիերային։ «Ես ի սկզբանե նկատի ունեի Քիմ Քարդաշյանին, բայց հետո նա հղիացավ, դրա համար այլ ընտրություն կատարվեց»,- գլխավոր դերակատարուհու ընտրության հարցում կատակեց Միքայել Պողոսյանը, ապա անդրադարձավ ֆիլմի ասելիքին. «Ֆիլմի ասելիքը շատ պարզ է՝ մենք ուզում ենք մեր արմատները չկորցնենք»։ Ֆիլմը պատմում է 2 ընկերների մասին, որոնց ճանապարհները բաժանվել են գաղթի ժամանակ, մեկի կյանքը շարունակվել է Ամերիկայում, մյուսինը՝ Հայաստանում։ Եվ ահա, հանգամանքների բերումով, հանդիպում են նրանց զավակները, որոնց վիճակված է անցնել տարբեր փորձությունների միջով՝ հասկանալու համար իրենց ինքնությունը։ Պատմությունը համեմված է հումորով ու դերասանների անմիջական խաղով։ Ֆիլմում, Միքայել Պողոսյանից բացի, խաղում են նաեւ Լեւոն Հարությունյանը, Լուիզա Ղամբարյանը, Վիգեն Ստեփանյանը։ Վերջինս նաեւ սցենարի համահեղինակն է եւ պատմեց, որ սցենարը գրելիս իր ու Միքայել Պողոսյանի քննարկումներն անգամ բարձրաձայն վեճերի են վերածվել, արդյունքում մի 2 սցենարի նյութ էլ կա, որ չի մտել ֆիլմի մեջ։



 



Ռեժիսորն էլ իր հերթին նշեց, որ ֆիլմը, դրա թեմատիկան սերտ կապվում են թե եղեռնի եւ թե աշխարհասփյուռ հայության հետ։ Ի հավելում Քեշիշյանի խոսքերի՝ դերասաններ Լուիզա Ղամբարյանն ու Լեւոն Հարությունյանն էլ նշեցին, որ լիրիկական կոմեդիաներով էլ կարելի է անդրադարձ կատարել Եղեռնի 100-ամյակին՝ «առանց արցունք կորզելու»։ Ինչ վերաբերում է ֆինանսական մասին, ապա ֆիլմի պրոդյուսեր Միքայել Պողոսյանը նշեց, որ, չնայած մշակույթի նախարարությունը հաստատել էր սցենարը, Հայաստանի ազգային կինոկենտրոնն էլ աջակցություն ցուցաբերել, բայց դա բավական չէ այսօր ֆիլմ նկարելու համար, եւ դրա համար նա գնացել է ուղիղ առաջին տիկնոջ մոտ, ով, ըստ նրա, ուղղակի հրաշք է գործել եւ դրական իմաստով որոշել ֆիլմի ճակատագիրը։ Ֆիլմում գաղթի թեմայից դուրս շատ նուրբ ենթաշերտերով խոսվում է նաեւ այսօրվա իրականության մասին, օրինակ՝ Միքայել Պողոսյանի հերոսը միայն գինովցած վիճակում է քաջություն ունենում բարձրաձայնելու այսօրվա մշակույթի մասին, այն էլ՝ «կարճի մեջ», չէ՞ որ ֆիլմը նաեւ մշակույթի նախարարությունն է հովանավորել։ Մեկ այլ տեսարանում խոսվում է ընտրությունների ժամանակ առաջարկված կաշառքների մասին, բայց էլի հումորի թանձր շերտով շաղախված՝ ոչ մեկին չնեղացնելու զգուշությամբ, չէ՞ որ ֆիլմի ճանապարհն անձամբ հարթել է ինքը՝ առաջին տիկինը։



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ