Սոնան՝ Եվա Ռիվասի արարքի, շոու բիզնեսի, «աստղերի» ու պետության աջակցության մասին

Սոնան՝ Եվա Ռիվասի արարքի, շոու բիզնեսի, «աստղերի» ու պետության աջակցության մասին

Հայ հասարակությանը մինչեւ հիմա «Մեր բակը» ֆիլմերից հիշվող, այսօր արդեն հայտնի նաեւ որպես «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի անդամ Սոնան կարծում է, որ մեր շոու բիզնեսում կան ե՛ւ լավ, ե՛ւ վատ կողմեր։ «Միանշանակ չի կարող լինել, որովհետեւ էքսպերիմենտ վիճակ ոնց որ լինի, փորձում են ինչ-որ մի մակարդակի վրա կանգնեցնել, ու, ցավոք սրտի, էդ էլ ա մեծ ներդրումներ պահանջում»,-մեզ հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ պրոֆեսիոնալների պակաս կա դաշտում, բացի այդ, ամեն մարդ պետք է իր գործն անի։ Ըստ Սոնայի՝ ԽՍՀՄ տարիներին արտիստներին աջակցություն եղել է, իսկ հիմա նման բան չկա։



- Ովքե՞ր են այսօրվա մեր աստղերը։



- Աստղերն ինձ համար երկնքում են, ես ուղղակի կասեմ՝ ճանաչված մարդիկ։ Ինձ համար Հայաստանի շոու բիզնեսի հայտնի, ճանաչված մարդկանցից են Սիրուշոն, Արման Հովհաննիսյանը, ինձ դուր է գալիս իր ձայնը, նաեւ երգեր ունի, որ դուրս շատ են գալիս, Ռազմիկ Ամյանը, էլի երգեր կան, որ դուրս գալիս են, բայց որ չի գնում-ընկնում, մանրանում էդ կոմերցիոն բաների մեջ, ուղղակի ես գիտեմ ինքն ինչի է ընդունակ, ինչ երգեր կարող է երգել, Շուշան Պետրոսյանը, իհարկե։ Իսկ երաժիշտներից, դե, Հայկոն, ով իմ ընկերն ա, Արմենը Մարտիրոսյան…



- Մի շրջան կար, որ մեր շոու բիզնեսի բոլոր «աստղերը» դուրս էին գալիս Երգի պետական թատրոնից, այսինքն՝ Արթուր Գրիգորյանի «շկոլան» էին անցնում: Այսօր ո՞ւմ «շկոլայով» են անցնում, որ «աստղ» են դառնում, կա՞ նման մեկը:



- Ինչի՞, վատ շկոլա է՞ր էդ շկոլան… Իսկ էսօր պրոբլեմ է: Ունենք մասնագետներ՝ դասական ոճում, ժողովրդական ոճում, բայց ջազային, էստրադային ոճում կաղում ենք մի քիչ: Կոնսերվատորիայում, օրինակ, Մաշա Մնջոյանը հիմա սովորում ա, օրինակ՝ իմ համար էսօր ինքը համար մեկ երգչուհին ա, բայց ինքը չի կարող առանց ֆինանսական աջակցության էսօր ռեալիզացնի իր արվեստը, իր ձայնը:



- Անցնենք «Հայաստանի ձայնը» նախագծին, որի ժյուրիի կազմում եք նաեւ Դուք: Ձեզ հետ է նաեւ Եվա Ռիվասը, ում՝ ոտքով կոճակ սեղմելու այդ քայլը բուռն քննարկումների ու քննադատությունների առիթ տվեց: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ արարքին:



- Ես, օրինակ, չեմ քննադատել: Եթե համարում ենք դա որպես շոու, էն էլ մեր շոուն չի, հոլանդացիների շոուն է, մենք վերցրել ենք ուղղակի, ու դա լրիվ նորմալ էր շոուի համար: Ինձ համար դա ինչ-որ բումային բան չէր, ոնց որ բլոգերները միանգամից դրանից բում սարքեցին…



- Լինո՞ւմ են մասնակիցներ, որ դուք ժյուրիի անդամներով զգում եք, որ ինքը ձեզանից ավելի լավ ձայն ունի կամ ավելի լավ է երգում, կամ, ուղղակի, որոշակի առավելություն եք զգում մասնակցի կողմից ձեր նկատմամբ:



- Իհարկե, որովհետեւ, օրինակ, Արմեն Մարտիրոսյանը երգիչ չի, կոմպոզիտոր է: Բայց, իհարկե, ստացվել է, որ եղել են հաջող ընտրված համաշխարհային հիթեր, որ երգն արդեն թելադրում է, որ չես կարող վատ երգել, ու իսկապես շատ լավ են կատարել:



- Նման դեպքերում դժվար չի՞ լինում աշխատել այդպիսի մասնակիցների հետ:



- Չէ, որովհետեւ իրենք, մեկ է, ինձանից սպասում են ինչ-որ բան:



- Այսօր մեր շոու բիզնեսn ի՞նչ ուղու վրա է, զարգացմա՞ն է գնում, թե՞…



- Գիտե՞ք, համաձայն եմ էն մտքին, որ շոուն փորձում է զարգանալ, իսկ բիզնեսը կասկածելի է… Եթե շուն ու բիզնեսը կպցնենք իրար… ինձ թվում է՝ դեռ փնտրտուքների մեջ են: Էսօր մենակ Երեւանում կա զարգացման տեղ, Գյումրիում փող կա՞, չկա, չէ՞: Պարզ ա, որ մեր եկամուտներn էստեղ կոմերցիոն համերգներից են գոյանում, նաեւ ծնունդ , հարսանիք… բայց, հավատացնում եմ Ձեզ, համաշխարհային աստղերն էլ են մասնակցում նման միջոցառումների:



- Մեր շատ երգիչների երազանքն է «Համալիրը լցնելը»: Այսինքն՝ կարծես հենց դա է նրանց համար չափանիշ համարվում այսօր:



- Չեմ կարծում, ես միայն 3 հատ համերգ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում եմ տվել, ինչ ա, դա պակա՞ս դահլիճ ա:



- Ասացիք՝ նույնիսկ համաշխարհային աստղերն են կոմերցիոն միջոցառումների մասնակցում: Դուք է՞լ եք մասնակցում նման միջոցառումների, այդ թվում՝ ծնունդ, կնունք, հարսանիքների: Ու բա՞րձր են Ձեր հոնորարները:



- Իհարկե, ու ոչ մի վատ բան չեմ տեսնում, որովհետեւ ես կենդանի ձայնով եմ երգում ու հաճույք եմ ստանում, կապ չունի ինձ համար՝ կորպորատիվ միջոցառում ա դա, թե չէ: Ու էդ ստացած ֆինանսները հետո ներդնում ենք մյուս էտապի համար, մի նոր երգ գրելու, ձայնագրելու համար: Իսկ իմ երգերը, այո, բավականին բարձր են գնահատվում:



- Մշակույթի նախարարության հետ համագործակցություն կա՞: Եղե՞լ է, որ նախարարությունը փորձի աջակցել ինչ-որ հարցով կամ միջամտի ինչ-ինչ հարցերում:



- Եղել է, որ ինչ-որ հարցերով դիմել ենք, մեծ սիրով ասել են՝ ինչով կարող ենք, կօգնենք: Հիմա, օրինակ, տեսահոլովակ պիտի նկարենք, խոստացել են օգնել ինչ-որ տեխնիկական հարցերում: Բայց ավելի գլոբալ աջակցություն դեռ չի եղել: Առայժմ աշխատում ենք մեր ուժերով ամեն ինչ անել:



- Այսօր այս դաշտում ստեղծված իրավիճակի համար, ըստ Ձեզ, պետությունն իր մեղքի բաժինն ունի՞:



- Մեղքի բաժինը ո՞րն ա, ախր էդ պետության հարցը չի էդքան։ Դա, էլի եմ ասում, նրանից է, որ պետք է այս գործում զբաղվեն պրոֆեսիոնալ մարդիկ: Դուք տեսեք, թե ինչ հզոր դեմքեր ենք մենք ունեցել ժամանակին, իսկ այսօր…



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ