Լյուկի սերը

Լյուկի սերը

Լյուկն անակնկալ մտավ մեր մեջ՝ աշխարհով մեկ թափառող խատուտիկի հրճվանքը մութ դեմքի վրա փողփողելով: Ու քանի որ Լյուկն անհրավեր էր բացվել փողոցում ու քանի որ ոչ մի բանով չէր առանձնանում՝ ոչ մի բնական ու անբնական առանձնահատկություն չուներ, բոլորն անտարբեր էին վերաբերվում նրա հայտնությանը: Նրա տեղը Բանջարանոցին ցիվիլ աշխարհի հետ կապող միակ ու վերջնական կամրջի վրա էր: Կամրջի մայթերով քայլողները Լյուկին նայելիս ուղղակի բաց աչք էին տեսնում կամ բիբ, խոշոր բիբ՝ կանգնած խավարով, որի մեջ երբեք լույսի երանգ չի ծփում: Անցնող-դարձողները Լյուկի բիբին իրենց հայացքները չէին արժանացնում ու հայացքներն արժանի չէին համարում նրա բռնած ձեւին: Վասնզի Լյուկը, էկած-չեկած, իր ուզած ձեւն էր բռնել ու հավատում էր բռնած ձեւին:



Եվ Լյուկին սկսեցին խանդել, որովհետեւ նա առաջինն էր, որ ոչ մի բանով աչքի չընկնելով ու աչքի ընկնելու համար ոչ մի բան չձեռնարկելով, տարբերվեց բոլորից: Անցնող օրերի մեջ Լյուկը միակն էր, որ մենակ էր, իսկ մենակ մնալը բոլորի թաքուն երազանքն էր: Ու նրա աննկատ լինելիությունը մյուսների համար անհարմարություն դարձավ: Տղերքն առիթ էին ման գալիս, որ տփեին Լյուկին, ու մի օր գիշերով հարմար առիթն ընձեռվեց:
Ասին՝ Թուզն իր նոր Մերսով ընկել ա Լյուկը:



Էդ ժամանակ մենք մեծ վայելքով գետնախնձոր էինք լափում, բայց դե՝ դեպքը լուրջ էր, թողեցինք, վազեցինք կամուրջ: Ով կար-չկար, եկել-լցվել էին, կամուրջը երկու կողմից փակված էր: Թզի մեքենան քթով մտել էր Լյուկի բիբի մեջ: Բիբի շուրջբոլորը պսպղում էին Մերսի փշրված լույսերի բեկորները: Լյուկն ասես հրավառությամբ թարախավարի շնորհավորել էր նրա նոր մեքենան: Տարածքը գրաված պետավտոտեսուչներն ասեցին՝ հետ քաշվեք, դեպքի վայրն ենք չափում: Թուզը նստել էր մայթին, անդադար քրֆում էր: Քթից ու բերանից արյուն էր հոսում: Վախվորած բուժքույրը յոդային բամբակով փորձում էր վերքը խնամել:



- Վախ, սատկում եմ,- գոռում էր Թուզը, երբ բուժքրոջ բամբակը մեղմորեն դիպչում էր նրա վերքին ու արագությամբ հետ քաշվում:



- Արա, էս ո՞վ էր,- գժված նայելով Լյուկին՝ աղի արցունքներ էր թափում Թուզը:



Տղերքից մեկը տուփից սիգարետ հանեց, դրեց Թզի ատամների արանքը, կպցրեց:



- Ծխել չի կարելի,- ասաց բուժքույրը, - հնարավոր է՝ ուղեղի ցնցում եք ստացել:



Թուզը էդ ուղեղի ցնցումը, որ լսեց, ավելի ուժեղ ողբաց:



- Վախ, մորս արեւ, էս ի՞նչ ասիր, մորքուր, ո՞նց՝ ուղեղի ցնցում:



Տղերքից մեկը բոթեց Թզի ուսը:



- Լացուկոծդ թարգի, այ ախպեր, մեքենադ Սլավը 3 օրում կսարքի, կտա ձեռդ, շատ բան չի եղել:



Էս խոսքերը մի փոքր հանգստացրին նրան: Ձենը կտրեց: Երեւի հիշեց, որ մեր փողոցն ամենաթույն խադավիկների ոստանն ա, մանավանդ Սլավը, որ դաժե բոլտի վրա կարար մի հատ նոր, ծիծիկ մաշնա հավքեր:



Աչքներիս առաջ Թուզը վերածնվեց՝ դեմքին անհասկանալի ապուշ ժպիտ իջավ: Բերանը լայն բացված մնաց: Վամպիրի նման հանկարծ երկու ժանիքները պսպղացին: Մենակ սիգարետի ծուխ էր փստացնում: Վախեցանք, մտածեցինք իրոք վատ ա, բուժքրոջը խնդրեցինք, որ եթե հնարավոր ա, ավելի լավ նայի տղուն, քիթն ու բերանն ավելի լավ յոդի:
Երբ մեքենան հանեցին քարշակին, որ տանեն Սլավի «Դրախտ», Թուզը կատաղած հարձակվեց Լյուկի վրա: Գլուխը կոխել էր մութ բացվածքի մեջ ու ամենավերջին հայհոյանքներն էր շաղում, թքում էր, սպառնում, անկանոն թափահարում ձեռքերը: Լյուկն աչք չէր թարթում, քֆուրներին չէր պատասխանում, ուղղակի, ոնց կար, նույն հայացքով ու դիրքով լռված էր: Հաջորդ օրն ու դրան հաջորդող մյուս օրերին Լյուկի մեջ ինչ ասես լցնում էին, ու էդ առարկաներն ամեն օր փոխվում էին՝ ծառի քոթուկ, կաստիլ, պագրիշկա, տան հին դուռ, նույնիսկ փնջով ծաղիկ: Հետո եսիմ որտեղից կիսափտած սառնարան գտան, բերին, դեմն արգելափակեցին: Բայց սառնարանն էլ հազիվ մի երկու օր քաշեց: Առավոտ շուտ Լյուկին նախկին բիբով էինք տեսնում՝ նույն ԱՆ-առանձնահատկությամբ, տեսքը՝ բացարձակ: Գլուխ չէինք հանում: Լյուկը, ամենօրյա վիրավորանքներն ու ստորացումները գրկաբաց ընդունելով, ազատագրվում էր, նորերն ստանում: Փողոցում Լյուկը միակն էր, որ անկախ ամեն ինչից՝ իր կյանքով էր ապրում ու սիրում էր էդ կյանքը: Դրանից բոլորն ավելի էին կատաղում, որովհետեւ, էլի եմ ասում, Լյուկի ապրած կյանքը բոլորի թաքուն երազանքն էր, բայց մեր ու Լյուկի տարբերությունն էն էր, որ Լյուկը երբեք թաքուն չէր երազում, որովհետեւ Լյուկը միշտ բաց էր:



Լյուկը լցվում էր, դատարկվում: Մեր փողոցի մեքենաները նրան արդեն լավ էին ճանաչում ու նույնիսկ ամենամութ գիշերները փակ աչքերով էին շրջանցում, իսկ անծանոթ մեքենաները ստիպված էին հաշվի նստել հետը: Ոչ մի անծանոթ մեքենա Լյուկի կողքով անվնաս չէր անցնում: Ասես անհասկանալի մի վրեժ ուներ սրտում: Մեկը մյուսի ետեւից վնասում էր, ջարդում+ավերում+փշրում էր, քառատում: 



Լյուկն իսկական դահիճ էր դարձել: Նա վախ էր, որ չէր սահմանվում:



Լյուկի վերջին արարն օգոստոս ամսին եղավ:



Բանջարանոցում գժերի ընտանիք կար: Հերը՝ Բոբը, գիժ էր, մերը՝ Նելլին, գիժ, երեք երեխաները՝ Հոսոն, Գեղամը ու Սյուզիկոն, գժեր: Բայց ոչ ոք չգիտեր, թե ինչի էին գիժ, թեեւ համոզված էին, որ գիժ են: Աղքատ էին ապրում: Ամառ-ձմեռ նրանց բնակարանն առանց պատուհանների էր: Ովքեր ներսում եղել էին, ահավոր բաներ էին պատմում: Որ բնակարանը մանրահատակ չունի, գույն չունի, սեղան, աթոռ, մահճակալ չունի: Մեծ տղեն՝ Գեղամը, ինչ կա-չկա, ջարդել ա, կեսն էլ ծախել-խմել: Բայց պատմում էին, որ բացի Գեղամից, Հոսոն էլ ջարդելու հետ սեր ունի, ու նույնիսկ ամենափոքրը՝ Սյուզիկոն ա ջարդում:



Օգոստոսյան շոգ օրը, իրիկվա կողմերը անհավանական լուր պտտվեց, թե Բոբի ընտանիքը թողել ա էդ սարսափելի բնակարանը, մտել Լյուկի մեջ ու ներսից երկաթե քառակուսի զոդելով՝ փակել:



«Ներսիցը» լավ չէինք հասկացել, բայց ժամանակ չկար, վազեցինք դեպի կամուրջ: Մարդիկ շուրջկալել էին Լյուկը: Իրարանցում էր:



Մեկը պառկեց, ականջը սեղմեց Լյուկի նորածին կափարիչին.



-Բոբ



-Նելլի



-Գեղամ



-Հոսո



-Սյուզիկո



Ներսից լսվեց, հոր՝ Բոբի խուլ ձայնը:



-Ի՞նչ եք ուզում, հիմի մենք ստեղ ենք ապրելու, թողեք ռադ էղեք:



-Լրիվ գժվել են, - ասաց մեր ընկերոջ Մեծ քուրը, որ էրեխուն էր հանել ման տալու: Բոլորը նայեցին մեր ընկերոջ Մեծ քրոջն ու նրա էրեխուն, որին ման տալու էր հանել:



Գնացին չագուչի ետևից: Երբ տեղ հասցրին, մի հատ եզոտ գյադա առաջ էկավ, վերնաշապիկի թևքերը քշտեց ու չագուչը ձեռն առավ: Բոլորս մի կողմ փախանք: Սրա առաջին հարվածից շիթով կայծեր թռան:



-Վայ քու մերը ,- Լյուկից լսվեց՝ Բոբի ձենը:



Չագուչով գյադեն, որ քֆուրը լսեց, խելքը լրիվ թռավ: Չագուչը մինչև երկինք հանեց ու իջեցրեց անհավանական ուժգնությամբ: Նորից ու նորից: Գլուխը ձմերուկի նման ուռել էր, շալվարը ոռից հազիվ էր բռնվել: Վերջին հարվածի հետ չագուչի պոչը կոտրվեց:
էս գյադեն, մի քանի վայրկյան մանթռաշ կանգնեց, հետո ասեց.



-Սպասեք, գնամ չուլանից կվալդը բերեմ:



Ասեց ու գլուխը կախ գցած գնաց:



«Էս ով ա այ ախպեր»: Սաղ իրար էդ հարցը տվեցին: Բայց էս եզին ոչ ոք չէր ճանաչում, ոնց որ Այլ Մոլորակից եկած լիներ, երևի նոր էր փողոց տեղափոխվել, անունն էլ չգիտեինք: Հանկարծ սիրենաների սուր ազդանշաններ լսվեցին: Ինչպես միշտ մեկը ոստիկանություն էր ծակվել: Էլի ու էլի մի կողմ քաշվեցինք:



Ոստիկանները երկար բանակցեցին Բոբի հետ: Համոզում էին, որ Ներսից Լյուկը բացի, նպաստներ էին խոստանում, խոստանում էին, որ միջոցներ կձեռնարկեն բնակարանը կվերանորոգեն, ներսում ապրելու բարվոք պայմաններ կստեղծեն:



Բոբն ասեց՝ խաբում եք: Ասեց՝ միշտ նույն բանն եք ասում՝ ու որ միշտ նույն բանն եք ասում ես էլ կերգեմ: Ու Բոբը սկսեց երգել: Համարյա բան չէր հասկացվում ինչ ա երգում, բայց կարևորը Լյուկի մեջ տարուբերվող մեղեդին էր, որ վերջնականապես հոգնեցրեց ոստիկաններին:



-Բերեցի կվալդը:



Էս գյադեն, կվալդը ուսին դրած նորից ցցվեց Լյուկի դիմաց ու լրջագույն, մանրակրկիտ խնամքով վերստին սկսեց քշտել վերնաշապիկի թևքերը:
Ոստիկանը նայեց նրան, ասեց.



-Դու ո՞վ ես:



Էս գյադեն ոստիկանին թարս նայելով ասեց.



-Ե՛Ս



Ոստիկանը, ոտից գլուխ չափեց, ասեց.



-Ոռդ շատ մեծ ա, զգույշ եղի, խանգարում ես:



Մենք ասինք վերջ, հեսա կվալդով իջնելու ա ոստիկանի գլխին, բայց էս գյադեն տխուրի մեջ ձեռը թափ տվեց, կվալդը դրեց ուսին ու քոռուփոշման հեռացավ: Էլի շշուկներ լսվեցին «Էս ով ա այ ախպեր»: Ոստիկանները հասկացան, որ խոսելով բան դուր չի գա, իսկ մութը գնալով ավելի էր խտանում, կուրացնում Լյուկի շրջակայքը: Որոշեցին զոդող բերել: Երկար սպասելու կարիք չեղավ, փողոցում բոլորն էլ զոդել գիտեին:



Գործիք նախապատրաստելուց հետո, մի անանուն զոդող սաղավարտը դեմքին քաշեց, չոքեց Լյուկի վրա ու գոռաց.



-Էրկաթին չկպնես, Բո՛բ.



Մի քանի առկայծումներ ու վերջ՝ Լյուկը բացվեց: Առաջինը՝ հոր՝ Բոբի գլուխը երևաց: Դուրս գալուն պես սկսեց ձեռքով բարևել հարևաններին, հետո մեծ տղեն՝ Գեղամը դուրս եկավ, հետո՝ մերը՝ Նելլին, հետո փոքր տղեն՝ Հոսոն: Սյուզիկոն՝ դուրս չեկավ: Սպասեցինք՝ Դուրս չեկավ: Դուրս չեկավ: Դուրս չ ե կ ա վ:



-Ու՞ր մնաց Սյուզիկոն:



Ընտանիքի անդամները լռում էին: Ոստիկաններից մեկը մտավ Լյուկի մեջ, որոշ ժամանակ անց՝ Դուրս եկավ:



-Էստեղ մարդ չկա:



-Բոբ, աղջիկդ ու՞ր ա:



Բոբը լուռ էր:



-Լավ, հաստատ աղջիկը ձեր հետ չի եղել, Լյուկն էլ կախարդական չի, չէ՞:



-Չէ,- տխուր ասաց Բոբը:




Երթևեկությունը վերականգնվեց: Բոբի ընտանիքին ուղեկցեցին բնակարարան: Մենք սկսեցինք Սյուզիկոյին փնտրել: Փողոցները տակն ու վրա արեցինք՝ չկար: Մարդկանց էինք հարցուփորձ անում՝ աղջկան չէին նկատել: Մտածեցինք ինչ-որ տեղ խաղում ա ու չի հիշում, որ մութն ընկել ա:



Տուն մտնելուց առաջ, ասեցի մի հատ էլ նայեմ կամուրջի կողմերը: Խաչմերուկը, երբ անցա, տեսա կամուրջի սկիզբը, որ ողողված էր արհեստական ուժեղ լուսավորությամբ: Վրայով անցնում-դառնում էին երկու ասֆալտ ծեփող մեքենան: Մոտեցա նարնջագույն շապիկներով շինարարներին, հարցրեցի Սյուզիկոյին տեսել եք: Չհասկացան, պատմության մասին չգիտեին, ուղղակի իրենց հանձնարարել էին արագ ասֆալտել կամուրջը, փակել Լյուկն ու հեռանալ:



Հաջող արեցի, դանդաղ քայլերով հեռացա: Լյուկը էլ չէր երևում, բիբը լցվել էր, փակվել ասֆալտի անթափանց շերտով: Նրա տեղում ձկան թեփուկների պես շողշողում էին սև մանրահատիկները: Էլ չէի ուզում, որ Սյուզիկոն գտնվի: