Քաղաքագրություն. Երևանը Րաֆֆու հուշերում

Քաղաքագրություն. Երևանը Րաֆֆու հուշերում

Րաֆֆու հուշերում Երևանի, նրա բնակիչների կեցության նկարագրությունը այսօր էլ ցավալիորեն, բայց ճշմարտացիորեն դիպուկ է հնչում: Ժամանակներն անցնում եմ՝ Երևանը փոփոխություններ է ապրում և շատ ժամանակ մնում է նույնը:



 



Երևանցին կամ ամենևին ուսման վերա չէ մտածում և կամ մտածում է այն բանի վերա, որ յուր որդին փոքրիշատե ռուսերեն սովորի, բավական է, որ նա որևիցե դատարանում ամենաստոր գրագրի տեղ կբռնե: Նա փառավորվում է դրանով, որ յուր որդին ծառայող է, թեև նա մի խոհարարի վարձ չէ ստանում, բայց նրան միրզա Թաթոս են կանչում: Երևանցին հայոց լեզվի և հայոց դպրոցի վերա արհամարհանքով է նայում, բայց չգիտե ողորմելին, որ յուր որդին մայրենի լեզվի դպրությունը սովորել են հետո, ավելի լավ կսովորե օտարինը:




Օրիորդաց դպրոցում ես գտնվեցա կրոնասույց տեր հոր դասի ժամանակ: Նա ինձ ասաց, թե առաջին դասն է, որ սկսել է կրոնից: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ էր այդ առաջին դասը, որ պատվելի հայրը տալիս էր փոքրիկ աղջիկներին: — Նա բացատրում էր, թե ինչ է Սուրբ Երրորդությունը, բացատրում էր խնձորի համի, հոտի գույնի վերա... Ես հավատացած եմ, որ խեղճ աղջիկներն այնքան էին հասկանում տեր հոր խոսքերը, որքան հասկանում էին այն անզգա տախտակներն, որոնց վերա նստած էին: — Կրոնի դասատվությունը հարկավոր է մեր դպրոցներում և շա՛տ հարկավոր, բայց ոչ թե այն բաները, որոց մեջ մինչև անգամ բարձր աստվածաբանությունն խարխափելով է պտտվում: Իմ կարծիքով, այնպիսի փոքրիկների հետ ավելի օգտավետ կլիներ պարապել Սուրբ Գրքի այն տեղերից, որ նրանց վերա բարոյական ազդեցություն ունենային:




Երևանը, յուր դիրքին նայելով, դարձյալ մնացել է թուրքի քաղաք: Ասիական կեղտոտությունը տիրում է ամեն առարկայի վերա, սկսյալ մարդիկներից, մինչև փողոցները, հրապարակները և տները: Թուրքը այստեղ նույնպես կատաղի է և նույն արհամարհանքով է նայում քրիստոնյայի վերա, որպես Հասան խանի ժամանակ: Զարմանալին այն է, որ հայերը տակավին հին երկյուղի նախապաշարմունքից չեն ազատվել, մահմեդականի անունը մինչև այսօր նրանց վերա սարսափ է ազդում: Պատճառն այն է, որ այդ ազգը դեռ մնացել է յուր վաղեմի բարբարոսության մեջ, իսկ հայը հին ստրկական բնավորությունը չէ փոխել: Շատ անգամ թուրքի գործած, բայց հայերին հայտնի եղած մի չարագործություն մնում է ծածկված և անպատիժ: Երբ ասում ես հային. — ինչո՞ւ չես գնում և հարկավոր տեղում հայտնում: Նա տալիս է այս սովորական պատասխանը. «Ի՞նչ անեմ, անօրեն է, վնաս կտա...»: Ինձ պատահեց այս տարի հունիս ամսում գտնվել Երևանում: Բայազետի աղետավոր լուրը դեռ նոր էր հասել այդ քաղաքը: Գիշեր էր, երբ նահանգապետը Իգդիրից վերադարձավ և ոստիկանության միջոցով հայտնեց հայերին, թե վտանգ է սպառնում, թող իրանց պահպանեն...




Սոդոմի և Գոմորի կորստական գիշերը այնքան սարսափելի չէր կարող լինել, որպես այն գիշերը երևանցոց համար: Մի քանի րոպեում քաղաքը լցվեցավ ողբով, աղաղակներով: Ընդհանուր խռովությունը տիրեց ամեն տեղ: Փոքրիկ տների գերդաստանները փակչում էին մեծ տներում, հարևանի մոտ պատսպարան գտնելու, հույսը դնելով շինվածքի ամրության վերա: Վաճառականները խանութներից իրանց ապրանքը փոխադրում էին և թաքցնում տների խուլ անկյուններում: Այսպիսի դեպքերում հայը ամեն բանից առաջ մտածում է յուր սիրելի ապրանքի վերա: Ամեն րոպե սպասվում էր, թե քսան հազար քրդի ձիավորներ կլցվին քաղաքը, և տեղացի թուրքերն ևս նրանց հետ խառնվելով, հայերին կկոտորեն, կթալանեն...




Այս օրհասական տագնապի միջոցին ես կանգնած էի մի կտորի վերա, իմ չորեք կողմից լսելի էին լինում խառն հառաչանքի ձայներ: Ամեն մարդ շտապում էր փախչել... Ամեն մարդ թաքուստ էր որոնում… բայց ոչ ոք չէր պատրաստվում դեմ դնել թշնամուն, կռվել, սպանել և սպանվիլ, և ապա յուր կինը, աղջիկը հանձնել հաղթողի կամքին...




Թուրքերի տանիքներից արդեն լսելի էին լինում հրացանների խուլ որոտմունք, նրանք ձևացնում էին որպես թե պատրաստվում են հարձակվող թշնամու դեմ: Իսկ հայերի տանիքների վերա տիրում էր. գերեզմանական լռություն: Զենք ասած բանը նրանց տներում չկար: Հայը զենքից այնքան է խորշում, որքան սատանայից:




Իմ աչքի առջև ներկայանում էր հայը յուր ամբողջ պատմական այլանդակությամբ: Եվ ես լցված խորին ատելությամբ, ասում էի այս խոսքերը, «Թո՜ղ գան, թո՜ղ կոտորեն, թո՜ղ ձեր կանայքը ձեր աչքի առջև անպատվեն, դուք սովորել եք այդ բաներին... այսպես էին և ձեր պապերը, այնպես էլ մնացիք և դուք... — Ով որ յուր գլուխը պահել չէ իմանում, կոտորելու իրավունքը ինքն է տալիս թշնամուն:




Առավոտյան, ով որ միջոցներ ուներ, ֆուրգոններ, ֆայտոններ, փոստայի սայլեր վարձելով սկսան փախչել դեպի զանազան կողմեր, իրանց անկարողեղբայրներին թողնելով բախտի և ճակատագրի կամքին: Տագնապը ավելի սաստկացավ, երբ հրամայվեցավ կանայքը հավաքել բերդում: Թուրքերի երեսիվերա խաղում էր մի արհամարհական ժպիտ, իսկ հայերը մեռելի գույն էին ստացել: Բարեբախտաբար մի քանի օրից հետո քաղաքը մուտք գործեցին ու թնթնդանոթներ մի գունդ զինվորների հետ: Ժողովուրդը փոքր-ինչ հանգստացավ: Հայերը կրկին բաց արին իրանց խանութները և շուտով մոռացան անցյալը...




…Երևանում ուշադրության արժանի հնություն ոչինչ չէ մնացել, խաների հին բերդը համարյա ավերակ է դարձել, այն բերդը, որ հազարավոր եղեռնագործությանց վկա է եղել, այժմ ներկայացնում է մի տխուր տեսարան: Ողջ մնացել է միայն Սարդարի այգին, որի մեջ տակավին պահպանվել է մի գեղեցիկ բարձր մինարեթ, պարսկական շռայլ ճաշակով զարդարված:




Երևանը մտածել է ունենալ և յուր հասարակական զվարճության տեղերը: Պոլիցիայի հանդեպ, կա մի փոքրիկ այգի, որի չորեք կողմից անցնում են փողոցներ, և փոշին այնպես սաստիկ հոսանքով լցվում է այգու մեջ, որ խեղճ ծառերը անդադար հառաչում են. «ի սե՛ր աստուծո մեզ դուրս տարե՛ք այստեղից. մենք խեղդվում ենք»: Այս այդու փոշիով պատած ծառաստանի տակ, օրվա ամեն ժամերում, կարելի է գտնել մեր վերոհիշյալ միրզա Թաթոսներին, որոնք իրանց ծուռ ու սխալ ռուսերենը կոտրատելով այնքան հպարտանում են, որքան սուլթանը Մահմեդի կանաչ դրոշակով:




Ոչինչ բան այնքան անտանելի չէ, որպես այդ միրզա Թաթոսները. նրանց հանդիպում է մարդ կլուբում, կանաչ սեղանի շուրջը նստած, նրանց կարելի է տեսնել դատարանների ստոր գրասեղանների մոտ նստած, ուր չեն պատասխանում խեղճ գյուղացի հայի հայերեն հարցվածին: Նրանց ավելի հաճախպատահում է մարդ փոստայի իջևաններում, որպես վերակացու, ուր ժամերով, օրերով պահում են ճանապարհորդին մի բան պոկելու համար... Միրզա Թաթոսը, ութն դեղին կոճակ կուրծքի վերա շարած, մի ավերված տիպ է, որ յուր նմանը չունի մարդկային հասարակության մեջ:




Պատրաստեց` Արամ Պաչյանը