Ինչո՞ւ պետք է կարդալ

Ինչո՞ւ պետք է կարդալ

Գրող Առաքել Սեմիրջյանը ներկայացնում է Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»:






Մհերի դռան գիրքը






Հազարավոր տարիներ մարդիկ ստեղծել են հերոսի կերպար եւ ըստ դրա էլ փորձել հերոսական երեւույթները տեղավորել այդ կերպարի մեջ եւ ըստ այդմ էլ ստեղծել հերոսի նախատիպ, որից այն կողմ կարծես հերոսը չի տեղավորվում: Իսկ միգուցե ընդհանրապե՞ս հերոս չկա, կամ էլ ցանկացած մարդ կարող է լինել հերոս, կամ էլ հերոսը հենց նա է, ով երբեւէ չի տեղավորվում այդ կերպարի մեջ:



Շատերն են իրենց գրականության մեջ փորձել անդրադառնալ այս խնդրին, սակայն քչերին է հաջողվել ավարտին հասցնել իրենց ուզածը: Իսկ միգուցե հերոսը հենց նա՞ է, ով ընդհանրապես ավարտին չի հասցնում իր սկսածը կամ էլ նեղանում ու հեռանում է բոլորից, կամ էլ անիծում է բոլոր նրանց, ովքեր չեն կիսում իր «գաղափարները» կամ չեն միանում իր սկսած պայքարին:



«Մհերի դռան գիրքը» չի տալիս այս հարցերի պատասխանները, ինչպես Փոքր Մհերը չտվեց իր դիմաց դրված հիմնական հարցերի պատասխանները: Եթե Դավիթն ու Մեծ Մհերը կատարեցին իրենց առաքելությունը, ապա Փոքր Մհերի առաքելությունը միգուցե իր առաքելությունը չկատարելու մեջ էր կամ էլ ամեն մեկին հնարավորություն տալու, որպեսզի նաեւ իր միջոցով իրենք կարողանան գտնել իրենց առաքելությունն այս կյանքում:



Խեչոյանի ցանկացած վեպ ոչ թե բարոյախոսական ստեղծագործություն է, այլ մարդու միջի տիեզերքը բացահայտելու հնարավորություն:



Իսկ միգուցե ամենաուժեղ մարդը հենց ամենաթույլ մարդն է, ով իր ամբողջ հույսը դնում է Աստծո վրա, իսկ միգուցե առանց մեղանչելու հնարավոր չէ ապաշխարել, իսկ միգուցե իրական սրբերը ոչ թե քարանձավներում ճգնում են ու ամբողջ օրն աղոթք ասում, այլ սարերում դերվիշի պես թափառում ու Աստծո հետ «կռիվ են տալիս» համամարդկային հարցերի շուրջ:



Իսկ միգուցե Աստված, Մհերին այդպիսին ստեղծելով, փորձում էր ներդաշնակությո՞ւն ստեղծել սարերի ու ձորերի, լեռների ու գետերի, կենդանիների ու մարդկանց, չարի ու բարու, մահվան ու հավիտենականության միջեւ:



Գրականությունը դառնում է «բացարձակ», երբ ընթերցողը տեսնում է հեղինակի գրքում գրվածի ապրված լինելը: Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» կարդալով, քո մեջ որեւէ կասկած չի մնում, որ Լեւոն Խեչոյանն իրականում տեսել է Մհերին…



Իսկ միգուցե Փոքր Մհերը հենց «Մհերի դռան գրքի» հեղինակն է, ում Գերագույնը հնարավորություն տվեց այս ամենը հասկանալ ու փոխանցել մեզ:



«Արդյոք այս ամենը նման չէ՞ աշխարհահռչակ գիտնականների հաստատումներին, թե տիեզերքի վերջը եւ սկիզբը Մեծ պայթյունից է ծագել, որ այն է եղել հողագնդի ոչնչացնելու՝ կրկին առաջանալու պատճառը, որ Մեծ պայթյունից է սկսելու նոր ժամանակի ու նոր մարդու սկիզբը»: