Ժողովրդին մնար՝ սահմանները կբացեինք (լուսանկարներ)

Ժողովրդին մնար՝ սահմանները կբացեինք (լուսանկարներ)

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում «Media bus tour»-ի հայ եւ թուրք լրագրողներից բաղկացած խումբը 14 օր շարունակ հնարավորություն ունեցավ տեսնել մի ուրիշ Թուրքիա եւ մի ուրիշ Հայաստան: Այդ ընթացքում եղան ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումներ, հնարավորություն ընձեռվեց լսել թե բարձրաստիճան եւ թե սովորական քաղաքացիների: Միանշանակ, հասարակ քաղաքացիների կարծիքը տարբերվում էր ի պաշտոնե հնչած տեսակետներից, դրանք նախեւառաջ զուրկ էին դիվանագիտական քողից եւ՝ լավ թե վատ, ասվում էին սրտից: Հիմնական ցանկությունն ու ասելիքը մեկն էր՝ եղբայրներ ենք, պետք է մոռանանք անցյալն ու լավ հարաբերություններ կառուցենք: Եվ 2-րդ՝ Հայոց ցեղասպանության հարցում, ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա մեղավոր են քաղաքական գործիչները:



Մեր ճամփորդությունը մեկնարկեց Ստամբուլից, ապա շարունակվեց Իզմիրում, թուրքերն այս քաղաքն անվանում են գյավուր Իզմիր, որովհետեւ այստեղ ապրողներն ազատամիտ հայացքների տեր մարդիկ են: Հենց Իզմիրի փողոցներում էլ զրուցեցինք թեյ հյուրասիրող մի տղամարդու հետ, ով իր խոսքում անընդհատ շեշտում էր, որ եթե հայ-թուրքական հարցը մնար սովորական մարդկանց, մենք հիմա թե սահմանները կբացեինք եւ թե իրար հետ լավ կլինեինք, բայց քանի որ այդ հարցը քաղաքական գործիչների ձեռքում է, դրա համար էլ այդ հարաբերությունները չեն կարգավորվում. «Եթե ժողովրդին մնար, մենք անցյալը կմոռանայինք եւ առաջ կգնայինք իրար հետ: Որպես թուրք, ես չեմ կարող ընդունել ցեղասպանությունը, որովհետեւ ես այդ սերունդը չեմ, հաստատ չգիտեմ, թե ինչ է եղել, գիտեմ, որ պատերազմ է եղել, մեկը մեկին սպանել են: Ո՞ր մի զինվորը կուզենա անզեն մարդուն սպանի, մորթի, իմ կարծիքով՝ դա երկրի գլուխ կանգնած մարդկանց դավերն են, որ մարդկանց իրար դեմ են լարել: Երանի մեր առաջնորդները մի կողմ դնեին այդ ամեն ինչը, եւ մենք էլ, եղբայրների նման ձեռք ձեռքի տված, անցյալը մոռանայինք եւ, որպես Աստծո ստեղծած էակներ, ապրեինք ու առաջ շարժվեինք: Եթե ես հնարավորություն ունենայի, շատ հաճույքով ձեր լեզուն կսովորեի»:



Պատմական Կիլիկիայի Լեւոնի բերդի մոտ հանդիպեցինք հեծանվորդ Հուսեյն Դոգանին ու նրա խմբին: Ամրոցի մասին թե Հուսեյնը եւ թե նրա ընկերները գիտեին միայն այն, որ կոչվում է Օձերի բերդ, եւ ընդամենը: Նրա կարծիքով, սահմանները բացելը ոչ Թուրքիայի եւ ոչ էլ Հայաստանի ձեռքում է, կան գերտերություններ, ովքեր էլ որոշում են այդ հարցը: Ավելին՝ մեր ժողովուրդներին իրար դեմ լարողները եղել են հիմնականում անգլիացիները:
«Ադանայում կոտորած չի եղել, պատերազմ է եղել, եւ որոշ մարդիկ եւ այս, եւ այն կողմից իրար սպանել են, եւ դա մինչ օրս քաղաքական գործիչներն օգտագործում են»: Հուսեյնն ասում է. չի լսել, որ Թուրքիայում ապրող հայերի նկատմամբ որեւէ հետապնդում լինի, ապա ընդգծում է, որ իր եւ ընկերների անունից կարող է ասել՝ հայերի նկատմամբ որեւէ թշնամանք չունեն. «Հայերը մեր եղբայրներն են, սիրում ենք նրանց, անցած 100 տարիների ընթացքում արհեստական կերպով մեկը մեկին սարքել են թշնամի, բայց մենք նույն հողի զավակներն ենք»: Հեծանվորդ Հուսեյն Դոգանը վերջում ցանկություն հայտնեց իր խմբի հետ միասին 2015թ.-ին խաղաղության քարոզով հեծանվային արշավ կազմակերպել Թուրքիայից Հայաստան:



Ի տարբերություն Ստամբուլի, Իզմիրի կամ Ֆեթիհեի, որտեղ մարդիկ փորձում էին իրենց իմացած պատմության փաստերը հավասարակշռել եւ 100 տարի անց հայ-թուրքական հարաբերությունների նոր էջ տեսնել, Ադանայում հարցախույզի պատկերն այլ էր, ինչը չէր կարող չմտահոգել: Հայաստանի եւ հայերի մասին հարցին ազգությամբ լազ Բայրամը միանգամից պատասխանում է. «Ես Հայաստանը չեմ հավանում, չեմ սիրում, որովհետեւ իրանք կոտորածներ են արել եւ դրա մեջ մեզ են մեղադրում եւ մինչ օրս այդ կոտորածները շարունակում են»: Թե որտեղից նրան նման ինֆորմացիա, ասում է՝ պատմության գրքերից գիտի դրա մասին: Բայրամի նույն տեսակետն է արտահայտում մեկ ուրիշ տղամարդ՝ գրեթե նույն հիմնավորմամբ. «Հայ ժողովուրդը մեզ ընկեր չի, որովհետեւ նրանք շատ մարդ են կոտորել այստեղ»: Բամբակ վաճառող Գազին էլ ցեղասպանությունը համարում է սուտ, որովհետեւ, ըստ նրա, թուրք հասարակությունն այն հասարակությունն է, որը երբեք այլազգի մարդ չի կոտորել:



«Մենք նույն տարածաշրջանում ենք ապրում, մենք հարց չունենք իրար հետ, վերեւից են խառնում ամեն ինչ: Գիտեմ, որ մի երկիր այն կողմ Հայաստան կա, բայց ավելին չգիտեմ: Ադանայի կոտորածի մասին լսել եմ, բայց տարբեր բաներ են ասում, մեկը մյուսին է մորթել, հիմա դրա մասին պետք է մոռանալ, եթե չմոռանանք, չենք կարող առաջ շարժվել»,-համոզված էր մեկ ուրիշ տղամարդ, ում հանդիպեցինք Ադանայի փողոցներում:



Ադանայի կենտրոնական մասում, Հուստինյան կայսեր կամրջից քիչ հեռվում է գտնվում Ադանայի Հայ աղջկանց վարժարանը, որի մուտքի մոտ խոսեցինք վարժարանի պատասխանատու Մեհմեդ Ալիի հետ: Վարժարանը, որտեղ սկզբում սովորել են տղաներ, հետո՝ աղջիկներ, 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել է որպես պահեստ, հիմա այն մշակույթի պալատ է, որտեղ շախմատի առաջնություններ են անցկացնում, ժողովրդական երգեր երգում: Իսկ այն, որ վարժարանը հայկական է եղել, Ալին ոչինչ ասել չի կարող՝ չգիտի: Մեհմեդ Ալին իր խոսքում նշում է նաեւ, որ Ադանայի հայերի մասին էլ բան չգիտի, քանի որ Այնթապից է, միայն կարող է ասել, որ Այնթապում մինչեւ հիմա պահպանվել են քարից սարքված գեղեցիկ հայկական շենքեր, ունեն նաեւ հայկական գերեզմանատուն: Ցեղասպանության հետ կապված հարցին Ալին խնդրում է չպատասխանել, ասում է՝ թող պատմաբաններն զբաղվեն այդ հարցով, ինքն ընդամենը 50 տարեկան է եւ կողմնակից է, որ մարդիկ սրտով իրար հետ ընկերություն անեն: