Դժոխքի կրակներում. ջուր չկա

Դժոխքի կրակներում. ջուր չկա

Իմանամ ով ա արել, հենց ստեղ կթաղեմ: Խայտառակություն ա, 3 օր ա՝ ջուր չունենք: Իջնում եմ, շշերով ջուր եմ բերում, որ սափրվեմ». Նոր Խարբերդ թաղամասի բնակիչներն անչափ զայրացած են նրանց վրա, ովքեր 3 օր է՝ իրենց զրկել են մարդու համար կենսական նշանակություն ունեցող ամենակարեւոր բանից՝ ջրից: Չգիտեմ ինչպես անվանել դա՝ չար կատա՞կ, վրե՞ժ, թե՞ ինչ-որ մեկի հիվանդ երեւակայության արդյունք:




Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին: Ինչ-որ մեկը Խարբերդի 16-րդ փողոցի խաչմերուկի ջրամատակարարման դիտահորում հրդեհ է սարքել: Այրվել է ամբողջ պոլիէթիլենային ջրաբաշխիչ խողովակատարը: Ի դեպ, այդ խողովակը մատակարարում է Խարբերդ թաղամասի տների 50 տոկոսին: Մարդիկ եկել են, ապամոնտաժել վառված խողովակը, դրա փոխարեն տեղադրել նորը եւ հանգիստ խղճով վերադարձել տուն: Այդ դեպքի մասին երեւի չէին էլ հիշի, եթե հաջորդ օրն առավոտյան ժամը 6-ին չնկատեին նոր հրդեհը նույն վայրում: Պատահական հրդեհի վարկածը հօդս է ցնդել:
«Հրդեհը երեւի ժամը 4-ին են արել, բայց ես այն առավոտն եմ նկատել, 6-ի մոտերքն էր,-պատմում է ականատեսը, ով զանգահարել եւ տեղեկացրել էր հրդեհի մասին։- Էս փոսի մեջ մեքենայի անիվ են քցել ու վառել են, թե ո՞վ, չգիտեմ»: «Երեւանջուր» ՓԲԸ-ն տեղեկացրել է, որ 2-րդ հրդեհի ժամանակ այրվել է ողջ վերականգնված պոլիէթիլենային ջրագիծը:




Թե ինչու է ինչ-որ մեկը որոշել նման բան անել, ոչ ոք չգիտի: Երբ ժամանեցի դեպքի վայր, աշխատողներն արդեն ավարտում էին նոր խողովակի տեղադրման աշխատանքները: Նրանց շուրջ հավաքված բնակիչներից հարցնում եմ «հանցագործի» մասին, որը 3 օր, այս տապին, առանց ջրի է թողել բնակիչներին: «Քուր ջան, դաժե չեմ էլ պատկերացնում, թե ով կարա լինի: Եթե ուզենաս նկարագրես էս թաղամասը, կգրես՝ դժոխքի կրակներում կամ դժոխքի դուռը»։ Բանվորներից մեկը կողքից միջամտում է. «Երեւի մեկը, ով ջուր չունի ու ուզել ա, որ ուրիշներն էլ չունենան»։ «Գիտես ի՞նչ են ասում: Խոսում են, որ անողը Ալիեւի հորեղբոր տղան ա եղել»։ Ու բոլորով ծիծաղում են: Այդ ընթացքում ճանապարհով անցնում են երեխաներ, ովքեր իրենց հետ շշեր են տանում։ Հարցնում եմ՝ երեխեք, որտեղի՞ց եք ջուր բերում, պատասխանում են՝ ներքեւի աղբյուրից: Հազիվ 6 տարեկան երկու տղա մեծ թասեր են գրկել, որոնցով պատրաստվում են ջուր կրել:




Խարբերդի բնակիչների մեծ մասը 3 օր առանց ջրի է մնացել, եւ եթե այսօր տեղեկություն տարածվի, որ այդ խողովակները նորից հրդեհել են, անկեղծ ասած, չեմ զարմանա: Ի դեպ, խարբերդցիներն օրական ընդամենը 2 ժամ են ջրի երես տեսնում: Այդ կարճ ընթացքում հասցնում են մի կերպ տան գործերն անել, խմելու համար ջուր հավաքել եւ ջրել այգիները: Բնակիչներից մեկը տեղեկացրեց, որ իրենք շաբաթական ընդամենը մեկ օր են ոռոգման ջուր ունենում. «Մեր համայնքում ի՞նչն ա նորմալ, որ էդ անտեր ջուրը նորմալ լինի: Ընդամենը մի ավտոբուս ա աշխատում: Գնալ-գալ չի լինում, իրանց հաճույքին՝ երբ ուզեն, կգնան-կգան: Ջրերն էլ ինադու չեն տալիս, որ խանութներից ջուր առնենք»:




Եթե այսօր էլ այրեն խողովակը, ես պատրաստ եմ հավատալ այս տարբերակին, որ մարդկանց ուղղակի ջուր են վաճառում եւ դրա վրա փող աշխատում:
«Թունավորում են սաղիս իրանց էդ պոլիէթիլեն ա, ինչ ա, էդ խողովակներով: Եթե նորմալ մետաղից սարքեին, բան էլ չէր լինի»։ Սա էլ 33 համարի ավտոբուսի ուղեւորներից մեկի արտահայտությունն է՝ ուղղված «Երեւանջուր» ընկերությանը, որը, զայրացած ու հուզված, գեղարվեստական մի հայտարարություն է տարածել՝ անարգանքի սյունին գամելով չարագործներին:




Սիրան  ՀՈՒՆԱՆՅԱՆ