Ո՞վ կփոխարինի Փարավոն Միրզոյանին

Ո՞վ կփոխարինի Փարավոն Միրզոյանին

Հայաստանի ազգային պատկերասրահը կարող է նոր տնօրեն ունենալ: Գործող տնօրենի՝ Փարավոն Միրզոյանի պաշտոնավարումը բավականին սկանդալային ստացվեց: Նա հայտնվեց ոչ միայն մամուլի, այլեւ ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում:



Հիշեցնենք. խոսքն այն մասին է, որ Փարավոնն առանց հայտարարագիր ներկայացնելու, այսինքն՝ մաքսնանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծել 1727 կգ նկարներ եւ քանդակներ, բայց «բռնվել» է եւ տուգանվել 50 հազար դրամով: Հիշեցնենք նաեւ, որ, ըստ որոշ հրապարակումների, Փարավոնը յուրացրել է ուրիշին պատկանող եւ պատկերասրահին ի պահ տրված գեղանկարները: Կոնկրետ 2010թ. Հայաստանի ազգային պատկերասրահից անհետացել էր 19-րդ դարի անհայտ քանդակագործի «Այծեմարդը սրինգով» քանդակը, հետո պարզվել էր, որ նույն ճակատագրին է արժանացել եւս տասն արձան: Փարավոնի անվան հետ էր կապվում նաեւ Ազգային պատկերասրահում ինչ-որ ֆիլմի նկարահանումներին հետեւած գինարբուքը, երբ բաց էին մնացել ջրի ծորակները, եւ ջուրն անարգել հոսել էր ներքեւի հարկեր՝ շարքից հանելով 5 նկար եւ 18-րդ դարի հոլանդական մեկ պահարան: Պատճառված վնասը մասնագետները գնահատում էին մի քանի միլիոն դոլար:



Չնայած այսքան աղմկալի պատմություններին՝ Փարավոնը շարունակում էր մնալ «իր բուրգի» տերուտիրականը: Թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը ինչ-ինչ պատճառներով հումորով են վերաբերվել նրա փարավոնական չարաճճիություններին: Ինչ արել՝ արել է, «մեր Ֆառիկն է»՝ մտածել են, հավանաբար՝ «արվեստի» հանդեպ սիրուց դրդված: Եվ միայն հիմա՝ կենսաթոշակային տարիքը հատելու առթիվ, իշխանությունները որոշել են նրան ուղարկել վաստակած հանգստի: 



Խոսակցություններ կան, որ Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար պայքարում է Հովիկ Հովեյանը: Չնայած հանրության հիշողության մեջ նա մնացել է որպես կարճատեւ ՕԵԿ-ական եւ ճիշտ նույնքան էլ կարճատեւ մշակույթի նախարար, ապա մի քանի օր Հայաստանի գրողների միության նախագահի թեկնածու, բայց նա բանաստեղծական գրքերի հեղինակ է եւ ներկայում էլ Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրենն է:



Ազգային պատկերասրահի աշխատակիցների շրջանում լուրջ մտահոգություն կա, թե փարավոնական փորձանքից կպրծնեն՝ կընկնեն էքսցենտրիկ քամիների բերանը: Բացի այն, որ Հովեյանը ոչ մի կապ չունի գեղանկարչության հետ եւ այդ իմաստով պրոֆեսիոնալ չէ, նրանց ավելի շատ հետաքրքրում է՝ ոստիկանությունն արդյո՞ք առգրավել է հոսանքի «մարդու» դեմ պայքարում գործադրված Հովեյանի ատրճանակը: