ՀԴԿ-ն Ռոբերտ Նազարյանին հարցեր ունի

ՀԴԿ-ն  Ռոբերտ Նազարյանին հարցեր ունի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ



 



Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անխուսափելիության մասին ժողովրդին «ուրախ» լուր հայտարարելով, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պնդում է, թե` «Դատապարտված եմ…, էներգահամակարգի կայունության ապահովման խնդիր ունեմ»: Եվ նաև` «Ես չեմ կարող սոցիալական խնդիրները բերել-մեկտեղել»: Որպես փաստարկ հերթական գրպանահատության արդարացման պարոն Նազարյանը մտահոգ նշում է, թե սպասվում են էական փոփոխություններ այն գործոնների, որոնք ազդում են համակարգի ձեռնարկությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա:



 



Այ քեզ բա՜ն: Բավական չէ, որ հանձնաժողովի նախագահը, ով պարտավոր է առաջին հերթին պաշտպանել սպառողների շահերը, փաստացի ստանձնում է տնտեսական վերլուծաբանի և մասնավոր ընկերության փաստաբանի, կամ ավելի շուտ` գուշակողի դեր, դեռ մի բան էլ ավելի, հայտարարում է, թե ընկերություններում ֆինանսական ճեղքվածք է առաջացել, մեղք են սեփականատերերը, նրանց շահույթը կպակասի, եկե՛ք ժողովուրդ, օգնե՛նք, որ հանկարծ չսնանկանան:



 



Ստացվում է, որ տնտեսվարող սուբյեկտների, մեղմ ասած, ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքով էներգահամակարգի ձեռնարկություններում հիմնահարցեր են կուտակվել, և հանգուցալուծման հնարավորությունը մեկն է` սակագնի բարձրացում:



 



Պարզ բանականությունը թելադրում է այս անհեթեթ վիճակի առիթով մի քանի հարց ուղղել Ռոբերտ Նազարյանին.



1. Մեկ տարի առաջ 30% (8 դրամով) սակագնի բարձրացումը ո՞ր խնդիրների լուծմանը նպաստեց և արդյո՞ք չավելացրեց կոռուպցիոն ռիսկերը համակարգում:



2. Արդյոք հանձնաժողովի ուսումնասիրությունները կարո՞ղ են օբյեկտիվ պատկեր տրամադրել էներգահամակարգի տնտեսական քաղաքականության վերաբերյալ, երբ զարգացած երկրներում միմիայն անկախ աուդիտն է համարվում իրական վիճակի արտահայտումը:



3. Ի՞նչ չափերի են հասել էլեկտրաէներգիայի կորուստները և որո՞նք են դրանց պատճառները: Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում տարբերակված մոտեցում ցուցաբերելու և կորուստները նվազագույնի հասցնելու ուղղությամբ:



4. Հաշվարկվել է արդյոք, թե ինչպիսի՞ վնասներ կկրեն տեղական արտադրողները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք այլ երկրներում 1 կվտ/ժ. էլեկտրաէներգիայի սպառման գինը կազմում է 5-7 սենթ, իսկ մեզանում, թանկացումից հետո` 10 սենթ: Այսինքն արտահանման ենթակա ապրանքներն այլևս կկորցնեն իրենց մրցունակության աստիճանը, իսկ ներքին շուկայում կխրախուսվի ներմուծման գերակայությունը:



 



5. Արդյո՞ք ուսումնասիրվել է ծառայության որակը` 1 տարի առաջ սակագնի բարձրացումից հետո, այն դեպքում երբ պարբերաբար լինում են հոսանքի տատանումներ, ինչի պատճառով նյութական լուրջ վնասներ են հասցվում սպառողին: Մինչդեռ, էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը ստացված շահույթների դիմաց պարտավոր էր արդիական և վերազինված համակարգով սպառողին ապահովելու անխափան, անվտանգ էլեկտրաէներգիա:



6. «Չմեկտեղելով» սոցիալական խնդիրները, արդյո՞ք կառավարությունը դիտարկում է հասարակության տրամադրությունների ռադիկալիզացումը, ինչին կաթիլ առ կաթիլ նպաստում են և՛ պարտադիր կուտակայինի «չպարտադրված» գործոնի, և՛ անհիմն բարձր տուրքերի և տուգանքների, և՛ աղքատության, գործազրկության, արտագաղթի, սոցիալական արդարության սկզբունքի իսպառ բացակայության վտանգավորությունը:



Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը մեկտեղվելով հասարակության լայն զանգվածների պահանջներին, դիմում է ՀՀ կառավարությանը` անհապաղ կանխելու Հանձնաժողովի հնարավոր որոշումը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ և հետևողականորեն լուծելու սոցիալական սուր հնչեղություն ունեցող հիմնահարցերը:



Հակառակ պարագայում դժվար չէ կանխատեսել ժողովրդի ցասման ալիքի աստիճանը, ինչին անմասն չի մնա Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը:



 



Հայաստանի Դեմոկրատական կուսակցության



Հանրապետական խորհուրդ