Շատախոս Աշոտյանը

Շատախոս Աշոտյանը

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ Ազգային ժողովում տարերքի մեջ էր: Կրթության ոլորտին վերաբերող 2015 թվականի ՀՀ բյուջեի քննարկման ժամանակ նա եկավ նստեց զեկուցողի աթոռին ու սկսեց ժամերով պատասխանել պատգամավորների հարցերին: Նրան պարբերաբար ստիպված էին լինում խնդրել, որ կարճ պատասխանի, քանզի ԿԳ նախարարի պատասխանները բավականին երկարաշունչ էին՝ հագեցած «աշոտյանական» հումորներով: Հերթական ակնարկից հետո, թե կարճ պատասխանիր, Աշոտյանը խոստովանեց. «Պատգամավոր եմ եղել, սովոր եմ երկար խոսելուն»: Իսկ հումորների հետ կապված էլ դիտողություն արեց ՀՀԿ-ական կանանցից Կարինե Աճեմյանը, ում՝ Կոնսերվատորիայի դասախոսների ցածր աշխատավարձին վերաբերող հարցին ԿԳ նախարարը հումորային պատասխան տվեց: «Շատ հետաքրքիր է, որ Դուք Կոնսերվատորիայի թեմայով դեռ կարողանում եք հումոր անել, որովհետեւ վիճակն իրոք շատ ծանր է»,- իր բարկությունը չզսպեց ՀՀԿ-ական կին պատգամավորը: Ի պատասխան՝ Աշոտյանն էլ փորձեց տակից դուրս գալ, թե «հումորի զգացողությունս ինձ բազմիցս փրկել է թե՛ Ազգային ժողովում, թե՛ գործիս մեջ»: Այնուհետեւ Աշոտյանը խոստովանեց, որ ՀՀԿ-ականների հարցերի տարափից իրեն զգում է ինչպես թեզի պաշտպանության ժամանակ: Տեսնելով, որ ԿԳ նախարարի հումորին ու մտքերին վերջ չկա, իսկ ժամանակը սուղ է, քննարկումն էլ՝ լուրջ, Աշոտյանի «շատախոսությանը» վերջ դնելու մի վերջին փորձ արեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ տեղից ձեռքով «ստոպ»-ի ժեստեր անելով, որովհետեւ հաջորդ ելույթն իրենն էր: Ուշագրավ է, որ ՀՀԿ-ական կանայք վերջերս շատ են ակտիվացել, անցած անգամ հղիների օրենքի քննարկման ժամանակ էին կառավարության վրա «մուննաթ գալիս», հիմա՝ ԿԳ նախարարի: