Իմ լեհական շաբաթը

Իմ լեհական շաբաթը

Իմ Լեհական Սերը պատմաբան էր նաև



Եվ սիրում էր զբաղվել կարուձևով,



Ինչպես իր տատիկը, հավանաբար,



Պարտիական ժողովներից խրտնած



Ամուսնյակի` Պան Վալենսկու համար



Կոստյումներն էր գցում կարգի:



 



(հատված Ավետիք Մեջլումյանի «Իմ լեհական սերը» բանաստեղծությունից)



 



Դիվանագիտությունը, որի հիմքում պաշտոնական հանդիպումներն ու բանակցություններն են, լավ է ժամանակ առ ժամանակ թարմացնել հանրային և մշակութային դիվանագիտությամբ, ինչպիսին Լեհաստանի դեսպանատան նախաձեռնությամբ Երևանում անցկացվող լեհական ֆիլմերի շաբաթն է՝ Արևելյան Եվրոպայում առաջին ազատ ընտրությունների 25-ամյակի առիթով:



«Վալենսա․ հույսի մարդը» ֆիլմը, որ լեհ ռեժիսոր Անջեյ Վայդայի վերջին գործն է՝ նրա օր ծերության պարտքը, նկարվել է 2012-ին, և ռեժիսորի խոսքով՝ իր համար ամենաբարդն էր, դրա համար էլ՝ «ես չեմ ուզում, բայց պետք է անեմ», ինչպես հաճախ ասում էր Վալենսան՝ իր նախագահության տարիներին։ Ֆիլմը լավն է, թեև Վայդայի ամենաներից չէ, բայց ինչպես ռեժիսորն է ասել՝ «երկու՝ մարմարե և երկաթե մարդկանցից հետո [Վայդայի նախորդ ֆիլմերի վերնագրերն են] պետք է լիներ և հույսի մարդ»։



«Հույսի մարդը» լեհական Սոլիդարնոստը վարակի նման տարածում է մարդկանց մասնավոր տարածքներից մինչև հանրային վայրեր՝ բնակարաններից ու աշխատողների փողոցային բողոքներից (1970) մինչև ամերիկյան Կոնգրես (1989), երբ Լեհաստանում պաշտոնապես այլևս կոմունիզմ չկա, իսկ մեկ տարի հետո Վալենսան Լեհաստանի ազատորեն ընտրված նախագահն է։ Ֆիլմում բավական հեգնանք ու հումոր կա՝ հերոսականությունից խուսափելու համար։ Ռոմանտիզմից զերծ չլինելով՝ այն հնարավորություն է տալիս, որ դիտողի Վալենսան առաջանա Գդանսկի հասարակ էլեկտրիկից և Կոնգրեսի առջև ելույթ ունեցող հանրային կերպարից հեռու մի տեղ։



Դժվար է պատմել մի պատմություն, որի մասնակիցները դեռ ողջ են, իսկ իրադարձությունների մեկնաբանությունները՝ նույնքան տարբեր, որքան մասնակիցները, ֆիլմի կերպարն էլ՝ ընթացիկ ու բազմակողմ հարաբերությունների մասին մտածելու առիթ տվող, օրինակ, թե Լեհաստանն այսօր ի՞նչ հարաբերությունների մեջ է Վալենսայի հետ, չէ՞ որ, ասում են՝ լեհերը զարմանում են, երբ օտարերկրացիները հարցնում են իրենց Սոլիդարնոստի լիդերի մասին, կարծես ժողովրդական մեծ սիրո վերջում անտարբերությունն է, իսկ Վալենսան էլ՝ մոռացված մեկը։ Մի խոսքով, Վալենսաները տարբեր են, Վայդան՝ նույնպես։



Եթե կա լեհական կինո, ուրեմն կարող է լինել և լեհական սոլիդարություն, որ տարբեր է, ասենք, չեխական ժողովրդավարությունից։ Լեխ Վալենսան Վացլավ Հավել չէ, նրանց անհատական տարբերությունները թույլ են տալիս տեսնել ավելի մեծ երևույթների՝ տեղական ժողովրդավարությունների և դրանց պատրաստման տարբերությունները։



Քաղաքականությունը ոչ թե հնարավորի, այլ անհնարինի արվեստ համարող չեխ Վացլավ Հավելը կարող էր ասել, որ քաղաքականության նպատակը կարճաժամկետ ցանկությունների կատարումը չէ, կամ որ՝ մեծ սխալ է սպասել հետապնդվող այլախոհներից, որ նրանք, նախագահ դառնալով, միանգամից կփոխեն այս աշխարհը, իսկ Վալենսան պարզապես ասում է․ «Ազատությունը մարդու իրավունք է»։



Քանի որ ֆիլմի դիտումից հետո կինոդահլիճից դուրս եկած մարդկանց հիացական դեմքերին գրված էր՝ «Մենք էլ ենք ուզում Վալենսա», մտքովս անցավ, որ դրա փոխարեն ավելի լավ է ունենալ, այն է՝ գտնել սեփական հասարակության կամքը կերտող ձևեր, այսինքն՝ հայկական սոլիդարության նման մի բան, իսկ հետո նաև կարելի է հիանալ լեհականի հետ վերջինիս ունեցած տարբերություններով։



Սեդա Շեկոյան