Երբ ես ԱԺ նախագահ էի, նման ոճ չկար

Երբ ես ԱԺ նախագահ էի, նման ոճ չկար

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նյարդերը վերջը չդիմացան: Նախ, Նիկոլ Փաշինյանի ու Փոստանջյանի՝ Լիսկայի նշանակման վերաբերյալ ակնհայտ ծաղրական հարցերը հնչեցին, հետո էլ ԲՀԿ-ական Վահան Բաբայանն ու Մարտուն Գրիգորյանը «Շրջանառության հարկի մասին» օրենքին անդրադարձան, եւ վարչապետը լրիվ հունից դուրս եկավ: «Ձեր բարեփոխումը դառնում է չարեփոխում: Եթե դա հասկանալի չէ, ժողովրդի բողոքը մեծանալու է ու հասնելու է անցանկալի հետեւանքների»,-սպառնաց Վահան Բաբայանը:
Աբրահամյանին այս «հանդուգն» տոնն ու «ուլտիմատումով հարցը» դուր չեկան. «Ձեր կեցվածքն ինձ համար անհասկանալի է: Այդ խոսալու ոճը դուք փողոցի՞ց եք բերել այս դահլիճ, երբ ես ԱԺ նախագահ էի, նման ոճ չկար: Հիմա այդ ոճը պահանջատիրական, մեզ փողոցով վախեցնելու՝ այս դահլիճում ընդունելի չէ, կարող եք տանել, որտեղ ձեզ հարմար է, այնտեղ քննարկեք»: Ապա նշեց, որ միտինգ անելով, դժգոհելով՝ հարց չեն լուծում, որ ժողովրդի մասին մտածողը ոչ թե ոչ իշխանական ուժերն են, այլ իրենք՝ իշխանությունն ու կառավարությունը, եւ եթե «Վահան Բաբայանը, ով դեռ երիտասարդ է, այսպես շարունակի, շատ բանի չի հասնի»: Ու Բաբայանին առաջարկեց «այդ կախարդական փայտիկն իրենց փոխանցել», որ էս երկիրը տանեն առաջ: Հետո էլ ավելացրեց. «Երկրորդ մարտի մե՞կ եք ուզում էս երկրում ունենաք»: Այստեղ Հովիկ Աբրահամյանի խոսքն ընդհատվեց, քանզի նիստն ավարտվեց, բայց նա անցավ տղայականին. «Ի՞նչ ես ասում կամ ի՞նչ ես արել մինչեւ հիմա, որ մի հատ էլ խոսում ես, արա, չի կարելի սուտ խոսալ»,-ասաց վարչապետն ու հեռացավ, բայց բանը սրանով չվերջացավ:



Հենց դահլիճում Վահան Բաբայանին ու Մարտուն Գրիգորյանին մոտեցավ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, եւ բավականին երկար զրույց ծավալվեց նրանց միջեւ: Զգացվում էր, որ «դաստիարակչական» աշխատանքը շարունակվում է: Այդ խոսակցությանը ներկա էին ՀՀԿ-ից Մանվել Բադեյանը, Մկրտիչ Մինասյանը, Սուքիաս Ավետիսյանը, Հովհաննես Սահակյանը, ԲՀԿ-ից էլ՝ Դավիթ Մուրադյանը, ավելի ուշ՝ Միքայել Մելքումյանը, մի քանիսն էլ եկան կանգնեցին ու կողքից ուղղակի լուռ լսում էին: Վերջում, սակայն, խոսակցությունն ավելի գործնական տիրույթ տեղափոխվեց, քանզի լսեցինք, թե ինչպես էր Գագիկ Խաչատրյանը բացատրում խնդրահարույց օրենքի էությունը:
Զրուցեցինք ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հետ, ով նշեց, որ «տղայական հարթության վրա» որեւէ խնդիր չի եղել իրենց միջեւ, եւ իրենք ընդամենը ժողովրդին հուզող հարցերն են բարձրացրել կառավարության առաջ: Հարցին, թե վարչապետի վրդովմունքը ձեր հանդեպ տեղի՞ն էր, Մ. Գրիգորյանն ասաց. «Ես չգիտեմ էդ վրդովմունքն ինչով էր պայմանավորված, կոնկրետ ես իմ հարցի հետ կապված ասեմ, որ բացարձակ ո՛չ վիրավորական տոն եմ ցուցադրել, ո՛չ էլ ոչ մի բան»։



Իսկ նիստից հետո ի՞նչ էին այդքան քննարկում: «Ո՛չ բացատրական աշխատանք տանելու խնդիր կար, ո՛չ ռազբորկայի, ընդամենը քննարկվում էր իմ ու Բաբայան Վահանի կողմից հնչեցված հարցը կառավարությանը: Նորմալ, գործնական խոսակցություն էր»,-ասաց նա: «Տղայական խոսակցություն եթե լիներ, ուրեմն տղայական խոսակցությունն էլ, բնականաբար, կունենար իր համապատասխան շարունակությունը, եթե էս պահի դրությամբ, Դուք տեսաք, նորմալ անցել է, ուրեմն նշանակում է՝ տղայական հարթության վրա չէր խոսակցությունը»,-եզրափակեց Մարտուն Գրիգորյանը: