Հայոց ցեղասպանության լուսաբանումը

Հայոց ցեղասպանության լուսաբանումը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակած «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքն ընթերցողական լայն շրջանակների համար բացառիկ հնարավորություն է՝ տեսնելու, ուսումնասիրելու, վերաիմաստավորելու համայն աշխարհի արձագանքը 20-րդ դարասկզբի ամենասոսկալի աղետներից մեկին: Պատկերազարդ այս հատորում ամփոփված են եզակի նյութեր` քաղված 19-20-րդ դարերի արտասահմանյան մամուլից: Հավաքածուն համոզիչ ներկայացնում է մարդկության եւ քաղաքակրթության դեմ թուրքական հանցագործությունների իրական պատկերը, որը մշտապես եղել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Գրքում զետեղված բնօրինակ թերթերի եւ հանդեսների ձեռքբերումը հնարավոր է դարձել Տիգրան Քալաջյանի աջակցության շնորհիվ:



Գիրքը, ըստ աղետի ժամանակագրության, բաժանված է գլուխների` համիդյան կոտորածներից մինչեւ 1922 թիվը: Գրքի նախաբանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Հայերի կոտորածները եւ երիտթուրքերի կողմից իրագործված հայ ժողովրդի ցեղասպանությունը մշտապես եղել են հայ եւ համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Այս խնդրին վերաբերող՝ մամուլում տեղ գտած անդրադարձներն ու հրապարակումները կարեւոր սկզբնաղբյուր են Հայոց ցեղասպանությանն առնչվող հիմնահարցերի լուսաբանման տեսանկյունից եւ ունեն պատմական բացառիկ նշանակություն: Ուշագրավ են հատկապես անգլիական, ֆրանսիական, ամերիկյան, իտալական, ռուսական հրապարակումները, որոնք անդրադառնում են ինչպես 1894-1896 թվականների համիդյան կոտորածներին, 1909թ. կիլիկյան նախճիրին եւ 1915-1922 թվականների Հայոց ցեղասպանությանը, այնպես էլ դրանց հետեւանքներին, հայ բռնագաղթությունների խնդիրներին, որբահավաք աշխատանքներին եւ թուրքերի կողմից առեւանգված հայ կանանց ու երեխաների ճակատագրին:



Համաշխարհային մամուլի այսօրինակ հրապարակումները կարեւոր տեղեկություններ են պարունակում հայերի կոտորածների, դրանց ընթացքի եւ հետեւանքների մասին: Այդքանով իսկ Թուրքիայի կողմից հայերի հանդեպ կատարված բռնությունները դատապարտող այդ հրապարակումները դառնում են միջնորդավորված վկայություններ Հայոց ցեղասպանության պատմական իրողության մասին:



Հրապարակված նյութերի համար սկզբնաղբյուր են եղել ոչ միայն Օսմանյան կայսրությունից տեղահանված հայերի եւ Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, այլեւ օտարերկրյա այն դիվանագետների, միսիոներների, բժիշկների եւ այլոց հաղորդած արժեքավոր տեղեկությունները, ովքեր ականատես եղան 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի եւ մյուս քրիստոնյա ժողովուրդների դեմ իրագործված ոճրագործություններին»:



«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը թերթելով` առաջին հայացքից պարզվում է համաշխարհային հանրույթի տեղեկացվածությունը հայկական կոտորածների մասին: Անգլիական, ամերիկյան պարբերականների առաջին էջերում պատկերված են ջարդերը պատմող եւ դրանք ակնհայտորեն ի ցույց դնող բազմաթիվ փորագրանկարներ, որոնցից շատերն աչքի են ընկում դաժանությամբ եւ ունեն նկարչական ուշագրավ ընդգրկումներ: Ամերիկյան եւ եվրոպական մամուլի բոլոր անվանի թերթերն իրենց առաջին էջերում պատկերում են հայկական կոտորածները` դատապարտելով Օսմանյան Թուրքիային: Այս դատապարտման հիմնական բաղադրությունը ծաղրն է` ծաղրանկարչությունը: Սակայն այս պատկերազարդ գիրքը թերթելիս, երբ բախվում ես Թուրքիային դատապարտող երգիծանկարներին, դիմադրություն է ի հայտ գալիս: Հայերին գլխատող թուրք զինվորների հեգնական ու ծաղրական պատկերահանությունը` ջախջախված ու արնաշաղախ մարմինների ֆոնին, բացարձակ խլում է, վերացնում Թուրքիային դատապարտելու բնույթը: Իսկ լուսանկարներում ամեն ինչ փոխվում է: Գրքում հայ, նաեւ բալկան ժողովուրդների կոտորածները փաստող լուսանկարներին դժվար է նայել: Ոճիրն իրականացնող թուրքական կառավարությունը` հանձին իր զինվորների, ահա, կանգնած է եւ լուսանկարվում է հայերի մորթված մարմինների կողքին, որպես «հերոսականության վերհուշ»:



Եվ հենց այստեղ, համաշխարհային մամուլի այս առաջին էջերին է Օսմանյան Թուրքիան կայացրել իր դատավճիռը` անասնական խաղաղությամբ լուսանկարելով հանցանքը եւ փաստելով ոճիրը` փաստելով ինքն իրեն: