Մեծ Բրիտանիան սպասում է սեպտեմբերի 18-ին

Մեծ Բրիտանիան սպասում է սեպտեմբերի 18-ին

Շոտլանդիայի առանձնացումը կմեծացնի Մեծ Բրիտանիայի Եվրամիության կազմից դուրս գալու հավանականությունը: Նման կարծիք է հնչել ֆրանսիական Societe Generale բանկի վերլուծաբանների կողմից, գրում է ITAR-TASS-ը:



Ըստ ուսումնասիրության հեղինակներից մեկի կարծիքի` եթե սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում հաղթեն անկախության կողմնակիցները, դա կարող է Պահպանողական կուսակցությունում ներքին ճգնաժամ առաջացնել: Կուսակցության առաջնորդ, վարչապետ Դևիդ Քեմերոնը կարող է մեղադրվել երկրի միաբանության օգտին քարոզարշավի ձախողման մեջ:



Նշվում է, որ Շոտլանդիայի անկախությունը կարող է ունենալ նույն հետևանքը, ինչ 1980-ականներին ԽՍՀՄ-ի անկումը` Արևելյան Եվրոպայի իրադարձություններից հետո:



Վերլուծաբանների կարծիքով` Շոտլանդիայի անկախությունից հետո նախ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից, ապա Կատալոնիան` Իսպանիայի:



Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ևս մեկ անգամ Շոտլանդիայի բնակիչներին խնդրել է չխախտել Միացյալ Թագավորության միասնականությունը և տարածաշրջանի անկախության հանրաքվեի ժամանակ չքվեարկել ինքնիշխանության օգտին, տեղեկավնում է ИТАР-ТАСС-ը:



Աբերդինում Քեմերոնի այս ելույթը շատ հուզական է ստացվել: Նրա խոսքում մշտապես «ժողովուրդների ընտանիքը» և «ընդհանուր տունը» չավերելու խնդրանքներ և կոչեր են հնչել:



«Գլխով, սրտով և հոգով մենք ցանկանում ենք, որպեսզի դուք մնաք»,- ասել է նա:



«Ուրբաթ օրը մարդիկ կարող են արթանանալ բոլորովին այլ երկրում, որի առջև նոր ապագա կլինի: Մենք հստակ պետք է գիտակցենք, որ հակառակ ճանապարհ չի լինի, ինչ-որ կերպ փոխել դրությունն այլևս չի ստացվի»,- նախազգուշացրել է Քեմերոնը:



Վարչապետը նաև ընդգծել է, որ հանրաքվեն կորոշի երկրի` մի քանի տասնամյակներ անց ճակատագիրը: