Քաղաքագրություն. Երևանի Կապույտ մզկիթը

Քաղաքագրություն. Երևանի Կապույտ մզկիթը

— Քանդվել է հին, դարավոր Երևանը և օդի մեջ կանգնել է դարերի փոշին: Ամեն ինչ երևում է այդ փոշու միջով: Ինչպես ոսկե փոշի, մառախուղել է մթնոլորտը: Այդ փոշու միջով, հեռվում հազիվ երևում է Կապույտ մզկիթի պլպլան գմբեթն իր խայտաբղետությամբ: Կանգնել է հին Երևանի այդ խորհրդանշանն իր ողջ մեծությամբ և ականատես է լինում հին աշխարհի կործանմանը: Լռել է մինարեն: Էլ ոչ մի մոլլա նրա բարձրից ազանի չի կանչում Մահմեդական արևելքին: Հայաթում ինչպես մի քանի հարյուր տարի առաջ, այսօր էլ նիրհում է քառակուսի ավազանը, բայց նրա ափերին էլ չեն պսպղում նամազող հավատացյալները: Արձանի անշարժությամբ կանգնած են սաղարթախիտ թթենիները նրա հայաթում:



Մկրտիչ Արմեն



 



Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին (հիջրեթի 1179 թվական): Մզկիթի հարավային դարպասի ճակատին դրա կառուցողը թողել է մի արձանագրություն, որի վերջում հիշատակվում են նրա անունն ու մզկիթի կառուցման թվականը: Արձանագրության մեջ հիշատակված մզկիթի կառուցման թվականը Հովհ. Շահխաթունյանցը կարդացել է ոչ թե 1179 (հիջրեթի), ինչպես այն կա, այլ՝ 1186 (հիջրեթի), իսկ Լինչը նշում է, որ մահմեդական հոգևորականները մզկիթի կառուցումը վերագրում են Նադիր-Շահի ժամանակներին (1736-1747թթ.):




Կապույտ մզկիթը պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին: Այն Երևանի մզկիթների մեջ ոչ միայն ամենագեղեցիկն ու շքեղն էր, այլև ամենամեծն էր: Նա մի քառանկյունի ընդարձակ շինություն է՝ բարձր մինարեով. և լայնանիստ գմբեթով: Աղյուսակերտ է և մինարեն: Գմբեթն ու պատերի մի մասը պատած են երկնագույն հախճապակով: Բուն մզկիթի շինվածքները գտնվում են երկնագույն հարավային և հյուսիսային կողմերում, իսկ թևերում և դիմացը կառուցված են օժանդակ մի շարք մանր շենքեր ու խցիկներ, որոնք բուն մզկիթի հետ միասին շրջապատում են մի քառակուսի գեղեցիկ ու ընդարձակ բակ: Վերջինիս կենտորոնում կառուցված է մի փոքրիկ ջրավազան, որի շուրջն ընկած է ստվերախիտ ծառերով ծածկված լայն ու խնամքով սալահատակված հրապարակը: Մզկիթն ունի երեք մուտք, երկու փոքրերը՝ արևելյան ու արևմտյան կողմերում, իսկ մեծը՝ հարավային: Բուն մզկիթը գտնվում է հարավային կողմում: Այն բաղկացած է երեք կամարակապ դահլիճներից, որոնք կապված են իրար հետ: Միջին մասում գտնվող ամենաբարձր դահլիճի վրա բարձրանում է նրա գմբեթը: Դրան կից եղած մյուս երկու դահլիճները փոքր են և համեմատաբար ցածր առաստաղ ունեն: Դահլիճներն ընդհանրապես անզարդ են, կառուցվածքով պարզ և ունեցել են հասարակ կահավորում: Զարդարված են միայն դահլիճների՝ դեպի բակը բացվող լուսամուտներըը: Իսկ դրանց զարդն էլ կազմում են գույնզգույն ապակիներով շրջանակների մոտ զետեղված արևելյան նախշերը: Բակի հյուսիսային կողմում գտնվում է փոքր աղոթարանը, որն իր մեծությամբ ու շքեղությամբ հարավային կողմում եղած մզկիթի հետ չէր կարող նույնիսկ համեմատվել: Մինարեն հին Երևանի կառուցվածքների բարձրագույն կետն էր և ուշադրություն էր գրավում շատ հեռվից: Նրա գագաթից մահմեդական հասարակությանը ամեն օր աղոթքի է կանչել ազաչին:



Կապույտ մզկիթը նկարագրել են շատ-շատերը՝ Հաքստհաուզենը, Ե. Լաչինովը, Հովհ. Շահխաթունյանցը, Լինչը, Ուվարովան և ուրիշներ, որոնք նշել են նաև դրան կից գործող հոգևոր տարրական դպրոցի մասին: Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց՝ մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված։