Անավարտ հոկտեմբերի 27

Անավարտ հոկտեմբերի 27

«Դատավճիռ



Ահաբեկչությունն իրականացրած ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ: Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման»:



«Հիշատակ



2000 թվականի փետրվարին, նվիրված հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին, ՀՀ փոստային նամականիշներ եւ ծրար են թողարկել: Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնելու համար 2009 թվականին ՀՀ Ազգային ժողովի շենքի բակում տեղադրվել է Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» (1953) քանդակը»:



Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում «Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություն» հոդվածի մեջ ահա այսպիսի բաժիններ կան. «Բուն գործողությունը», «Կատարողները», «Զոհերը», «Դատավճիռ», «Հիշատակ», «Ռուսական հետք»:
Իսկ «Կազմակերպիչներ», «Պատճառներ», «Օժանդակողներ», «Նախագահ Քոչարյանի` ահաբեկիչների հետ բանակցության մանրամասներ», «Այլ հանգամանքներ»… թերեւս այսպիսի բաժինների համար շատ բան պիտի փոխվի… նախեւառաջ` իշխանությունը, որը գործը ԲԱՑԱ-հայտելու բացարձակ որեւէ լուրջ հետաքրքրվածություն, հետեւողականություն չի ցուցաբերում: Ընդհակառակը` ամեն կերպ մեռցնում ու անտեսում է այն:



Տարիների մեջ հոկտեմբերի 27-ի դեպքերի հիշատակումը, արձագանքներն ավելի ու ավելի կհեռանան, կմնան պատմության դասագրքերի էջերում, եւ ոչ ոք չի կարող ասել, թե դասագրքերում այդ օրն ինչպես կներկայացվի, ինչպես կընկալվի աշակերտների, ուսանողների կողմից: Եվ մոռացության այդ անխուսափելի ներգործությունն արդեն իսկ տեսանելի է: Իսկ մոռացությունն առաջին հերթին հպանցիկության է դիմում: Հեռուստատեսությամբ դեպքերի մասին հպանցիկ արձագանքներ, լրատվական դաշտում` հպանցիկ պատկերումներ: Փաստորեն, մնում են սոցիալական կայքեր, որտեղ դեռ հնարավոր է հանդիպել տարբեր օգտատերերի երկար վերլուծական գրառումներ… նաեւ մարդկանց մեկնաբանություններ, ովքեր ականատես-վկաներ են եղել… 



Եվ այս հպանցիկության մուտքը գործադրվեց ուղղակի դիտավորությամբ: Տարիների մեջ իշխանությունը, արդարադատություն իրականացնող նրա մարմինները անկախության շրջանի ամենաողբերգական եղելություններից մեկը մաշեցրին, քայքայեցին, տարրալուծեցին իրենց անտարբերությամբ, երեսշրջությամբ, լռությամբ, դրա կարեւորությունը գիտակցաբար նվազեցնելով:



Եվ աշխատեց՝ մարդկանց վերաբերմունքը փոփոխություններ կրեց. ակտիվության տկարություն է… Գործը բացահայտելու, պետականության վրա ձեռք բարձրացնող-կազմակերպիչներին ջրի երես հանելու ու ատյանի առաջ կանգնեցնելու պահանջմունքի թելը բարակեց, բարակեց եւ կտրվեց: