Ոգու վերադարձը

Ոգու վերադարձը

Բարի ճանապարհ, Վարդապե՛տ, վերադարձ բարի...



Կոստան Զարյան



 



Այս տարի, Կոմիտասի 145-ամյա տարեդարձի առթիվ, «Սիմոն Զավարյան» ՀԿ-ն «Ոգու վերադարձը» խորագրով միջոցառումների մի ամբողջ շարք է ծրագրել: 



Առաջինը կայացավ  հունվարի 23-ին Կոմիտասի անվան պանթեոնում: Կոմիտաս վարդապետի շիրիմի մոտ նշվեց իրավաբան-դիվանագետ, պետական - քաղաքական գործիչ, անսակարկ հայրենասեր Դանուշ Շավերդյանի ծննդյան տարեդարձը, ով, անտեսելով բազում վտանգներ, իր և հարազատների կյանքի գնով («Մահ իմացեալ...»), դժնդակ 36-ին հայրենադարձեց Մեծ Հայի աճյունը:



Փետրվարի 8-ին, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի «Կոմիտաս» պուրակում նշվեց «Կոմիտասը ծիրանենուն նստած-հենված» մոնումենտալ արձանի (քանդակագործ՝ Արա Հարությունյան, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան, 08.02.1988թ.) ծննդյան օրը:



Մարտի 2-ին Պանթեոնում և 3-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի սրահում նշվեց երաժշտագետ - պատմաբան, քննադատ - հրապարակագիր, եվրոպական, ռուսական, խորհրդային և հայ դասական, ազգային ու հոգևոր երաժշտության խոշոր մասնագետ, կոմիտասագիտության ռահվիրա Ալեքսանդր Շավերդյանի (22.06.1903-22.03.1954թթ.) հիշատակի 60 - ամյակը:



Մայիսի 28-ին, Պանթեոնում նշվեց Կոմիտասի աճյունի հայրենադարձման և «... Մասիսներու եւ Ալագեազի սիւքին տակ» ամփոփելու օրը:



Հերթականը տեղի ունեցավ Կոմիտասի տանը՝ Կոմիտասի անվան զբոսայգում, Պանթեոնի հարևանությամբ արարված «Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտ և մշակութային կենտրոն» համալիրում:



###



Մայիսի 31-ին Կոմիտասի շիրիմի մոտ էին հավաքվել երիտասարդներ, որոնց համար թանկ ու հարազատ է Կոմիտաս երևույթը: Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Արա Սարգսյանի անվան գեղարվեստի ակադեմիայի, Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու երիտասարդ այգեհատցիները հարգանքի տուրք մատուցեցին հայոց հանճարին և, առաջինները լինելով, անցան «Կոմիտասի տան» շեմը:



Տերունական աղոթքից հետո, նորակերտ համալիրի դահլիճում, միջոցառման հանձնառու-կազմակերպիչ «Սիմոն Զավարյան» ՀԿ ղեկավար Գ. Շահվերդյանը ներկայացրեց տարվա և օրվա խորհուրդը.



-Ուղիղ երկու տարի առաջ՝ այս օրը, հայաստանյան լրատվամիջոցներն ավետեցին. «... նախագահը «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2012թ. Մայիսի 30-ի խորհրդի նիստում առաջարկեց Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ հիմնել Կոմիտասի թանգարան մշակութային կենտրոն...»: Ողջ հայության  հետ, մեծ էր այգեհատցիներիս հիացմունք-հրճվանքը: Հիացած, բայց նաև զարմացած էինք. չէ՞ որ մենք նախորդներին էլ էինք դիմել, որպեսզի «... Կոմիտասի անվան զբոսայգում, հայ մեծերի Պանթեոնի հարևանությամբ գտնվող, դեռևս 90-ականների կեսերից սեփականաշնորհած և կիսաքանդ դարձած շենքը («Պլանետարիում»), որպես ազգի, պետության և հայ պետականության գերակա շահ, ժողովրդական հանգանակության միջոցով փրկագնել և վերածել Կոմիտասի պետական թանգարան-ինստիտուտի»: Արդարությունը պահանջում է նշեմ, որ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ, անսալով մեր դիմումին և Գալուստ Սահակյանի ու ԱԺ պատգամավոր, այն ժամանակ՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հորդորին, համաձայնել էր: Բայց, հիմա, ոչ միայն Պլանետարիումի 400 քմ-ն, այլև (ո՞վ կերազեր) ևս լրացուցիչ 800 քմ տարածք... Մի խոսքով, նախագահը մի հարվածով լուծեց «Գորդյան հանգույցը»: «Հայաստան» և «Փյունիկ» հիմնադրամների հանձնարարությամբ, բազմաշնորհ Արթուր Մեսչյանի թիմը՝ ճարտարապետներ Վարուժան Ավդալյան, Արթուր Կնյազյան և շինարարները՝ փորձառու Հունան Կոստանյանի ղեկավարությամբ, կերտեցին այս հրաշքը: Եվ ահա բաղձալի համալիրը պատրատ է:



Ապա Գ. Շահվերդյանը, ի հիշատակ չգերազանցված կոմիտասագետ Ալեքսանդր Իսահակի Շավերդյանի, այգեհատցիների կողմից, թանգարանին ընծայեց «Կոմիտասը վեղարով»  նկարը (կտավ, յուղաներկ, 50x60սմ, 2011թ.):



— 2011թ. Կոմիտասի հայրենադարձման 75 - ամյակի տոնակատարությունների օրերին, երբ շնորհալի գեղանկարիչ - դիմանկարիչ Անդրանիկ Սահակյանն ինձ նվիրեց այս կտավը, երազում էի. «Թանգարանը բացվեր ու տեղադրեինք այս դահլիճում»: Վստահ եմ՝ գեղանկարի ու քանդակի վարպետները կոմիտասական գլուխգործոցներ կնվիրաբերեն, բայց, ինչպես մեծն Թումանյանն է ասում. «Շատը՝ ուժից, քիչը՝ սրտից»: Նորից ունկնդրենք (ականջալուր լինենք) Ամենայն հայոց մարգարե Թումանյանին.



«Մենք փառքեր ունենք թաղված հողի տակ,



Մենք հույսեր ունենք պահված մեր երկրում...»



«Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս ...»



Ապա շինարարության ղեկավար Հունան Կոստանյանը Կոմիտասի նկարը տեղադրեց դահլիճում՝ բեմի դիմաց:



...Երիտասարդ ջութակահար Գևորգ Վարդանյանը կատարեց կոմիտասյան «Շողեր ջան», «Էլի երկինքն ամպել ա», «Կռունկ» ստեղծագործությունների՝ մենակատարման համար (առանց նվագակցության) իր մշակումները, պարտավորվեց մշակումների շարքն ամբողջացնելուց հետո նվիրել թանգարանի գրադարանին, նաև՝ «Երևան» երիտասարդական քառյակի հետ նվագել այս հոյակերտ կտուրի տակ:



Կոմիտասյան դասը վարեցին պատմաբան-արխիվագետ Սոս Մարուքյանը, արվեստագետ, դիզայներ Արթուր Թարմինյանը, երգիչ-երգահան Արսեն Համբարյանը, որը նաև երգեց Կոմիտասի էպիկական «Մոկաց Միրզեն», վերլուծաբան Նիկոլայ Շահվերդյանը: Նրանք հավաքվածների հետ զրուցեցին Կոմիտասի, նրա աճյունի հայրենադարձման, հայ մտքի, հայ կուլտուրայի, հայ արվեստի բոլոր ճյուղերի վրա ունեցած կոմիտասյան ազդեցությունների մասին: Երիտասարդներին հորդորեցին աչքի լույսի պես պահել-պահպանել մայր-հայրենին, մաշտոցատառ մայրենին և կոմիտասամշակ հայ երգը:



Այնուհետև բեմը նորից տրամադրվեց կոնսերվատորիայի սաներին: Երգիչ Արմեն Մկոյանը (բաս-բարիտոն) կատարեց «Կուժն առա», «Լոռվա գութաներգ», «Կռունկ», ասպիրանտ Արմինե Խաչատրյանի հետ՝ «Հաբրբան» կատակերգը: Արմինե Խաչատրյանն ու մագիստրատուրայում սովորող Արմինե Վարդանյանը հանդես եկան կոմիտասյան զուգերգերով: Այնուհետև Գ. Շահվերդյանը այգեհատցիների և ապագա բժիշկների կողմից խնդրեց երգիչներին, ի հիշատակ Եր. ՊԲՀ-ի նախկին ռեկտոր (1936-37թթ.), շնորհալի գեղանկարիչ, ստալինյան նախճիրից տուժած  աննկուն Արամ Շավերդյանի (մայիսի 31-ը նրա հիշատակի օրն է), կատարել «Կարոս խաչ» ասքերգը և Կոմիտասի «Ազգային օրհներգը» («Հայրապետական օրհներգ»):



Երաժիշտ-երգիչները հիացած էին համերգասրահի ակուստիկայուվ (լսելիականությամբ):



Ապագա բժիշկներն իրենց դասախոսի հետ կարդացին հատվածներ Չարենցի Կոմիտասի հիշատակին, Սևակի Անլռելի զանգակատուն, Լևոն Միրիջանյանի Երգի հովիվը պոեմներից, իսկ բանաստեղծ-քառյակագիր Լիպարիտ Սարգսյանը՝ Թումանյանին և Կոմիտասին նվիրված իր քառյակներից.



          Ինչպես կանթեղ՝ մերթ ցոլցլում, մերթ մարում էր խոր ցավից,



Սիրտն արյունոտ՝ վիրավոր լոր, մրմռում էր խոր ցավից,



Դժոխք դարձած աշխարհն աչքին անվերջ գիշեր էր թվում.



Ցնորվե՞լ էր Հանճարն, իրոք, թե՞ լռու՜մ էր խոր ցավից:



 



«Սիրեցե՛ք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք...»



Կոմիտաս Վարդապետ



...Բոլորը երջանիկ էին... Երջանիկ և հպարտ էին նաև այգեհատցի երիտասարդները, բայց նաև տրտում. «ոչ մի կերպ չեն կարողանում լուծել հայրենի գյուղի «Կոմիտաս» գողտրիկ ակումբի վերանորոգման խնդիրը (հարցը): Ճարտարապետ-շինարարները նրանց խոստացան օգնել նախագծային-նախահաշվարկային և շինարարական աշխատանքներում, ուսանողներն էլ պարտավորվեցին իրենց ընկերների հետ կազմակերպել բարեգործական համերգներ, քանդակի և նկարի ցուցահանդեսներ, նաև՝ կոչով դիմել «Հայաստան», «Փյունիկ», «Հայաստանի երիտասարդական» հիմնադրամների, «Լոռվա ձոր» հհկ-ի, հայ հասարակության աջակցությանը: Երիտասարդները պայմանավորվեցին աշնանը, համալիրի զանգակատան զանգի օծման-տեղադրման արարողության ժամանակ կազմակերպել ծառատունկ, համերգ, մատաղի արարողություն:



Անբռնազբոս, մտերմիկ մթնոլորտ էր. խոսում էինք, հիշում, երգում, նորից պատմում, հեռախոսների համարներ ու էլեկտրոնային հասցեներ փոխանակում, ծրագրում, պայմանավորվում:



Չիմացանք, թե 3.5 ժամն ինչպես անցավ...



Հրաժեշտին Գ. Շահվերդյանը վստահություն հայտնեց, որ նախագահը տրամաբանական ավարտին կհասցնի իր իսկ սկսած գործը. նվիրյալների աշխատանքային խումբ կհավաքվի, և թանգարան-ինստիտուտ-մշակութային կենտրոնը նոր շունչ  կհաղորդի կոմիտասագիտությանն ու խազագիտությանը,  կոմիտասի գործերի ժողովրդականությանը, կարարվեն նոր կոմիտասականներ...



...Բարի ճանապարհ, վարդապե՛տ, վերադա՛րձ բարի ...



 



Վահե Ալեքսանյան



Սարգիս Խոդիկյան



ԵՊԲՀ ընդհ. բժշկության



Ֆակուլտետ



 



 



 



Հ.Գ. Տոնական օրն ամպոտեց-ստվերվեց, երբ վերադարձանք Պանթեոն. երիտասարդներիս մտահոգեց փխրուն, քնքուշ, բայց արի Տերյանի շիրմաքարը, որը, ոչ միայն հարևան գիգանտներից, այլև սալահատակից էր ցածր (անձրևաջրեր, հալոցք…). հարկավոր է բանական, բարոյական լուծում: