Ինչ ուզում ես ասա, բայց հայ չպետք է ասես․ դա մեր ընտանիքի պատիվն է

Ինչ ուզում ես ասա, բայց  հայ չպետք է ասես․ դա մեր ընտանիքի պատիվն է

Անկարայում ապրող թուրք լրագրող, գրող Ահմեդ Աբաքայը մոր մահից ընդամենը մի քանի օր առաջ է իմանում, որ մայրական կողմից հայ է: Այդ գաղտնիքը մայրն իրեն ասում է միայն 81 տարեկան հասակում:



«Մայրս մի օր կանչում է ինձ ու ասում՝ ես քեզ մի կարեւոր բան պիտի ասեմ, բայց մինչ այդ պիտի խոսք տաս, որ քո եղբայրներին, քույրերին չես ասելու: Ինձնից խոսք առնելուց հետո միայն ասում է այն, ինչ 81 տարի գաղտնի էր պահել, եւ որ իր հայրն ու մայրը հայ են եղել»,- Անկարայում հայ եւ թուրք լրագրողներին պատմում է Ահմեդ Աբաքայը, ով հայրական կողմից քուրդ ալեւի է ու նաեւ «Պրոգրեսիվ լրագրողների ասոցիացիայի» նախագահը:



Պատմությունն սկսվում է Ահմեդի մեծ մորից՝ հայ տատիկից, ով հետո այդ պատմությունը փոխանցում է դստերը, վերջինս էլ միայն 81 տարի լռելուց հետո պատմում է որդուն՝ Ահմեդին: Իսկ պատմությունը սա է. 1920թ.-ին, 10-15 հոգանոց մի քանի հայ ընտանիք, անհայտ է, թե որտեղից, փախչելով գալիս-հասնում է Էրզրում, մտնում մի գյուղ ու խնդրում իրենց հյուրընկալել: Բայց մահմեդականների գյուղը չի ընդունում նրանց, որից հետո հայերի խումբը գալիս է ալեւիների գյուղ, որտեղ նրանց ընդունում են եւ թույլ տալիս վրան խփել: Ահմեդ Աբաքայը մոր պատմածը նույնությամբ վերապատմում է մեզ: Ու քանզի հավանական է, որ այդ մարդկանց զինվորականները հետապնդելիս են լինում, հաջորդ օրը մի մարդ է մոտենում հայերի վրանին՝ ձեռքին ինչ-որ պարկ, եւ խնդրում է կարճ ժամանակով պարկը թողնել նրանց մոտ ու հետո հեռանում է: Բայց մի քանի րոպե հետո գալիս են ոստիկանները, բացում պարկն ու տեսնում մեջը մարդկանց կտրած գլուխներ: Ոստիկաններն անմիջապես դրանում մեղադրում են Աբաքայի ընտանիքին ու բոլորին հավաքում-տանում են զինվորական մաս: Աբաքայի մեծ պապը՝ մայրական կողմից, հակադարձում է, փորձում բացատրել, որ իրենք՝ հայերը, կապ չունեն այդ սպանությունների հետ, եւ պարկն էլ իրենցը չէ, բայց նրան ոչ միայն չեն լսում, այլեւ հակառակվելու համար սպանում են: Ու քանի որ մեծ մայրն այդ ժամանակ հավանաբար հղի է լինում, նրան ոստիկանները չեն տանում, այլ թողնում են ալեւիների գյուղում:



81-ամյա մոր պատմությունն ընդհատում է Աբաքայի աղջիկը, ով մտնում է սենյակ ու դրանով կիսատ թողնում տատի պատմությունը: Մայրը՝ Հոշանան, խոստանում է Ահմեդին պատմությունը շարունակել հաջորդ օրը, բայց ճակատագրի հեգնանքով պատմությունը մնում է անավարտ առհավետ: Բանն այն է, որ հաջորդ օրը Հոշանան սայթաքում է, գլուխը վնասում, ինչի հետեւանքով կորցնում է հիշողությունը եւ 15 օր հետո մահանում:



Մոր մահից հետո Աբաքայը փորձում է ինքնուրույն բացել անավարտ պատմության կծիկը, բայց ամեն ինչ այդքան հեշտ չի լինում: Աբաքայը գնում է հորեղբայր Մեհմեդի մոտ, ով իր մորից ավելի մեծ էր եւ գիտեր այդ գյուղը, խնդրում է պատմել այն, ինչ գիտի, բայց հորեղբայրը նախ ասում է, որ հանկարծ այդ մասին ոչ մի տեղ չխոսի, քանի որ հարաբերությունները Հայաստանի հետ լավ չեն, հետո փորձում է համոզել Աբաքային, որ մայրը ոչ թե հայ է, այլ սիրիացի՝ Մարդինի կողմից: Դրանից հետո Աբաքայն սկսում է կասկածել նաեւ մորաքույրների, հորեղբայրների հարազատության վրա՝ «հալա՞լ» են իրեն, թե՞ ոչ, բայց դա էլ է մնում իր համար չբացահայտված, քանի որ հարազատների մեծ մասը, այդ թվում՝ հայրը, վաղուց արդեն կենդանի չեն լինում:



«Հոշանայի որդու խոսքը». ի վերջո, այսպես է Ահմեդ Աբաքայը վերնագրում մոր պատմածի հիման վրա գրած գիրքը, որը հրատարակում է մեկ տարի առաջ: Բայցեւայնպես, մոր պատմությունը գրքի միայն 1/6 մասն է կազմում: Գիրքն Աբաքայի կյանքի պատմությունն է, նրա քաղաքական պայքարը, թե ինչպես է համալսարանում սովորելու տարիներին մի քանի անգամ ձերբակալվել, քանի որ, սոցիալիստ լինելով հանդերձ, այլ հայացքներ է ունեցել:



Աբաքայը պատմում է, որ երբ գիրքը լույս տեսավ, որոշ թերթերում սկսեցին փոքրիկ հրապարակումներ գրվել, որ 81 տարի լռած կինը խոսել է: Երբ թերթերն սկսում են անդրադառնալ Աբաքայի պատմությանը, Ստամբուլում ապրող քեռու որդիները, որ հաջողակ գործարարներ են, զանգահարում են ու սկսում նրան սպառնալ, որ «հայ» բառը գրքից պետք է հանի եւ իրենց հորաքրոջը՝ Աբաքայի մորը, չպետք է հայ ասի. «Ասեցին՝ ինչ ուզում ես ասա, բայց հայ չպետք է ասես, որովհետեւ դա մեր ընտանիքի պատվին է վերաբերում: Դրանից հետո ես հասկացա, թե ինչքան ճիշտ էր իմ մայրը, որ 81 տարի չխոսեց դրա մասին, որովհետեւ համարյա 100 տարի անց իր եղբոր թոռը պիտի ամաչեր հայ լինելուց: Դե պատկերացրեք, եթե այն ժամանակ մայրս պատմեր դրա մասին…»:
Ահմեդ Աբաքայն ասում է, որ չնայած մորը խոսք էր տվել ոչ մեկին դրա մասին չպատմել, բայց, որպես արդար մարդ, չէր կարող այդ անարդարությունն իր մեջ պահել. «Սա պարտք էր մորս հիշատակին, ես, որպես գրող, լրագրող, չէի կարող դա իմ մեջ պահել: Պետք էր գրել դրա մասին, թե ինչքան դժվար կյանք է ունեցել իմ մայրը՝ 81 տարի ապրելով ու դրա մասին չխոսելով»: Նա պատմում է, որ դրանից հետո շատ ընկերներ, ծանոթներ զանգել ասել են, որ իրենք էլ ունեն նման պատմություն:



Ինքնության հետ կապված հարցին Աբաքայն այսպես է պատասխանում. «Մեծացել եմ ալեւի միջավայրում ու քանի որ աթեիստ եմ, այդ հարցերն ինձ համար կարեւոր չեն, ամենակարեւորն իմ մոր քաշած տառապանքն է»:



Աբաքայից հետաքրքրվում ենք, թե Հրանտ Դինքի սպանությունից հետո կարծես թուրք հասարակության մի մասն արթանացավ, եւ սկսեցին որոշակի գործընթացներ տեղի ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, արդյոք ապագա տեսնո՞ւմ է այդ հարցում: Աբաքայը պատասխանում է կարճ՝ ոչ, ապա ընդգծում մի փաստ. այն, որ Հրանտ Դինքին սպանելու էին, շատերը գիտեին եւ ոստիկանությունում, եւ մարզային կառույցներում, բայց որեւէ քայլ չձեռնարկվեց դա կանխելու համար, իսկ դա նշանակում է, որ իշխանությունների մոտեցումն այս հարցին սա է: Եթե կառավարությունը կարեւորություն տար այդ հարցին, ուրեմն այն ժամանակվա թե ոստիկանության ղեկավարը եւ թե հատուկ ծառայությունների ղեկավարը կհայտնվեին բանտում, բայց բոլորն այսօր իրենց պաշտոններում են:



Ահմեդ Աբաքայն ընդգծում է, որ հայկական հարցի շուրջ խաղ են անում, ժամանակ են շահում, լուրջ չեն վերաբերվում եւ անկեղծ չեն: Քիչ թե շատ հուսադրող է այն, որ հայկական թեմայով այսօր գոնե լսում են Թուրքիայում եւ չեն հակառակվում, բայց խնդիրն այն է, որ այդ միտումը չի անդրադառնում իշխանությունների վրա: Ապա ուղիղ հարցին տալիս է ուղիղ պատասխան՝ 1915թ. կատարվածը, միանշանակ, ցեղասպանություն էր: Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչման հարցին, ապա Աբաքայն ընդգծում է, որ հոռետես է, եւ բերում է ընդամենը մի օրինակ, երբ 2 ամիս առաջ Թուրքիայի վարչապետը, խոսելով Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնություններից, այսպես էր արտահայտվել հայերի մասին՝ «կներեք, նույնիսկ հայ», ինչը, Աբաքայի կարծիքով, խոսում է այն մասին, որ եթե մարդկանց գլուխներում խաղաղության փոխարեն դեռ այդ տեսակի կլիշեներ են, եւ նպատակն ընդամենը պրոպագանդա անելն ու ընտրություններ շահելն է, որեւէ լավ բան պետք չէ սպասել: