Ըստ Ֆյուլեի՝ Հայաստանը շուտով կմտնի խաղի մեջ

Ըստ Ֆյուլեի՝ Հայաստանը շուտով կմտնի խաղի մեջ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 15-ին երկրի Գերագույն ռադային ներկայացրեց Եվրամիության հետ երկրի ասոցացման համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը:
Եվրամիությունը եւ Ուկրաինան ստորագրել էին Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասն այս տարվա մարտի 21-ին՝ հետաձգելով տնտեսական մասի ստորագրումը մինչեւ Ուկրաինայի նոր նախագահի ընտրությունը: Նախագահ ընտրվելուց հետո Պյոտր Պորոշենկոն հունիսի 27-ին ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը՝ ամբողջ ծավալով:



Իսկ մինչ այդ՝ սեպտեմբերի 12-ին, Բրյուսելում Ուկրաինա-Եվրամիություն-Ռուսաստան ձեւաչափով կայացած եռակողմ նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որտեղ ասվում է, որ կողմերը պայմանավորվել են ասոցացման մասին համաձայնագրի վավերացումը մեկ տարով հետաձգել ազատ առեւտրի գոտու գործելու մասով՝ մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը:
ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անհրաժեշտ է համարում պաշտոնական բանակցություններ սկսել Մաքսային միության եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի շուրջ: Նրա խոսքով՝ եկել է դրա ժամանակը:Այդ մասին հաղորդել է «Ռիա Նովոստ»-ին: 



«Եվրոպական միության քաղաքական գործիչների համար եկել է ժամանակը ոչ միայն այդ խճանկարի դրվագներն առաջարկել, ինչպես դա երեկ արվեց Բրյուսելում. թող որ դա լինի ամբողջական պատկեր: Մենք հավատում ենք եւ գիտենք, որ այն չպետք է սահմանափակվի մեզնով կամ մեր ներկայիս գործընկերներով»,- ասել է նա Կիեւում Յալթայի եվրոպական ռազմավարության 11-րդ ամենամյա հանդիպման ընթացքում:



«Ես կարծում եմ, որ այս խաղում պետք է բարձրացնել խաղադրույքները: Ինձ թվում է՝ եկել է ժամանակը Եվրամիության եւ Մաքսային միության միջեւ համագործակցության բարձր մակարդակի վրա պաշտոնական կապեր հաստատելու համար՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ: Շուտով նաեւ Հայաստանը կմտնի խաղի մեջ: Ես կարծում եմ, որ մենք պետք է սկսենք Մաքսային միության եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- հայտարարել է Ֆյուլեն: