Կարա-Դարվիշ․ ՈՎ ԵՄ ԵՍ

Կարա-Դարվիշ․ ՈՎ ԵՄ ԵՍ

ԱՆ-շարժությունների մեջ տվայտվող հայ գրականության կեցությունը ժամանակ առ ժամանակ ինքն իրեն է դուրս բերում ծովի մակերեւույթ եւ քարացած արյունը կենդանացնող դերվիշությունը ինքն իրեն վերհիշելու համար է ցուցանում:



Եվ ահա, 20-րդ դարասկզբի հայ ֆուտուրիստ-գրող Կարա-Դարվիշի բացիկ-պոեմներն ասես ուղերձներ լինեն՝ գրականության այս անհետացող կրակի ու եռքի:



Ներկայացնում եմ դրանցից մեկը.



                                      ՈՎ ԵՄ ԵՍ



Ես ցնորամիտ երազկոտ եմ - աստղերն եւ լուսինն են իմ երազը:



Ես հաստատուն երկրացի եմ - հողն ու բնությունն են իմ արմատը:



Ես արթուն պահապան եմ - ամեն արժեքների աչալուրջ հսկողն եմ:



Ես համաշխարհային քաղաքացի եմ - աշխարհն է իմ հայրենիքը:



Ես մարդ եմ, եւ մարդն է իմ ընկերը - ազգակիցը:



Ես սատրապ - բռնակալ եմ - բոլոր կեղծավորների, փարիսեցիների դահիճն եմ:



Ես ստրուկ եմ, գառ եմ, աղավնի ու մանուկ - բոլոր արդարամիտների, ճշմարտախոսների ղուլն եմ, կամակատարն եմ:



Ես գոռոզ ու հպարտ Ասքանազյանն եմ - առաջին հայն եմ, որ սիրում է հայ ազգը, ինչպես քառասուն հազար քաջարի եղբայրներ:



Ես բոլշեւիկ եմ - մինչեւ մազերիս ծայրը դեմոկրատ եմ, սոցիալիստ եմ:



Ես անարխիստ եմ - մահ, որոտ եւ կայծակ եմ բոլոր քարացումների համար:



Ես մաքսիմալիստ եմ - արմատից եմ պոկում, հանում,- որ փթած է. հնացած է, մաշված է:



Ես ֆուտուրիստ եմ - հպարտ ու գոռոզ կուռքերը փշրողն եմ, հաստատուն պատվանդանները գլորողը, նվիրական արձանները ջարդողը - վանդալը:



Ես խելառ սիրահար եմ - բոցավառ համբույրներ եմ դրոշմում գեղեցկուհու կրծքին եւ կատաղի թեւերով սեղմում բուռն, փոթորկոտ եւ տարփալից գրկումս:



Ես ամեն ինչ եմ եւ ոչինչ եմ:



Ես Կարա-Դարվիշն եմ:



hունվ. 4, 1918   Կարա-Դարվիշ



շարունակելի