Թուրքիայում արգելել են գրել կոռուպցիոն բացահայտումների մասին

Թուրքիայում արգելել են գրել կոռուպցիոն բացահայտումների մասին

Թուրքական Hurriyet Daily News թերթը բաց նամակով հանդես է եկել կոռուպցիայի համար մեղադրվող 4 նախարարների նկատմամբ հետաքննության զեկույցի հրապարակման արգելքի դեմ:



2013 թ. դեկտեմբերի կեսին Թուրքիայի ոստիկանությունը ռեզոնանսային հակակոռուպցիոն գործողություն է իրականացրել, որի արդյունքում տասնյակ գործարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց հարազատներ են ձերբակալվել: Բոլորը՝ պետական տենդերների հետ կապված մեքենայությունների, պաշտոնեական լիզորությունների չարաշահման և կաշառակերության կասկածանքով: Կոռուպցիայի համար մեղադրանքով՝ Եվրամիության հարցերով, Ներքին գործերի, էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարները հրաժարական են տվել: Այս տարվա սեպտեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազության որոշմամբ՝ «դեկտեմբերի 25-ի կոռուպցիայի գործով» հետաքննության շրջանակներում կոռուպցիայի և կաշառակերության համար մեղադրվող 96 անձի, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի որդու՝ Բիլյալ Էրդողանի քրեական հետապնդման համար «հիմքեր չկան»:



4 նախկին նախարարների նկատմամբ խորհրդարանական հետաքննությունը շարունակվում է: Սակայն նախօրեին հետաքննությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահի հայտի հիման վրա Անկարայի գլխավոր դատախազությունը հանձնաժողովի աշխատանքի ընթացքը հրապարակելու արգելքի մասին որոշում է ընդունել՝ դա հիմնավորելով «մարդու իրավունքների պաշտպանության ապահովմամբ և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքով»:



«Մինչև վերջերս հրապարակումների արգելքները միայն տարեց լրագրողների ոչ հաճելի հիշողություններ էին… 2014 թ., սակայն, այդպիսի արգելքները նորից մտել են մեր կյանք: Ընդ որում՝ արգելքը, որը նախկինում վերաբերում էր անվտանգության հարցերին, հիմա տարածվում է նաև այլ թեմաների վրա, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի լուսաբանմանը»,- ասվում է Hurriyet Daily News-ի հայտարարության մեջ: