Ստամբուլ․ Դինքի հետ և առանց նրա՝ «Ակօս»

Ստամբուլ․ Դինքի հետ և առանց նրա՝ «Ակօս»

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Եվրամիության աջակցությամբ կազմակերպված «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում հայ եւ թուրք լրագրողների առաջին հանդիպումը Ստամբուլում էր ու նաեւ` ոչ պատահական:



*** 



77 մլն բնակչություն ունեցող Թուրքիայի այսօրվա քաղաքակիրթ, մտավորական հատվածը կենտրոնացած է հենց Ստամբուլում, որն իր մեծությամբ Թուրքիայի առաջին ամենամեծ քաղաքն է: Այստեղ են կենտրոնացած նաեւ բոլոր թուրքական լրատվամիջոցները՝ տպագիր մամուլից սկսած մինչեւ ռադիո, հեռուստատեսություններ: Ինչպես թուրք գործընկերներս ասացին, դա բացատրվում է Ստամբուլի ոչ միայն մշակութային, այլ նաեւ տնտեսական կենտրոն լինելու հանգամանքով: Ստամբուլում է գտնվում նաեւ 1996թ.-ից հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթը: Խմբագրության շենքի մուտքի առաջ՝ սալահատակի հուշաքարին կարդում ենք Հրանտ Դինքի սպանության տարեթիվը, ամսաթիվն ու ժամը: Անմիջապես հիշում եմ 2 տարի առաջ Ստամբուլում թուրք ռեժիսորներից մեկի խոսքերը, ով ինձ ասաց. «Հրանտ Դինքի սպանությունն արթնացրեց մեզ»: Ու երեւի պատահական չէր, որ Ստամբուլում Հրանտ Դինքի սպանությունից հետո մի քանի տասնյակ հազար ստորագրություն հավաքվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գրությամբ: Բարձրանում ենք «Ակօսի» խմբագրություն, մեզ դիմավորում է «Ակօսի» հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ով հայկական հյուրասիրության եւ թուրքական կենցաղավարության համաձայն՝ բոլորիս թեյ է հյուրասիրում, որից հետո անցնում ենք անկաշկանդ զրույցի: Առաջին հարցն ուղղակի եւ անուղղակի ընդգծում է Հրանտ Դինքի բացակա ներկայությունն «Ակօսում»: Բագրատ Էստուկյանը նշում է՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո թերթի տպաքանակը միանգամից քառապատիկ աճում է՝ մինչեւ 25 հազար օրինակ, դրանից հետո նվազում է, բայց էլի մնում է առաջին տարիների թվաքանակին գերազանցելով. «Շատ մարդիկ «Ակօսը» նույնիսկ լսած չէին Հրանտ Դինքի սպանութենեն առաջ: Դինքի սպանութենեն թերթն ավելի տեսանելի դարձավ»: Դինքի շունչը, նրա պատկերով պաստառները, նկարները, գրություններն ամենուր են՝ լրագրողների սեղաններին, համակարգիչների էկրաններին, «Ակօսի» շեմն անցնելով՝ կարծես այդ ամենի մի մասն ես դառնում: Մտնում ենք Դինքի աշխատասենյակը, որը կարծես փոքրիկ թանգարան-սրբատեղի լինի, սեղանին դրված գրքերին, պատերից կախված նկարներին ու առարկաներին նայելով՝ ավելի մոտիկից ես զգում ու հաղորդակցվում Հրանտ Դինքի աշխարհին:



***



Դինքի սպանությունից հետո շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է Ռոբեր Քոփթաշը: Այսօր 5 հազար տպաքանակ ունեցող 24 էջանոց թերթը պատրաստում է 25 հոգանոց աշխատակազմը, ի դեպ, թերթում աշխատող լրագրողների մեծ մասը թուրքեր են, որոնք, Էստուկյանի դիտարկմամբ, նույնիսկ ավելի ուշադիր եւ «զգայուն են» հայկական հարցի եւ հայկական թեմաների նկատմամբ: Թերթի 20 էջը թուրքերեն է, 4 էջը՝ հայերեն: Տարածվում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների մի շարք քաղաքներում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ Էստուկյանի, գիտակցաբար թե անգիտակցաբար, «Ակօսը» չարտոնեցին, որ Հայաստան մտնի: 



«Ակօսից» բացի, Ստամբուլում տպվում են նաեւ «Մարմարա» եւ «Ժամանակ» թերթերը, որոնց տպաքանակը, ընդհանուր վերցրած, չի գերազանցում հազարը: Էստուկյանի դիտարկմամբ, պատճառը մեկն է՝ քաղաքի մեջ հայախոս հայերի թիվը նվազել է: «Հայախոսությունը լուրջ նահանջ ապրած է, այսօր պոլսահայերին կեսեն ավելին արդեն հայախոս չեն»,-ասում է նա ու շեշտում, որ «Ակօսի» տարբերությունը մյուս հայկական թերթերից միայն լեզվական տարբերությունը չէ, այլեւ քաղաքական դիմագիծը, որով տարբերվում են. «Մեր մյուս թերթերն ավելի շատ երկրի ճնշիչ պայմաններուն համակերպվելով քաղաքականութենեն հեռու մնացած թերթեր են, ավելի շատ իրենց լրագրությունը կենտրոնացած են եկեղեցական եւ ներհամայնքային անցուդարձերու վրա, իսկ երկրի քաղաքական անցքերն ընդհանրապես տեղական մամուլեն քաղելով է, որ կպատրաստեն: Իսկ «Ակօսը», բացի երկրի քաղաքական անցուդարձերեն, անշուշտ, կանդրադառնա նաեւ ներհամայնքային կամ եկեղեցական նյութերու էլ, բայց, անշուշտ, շատ ավելի սահմանափակ ձեւով: Եթե այսօրվա մեր խնդիրներու մասին նյութ կա, դա կկարդաք մեր թերթի մեջ, բայց մյուսների մեջ՝ ոչ: Մենք ավելի շատ քաղաքական կեցվածք ունինք, դա ավելի շատ ընդդիմադիր կեցվածք է երկրի իշխանություններին դեմ: Արհամարհվածին, անտեսվածին կողքին կենալու սովորույթ մը կտիրե «Ակօսին» մեջ»:



***
Թերթում այնքան գովազդ չկա, որքան ծանուցումներ, մահազդներ: «Ակօսն» ունի նաեւ էլեկտրոնային տարբերակ, որտեղ որոշ հրապարակումներ ունենում են մինչեւ 60-70 հազար դիտում: Հայոց ցեղասպանության թեման ամենաշատ քննարկված թեման է թերթում՝ իր հիմնադրման օրվանից: «Ինչը մեր քաղաքի ավանդական հայ մամուլն ընդհանրապես կխուսափի այդ նյութեն, ադիկա քիչ մը փշոտ դաշտ մընե իրենց համար»,-ընդգծում է Էստուկյանը, ապա պատմում, որ, օրինակ, թուրք ռեժիսոր Ֆաթիհ Ակինի Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմի մասին, որի պրեմիերան տեղի ունեցավ Վենետիկի միջազգային կինոփառատոնի ժամանակ, առաջինը գրել է «Ակօս» շաբաթաթերթը:
Ի պատասխան հայ լրագրողների հարցին, Էստուկյանը նշում է, որ թուրքական իշխանության կողմից իրենց վրա ճնշումներ չեն գործադրվում, որովհետեւ իրենց դիրքորոշումը հասկանալի է, իսկ, այ, օրինակ, Ֆաթիհ Ակինի վրա գործադրվեցին, որովհետեւ «նրա դիրքն անհասկանալի էր, թե, թուրք ըլլալով հանդերձ, ինչո՞ւ այսպես բան մը կանե»:



***
Բագրատ Էստուկյանը համաձայնում է այն դիտարկման հետ, որ Ստամբուլի հայկական համայնքը չի ընդունում իսլամացած հայերին եւ անգամ կիսաարհամարհական վերաբերմունք ունի նրանց հանդեպ, ապա բացատրում է դրա պատճառը՝ ընդգծելով, որ հայկական համայնքը իսլամացումը, որպես փրկություն, չի ընդունում. «Դուք այդպես դիտեցեք, ես քիչ մը ուրիշ դիտանկյունով ըսեմ… ես, հայ ըլլալով, հալածվեցա 90 տարի նույն երկրի մեջ, դուն այդ ո՞ր հանգստությունն է, որ անունս Ահմեդ-Մեհմեդ է ըսելով ազատ ապրեցար, իսկ ես, ասենք, Հակոբ ըլլալով տանջվեցա, հիմա ինչո՞ւ պիտի մենք հավասար ըլլանք, դուն 90 տարի առաջ ճամփադ շեղել ես՝ գնա, իմ գերդաստանը զոհվեցավ կրոնքը չփոխելու համար, հիմա աս է եղելությունը: Կարելի է ասել, որ եկեղեցին էլ չի ընդունում նրանց, որովհետեւ եկեղեցու ներկայացուցիչները շատ զգույշ եւ վերապահ են, այստեղ 2 գործոն կա, իրենց մորթեն, մաշկեն կվախնան, շատ կվախնան, որ պետությունը հանկարծ իրենց կմեղադրե, կամբաստանե միսիոներություն ընելով, եւ 2-րդ ներկա դրության հետ ավելի համերաշխ են, չեն գիդեր որ լեզվով պետք է խոսին, այդ պատճառով էլ բավականին մերժողական դիրքի մեջ են»: Քանի որ հավատացյալների մեծ մասը հայախոս չէ, հոգեւորականներն սկսել են իրենց քարոզները թուրքերենով անել, բայց սա չի նշանակում, որ պատարագը թուրքերեն է. «Պատարագը հիմնականում գրաբար է, քարոզներն էլ՝ հիմնականում աշխարհաբար, բայց հետզհետե ավելի մեծ թվով քահանաներ սկսած են իրենց քարոզները թրքերենի վերածել, որպեսզի ժողովրդին ավելի հասկնալի լինի»:



***
Էստուկյանը պատմում է, որ 10 տարի առաջ իրենց քաղաքում հայրենակցական միության մասին անգամ պատկերացում չկար, իսկ այսօր ոչ միայն կան, այլեւ վերջինը կազմվեց Մուշի մեջ, իսլամացած են, թե ոչ, դա, ըստ նրա, արդեն նշանակություն չունի: Ասում է՝ «Ակօսում» աշխատող մահմեդականացված հայերից մեկի հայրը հենց այդպիսի՝ Դերսիմի հայերի հայրենակցական միության հիմնադիրն էր, որ հետո մկրտվեց:
Էստուկյանին հարցնում են. չի՞ կարծում, որ շատերն ասում են, թե հայ են, բայց միաժամանակ համագործակցում են թուրքական հատուկ ծառայությունների հետ, ինչին այսպես է պատասխանում՝ հավանական է, բայց հոգ չէ. «Ինձ համար բնավ վարանումի պատճառ չէ, որովհետեւ Թուրքիո պետությունը բնավ դժվարություն ունեցած չէ հայ լրտես ճարելու համար, ոչ անցյալում, ոչ էլ այսօր: Պետությունը որ կողմով որ կարիք զգա, այնքան կրնա ճարել մեր մեջ, ճարած է արդեն, մեծ մասին մենք տարիներու ընթացքին, փորձով արդեն հայտնաբերած ենք, գիտենք անունները, անշուշտ, հայեր են, եւ բոլորը գիտեն, որ այսինչ մարդը ոստիկանությունում կաշխատե, այսինչ մարդը՝ չգիտես թե որ ծառայությունում, բայց այդ մարդիկ հետագայում պատիվների էլ կարժանանան Պատրիարքարանի կողմից, ընկերության կողմից էլ: Մենք բավական արժանիքներեն զրկված հավաքականություն ենք այսօր, նախ ազգ չենք, ազգը վերածված է համայնքի, համայնքը մի ճղճիմ հասկացողություն է, որ ամեն տեսակ կեղտություն կրնա իր մեջ պարունակել, այդ կեղտության դեմ պայքարելիք տարրերեն զուրկ ենք, 100 տարի առաջ ըլլար, այդ դավաճանը հայտնաբերած օրը անոր հաշիվը փակող մեկն ալ կելլար մեր կողքեն, հիմա չունենք ադիկա»: