Դեկտեմբերի 6-ը Հովհաննես Մելքոնյանի հիշատակի օրն է․․․

Դեկտեմբերի 6-ը Հովհաննես Մելքոնյանի հիշատակի օրն է․․․

Այսօր լրանում է անվանի արձակագիր Հովհաննես Մելքոնյանի մահվան հինգ տարին: Ներկայացնում ենք գյումրեցի արձակագրի Գյումրու երկրաշարժի եւ քաղաքի վերածնման մասին 2008թ. արտահայտած մտքերը եւ միեւնույն ժամանակ հարգանքի տուրք մատուցում ինչպես գրողի, այնպես էլ 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակին:



«ԳՅՈՒՄՐԵՑԻՆ ԿՈՉՈՒՄ Է…»



- Հավատո՞ւմ եք Գյումրիի վերածննդին:



- Ոչ թե սոսկ հավատում եմ, այլ հավատալով հավատում, որովհետեւ բնիկ գյումրեցիները եւ Գյումրիում բնավորված կարինցիները, կարսեցիները, մշեցիները (որոնց շառավիղներից մեկն էլ ես եմ) ընկնելիս միշտ վեր են կենում, դժբախտանալիս մի նոր բախտի են հասնում, վայրընթացության մեջ մի նոր վերելք են գտնում եւ մեռնելիս հառնում են…



Սատանայաբույր երկրաշարժի ավերոտ, արյունոտ հետքերը գետնի տակ կանցնեն, եւ Գյումրին կհառնի նորից՝ կնմանվի նախաերկրաշարժյան Գյումրիին, ինչպես որդին է բեղ-մորուսի հասնելով՝ նմանվում հորը կամ պապին: Կտեսնենք որդի կամ թոռ Գյումրին:



Գյումրիում ծիծաղ կա, իսկ որտեղ ծիծաղ կա՝ կործանում չկա, անկում չկա, մահ չկա…



Գյումրին հայ ժողովրդի սրամտության, առած-անեկդոտի, ծիծաղի մայրաքաղաքն է, շեն է եղել, շեն էլ կդառնա, ինչքան էլ երկրաշարժերը եւ թուրքերը գան ու գնան:



Գյումրեցին իր անձի, իր ազգի, իր քաղաքի արժանապատվությունը սարի պես, հաճախ Մասիս սարի պես բարձր պահող է, հյուրի առջեւ տան դուռը լայն բացող՝ սեղան-սուփրա գցող, քարը, փայտը, երկաթը շնչավորող երկու հանճարեղ ձեռքի եւ տասը հանճարեղ մատների տեր է գյումրեցին… Գրպանները դատարկ էլ լինեն՝ հոգին ու միտքը լիքն են, եւ նա իր հոգու հոգեւորն ու մտքի մտավորն է ազգին ու աշխարհին մատուցում Շիրակացու քրմությամբ, Իսահակյանի մոգությամբ, Ջիվանու իմաստնությամբ, Շիրազի ձիրքով, Մինասի ձեռքով…



ԳՅՈՒՄՐԵՑԻՆ ԿՈՉՈՒՄ Է, ՇԱՏ ԲԱՐՁՐ ԿՈՉՈՒՄ, եւ կարելի է այդ կոչումը տալ, ասենք, Երեւանում կամ, դիցուք, Լոս Անջելեսում ապրող լավ հայերին՝ նրանց անվանելով ոչ թե երեւանցի կամ լոսանջելեսցի, այլ գյումրեցի: Կատակ է, բայց գիտեք, ասում են՝ ի՞նչ կատակ, որի կեսը լուրջ չէ: Դիմելով բոլոր հայերին, կես կատակ-կես լուրջ կոչ եմ անում, որ նրանք գյումրեցի լինեն, եթե ոչ լրիվ, ապա գոնե մի քիչ՝ պզտիկըմ: