Ավագանին նման է չարաճճի դասարանի

Ավագանին նման է չարաճճի դասարանի

Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը դժգոհ է լրագրողներից: Վերջին շրջանում նրանք լավը չեն տեսնում, կարծես նպատակ են դրել սեւացնել քաղաքապետի աշխատանքը: Օրինակ՝ գրում են, թե Վարդգես Պետրոսյան փողոցը մի քանի սանտիմետրով լայնացնելու համար քաղաքապետարանն այլանդակել է պուրակը՝ կտրելով հին ծառերը: Քաղաքապետն անձամբ էր եկել «Հրապարակի» խմբագրություն՝ ասելու, որ ընդամենը 5 ծառ է կտրվել, իսկ ճանապարհը լայնացվում է 2 մետր 80 սանտիմետրով, որպեսզի բեռնաթափի տրանսպորտային հանգույցը, փրկի փողոցը խցանումներից: Ոչ թե մի քանի սանտիմետրով: Բայց ամենաշատը քաղաքապետին զայրացրել է ավագանու հետ կապված վերջին սկանդալի լուսաբանումը մամուլում: Արմեն Անտոնյանն ավագանուն առաջարկում էր որոշում կայացնել 1300 քմ մակերեսով մի հողատարածք աճուրդի հանելու մասին, որտեղ ծրագրված է մեծ գազալցակայանի կառուցում: Ըստ մամուլում տարածված լուրերի, այն պատկանելու է նախագահի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին, եւ քաղաքապետը պետք է ամեն գնով անցկացներ այս որոշումը, ինչը նրան չհաջողվեց: Անգամ երկար համոզելուց հետո ավագանու անդամները դեմ են քվեարկել քաղաքապետի որոշմանը: Մեր տեղեկություններով, ավագանու այն անդամները, որոնք ունեն խանութներ, նույնիսկ ենթարկվել են ճնշումների, որպեսզի, մտածելով իրենց փոքր բիզնեսի հեռանկարի մասին, կողմ քվեարկեն օտարման որոշմանը: Մեզ հետ զրույցում քաղաքապետ Արմեն Անտոնյանը ժխտեց այս տեղեկությունը: «Ավագանու 15 անդամ կա: 15-ից եթե մեկը կասի, որ ես երբեւէ որեւէ ճնշում եմ գործադրել, ես պատրաստ եմ հենց այսօր հրաժարական տալ»:



- Դուք չէ, գուցե մարզպե՞տն է գործադրել:



- Ես ուրիշի տեղը չեմ կարող պատասխանել:



- Դուք 1300 քմ տարածքի օտարման հարցը կրկին փորձե՞լ եք քննարկել եւ քվեարկության դնել:



- Այո, երկրորդ անգամ՝ մի 20 օր առաջ էր, վերջին նիստին դրեցի քննարկման, բայց քվորում չկար:



- Մամուլը խոսում է, թե այդ գազալցակայանը պատկանելու է Սերժի Վաչոյին: Ի՞նչ կասեք այս մասին:



- Ես չգիտեմ, ես որեւէ բան չեմ կարող ասել: Նախ, ո՞վ է ասում, որ գազալցակայան է կառուցվելու: Սա՝ մեկ: Երկրորդն էլ՝ այս խնդիրը ես համարում եմ փակված: Ես այսօր քաղաքապետ եմ, անկուսակցական, եւ ինձ համար շատ դժվար է աշխատելը: Մոտ մի կամ մեկուկես տարի առաջ ավագանին չարաճճի դասարան էր հիշեցնում, կհիշեք երեւի. չարաճճի դասարաններ են լինում, որ դրսում պայմանավորվում են, որ դասատուն ում հարցնի, ոչ ոք դաս չպիտի պատասխանի: Այն ժամանակ նիստերից մեկին 10-15 հարց կար, եւ օրենքով պահանջվում էր, որ օրակարգը հաստատեն, բայց ավագանին օրակարգ չէր հաստատում: Եվ ամբողջ հանրապետության թերթերով գրվում էր, որ ավագանին նիստը «պռավալ» տվեց: Այն ժամանակ, օրենքով սահմանված 7 օրը պահելով, նույն հարցերը դրեցի, եւ դրանք անցան:



- Աշտարակում միշտ մեծ ծավալի արտագաղթ է եղել: Ի՞նչ տենդենց կա կամ փոփոխություն, ավելի շա՞տ են գնում, թե՞ ավելի քիչ:



- Ես թվերի չեմ տիրապետում: Որովհետեւ եթե տան տղամարդը գարնանը գնացել է, իսկ աշնանը վերադառնալու է տուն, չեմ կարող ասել, որ սա արտագաղթ է:



- Բայց փողոցներ կան՝ բոլոր տները փակ են:



- Ես չէի համաձայնի: Բոլոր ժամանակներում էլ աշխատանքային միգրանտներ եղել են: Կոմունիստների ժամանակ էլ էին գնում Ռուսաստան աշխատելու: Որ կա արտագաղթ, չենք կարող ժխտել, բայց որ վերջին տարիներին ավելացել է, ես չեմ կարող ասել, մարդիկ կարող է վերադառնում են: Երեկ Աշտարակում էին Պսկով քաղաքի ադմինիստրացիայից մարդիկ, քաղաքի ղեկավարը: Եկել էին Էրեբունու տոնակատարությանը մասնակցելու: Աշտարակ էլ եկան: Նրանց ընդունեցի: Ասեցին, որ մեծ ծավալի շինարարություն ունեն, եւ քանի որ հայերն այդ գործի մասնագետ են, եթե կարող ենք, օգտակար լինենք այդ հարցում՝ մարդիկ գնան, օրենքով ձեւակերպվեն, չեն խաբվի, օրինական, նորմալ, եթե ստացվի, կշարունակեն աշխատել, ոչ՝ հետ կգան: Ժամանակավոր աշխատանք է, ես սա վատ բան չեմ համարում:



- Հիմա ինչ-որ կարեւոր բաներ կառուցվո՞ւմ են քաղաքում:



- Չէի ասի, որ շատ ակտիվ շինարարություն է կատարվում: Անցյալ տարի եւ այս տարի ես երկու խաղադաշտեր եմ հիմնանորոգել եւ փոքրիկ երկու խաղահրապարակներ երեխաների համար: Մեծ բան չի, բայց սա էլ է դժվար մեր «յոլա գնալու» բյուջեի պայմաններում: 12 թվականի բյուջեն եղել է 114 մլն, 14 թվականին, երկու տարվա ընթացքում, դարձել է 164 մլն: Գտնում եմ, որ ոչ միայն կկատարենք, այլեւ կգերակատարենք այս թվերը: Նախորդ տարիների հավաքած պարտքերն են այդ «գերակատարելը», բայց այս 164 մլն-ն էլ քիչ է, մի 500 մլն պետք է լինի, որ քաղաքի համար մի բան կարողանանք անել: 5 մանկապարտեզ ենք պահում: Սա քիչ չի: Եթե առաջ ձմեռը 2- 3 ամիս փակվում էին դրանք, հիմա հասել ենք նրան, որ էլ չեն փակվում:



- Ձեր եւ մարզպետի հարաբերությունները լարված են, դա բոլորը գիտեն: Ո՞նց եք աշխատում այդ պայմաններում:



- Ճիշտ չգիտեն: Ես եւ մարզպետն այսօր ունենք խիստ բարեկամական, լավ հարաբերություններ: Աշխատանքային վեճ, խնդիր ունեցել ենք, բայց մարդկային առումով հարաբերությունները լավ են: