Երևանի հուշարձան-շենքերը քանդուքարափ են արվել

Երևանի հուշարձան-շենքերը քանդուքարափ են արվել

Չարչրկված «Հին Երեւան» նախագիծը կրկին ուշադրության կենտրոնում է, քանի որ կառավարությունը որոշել է 3-5 տարում իրականացնել այն: Շուրջ 10 տարի խոսվում է այս նախագծի մասին, հիմա էլ ասում են՝ գարնանը նախագծի մակետը կդրվի հանրային քննարկման, որից հետո կհամաձայնեցվեն Երեւանի քաղաքապետարանի եւ մշակույթի նախարարության հետ, ու կսկսվեն աշխատանքները: Նոր պատվիրատուն այժմ շվեյցարահայ մեծահարուստ Վարդան Սերմակեսն է, որը սնանկ ճանաչված «Գլենդել Հիլզից» տարածքը գնելու է եւ շուրջ 150 մլն դոլար ներդրում է կատարելու՝ նախագիծն իրականացնելու համար: Իսկ «Հին Երեւանը» կառուցապատվելու է՝ սկսվելով Աբովյան փողոցից՝ փոքր ֆիլհարմոնիայի դիմացից, ուր հին շենքեր կան, Արամի ու Բուզանդի փողոցներից, նաեւ Կողբացու հատվածում՝ հասնելով Գլխավոր պողոտա:



«Վերջապես եղավ այն, ինչ պետք է լիներ, որովհետեւ ես համոզված էի, որ վաղ, թե ուշ պետք է հայտնվեր ներդրող, որը ցանկություն կունենար այս ծրագիրն իրականացնելու:Շուտով պետք է սկսենք, որովհետեւ պայմանագիրը ստորագրվել է կառավարության եւ ներդրողի միջեւ: Կառավարության կողմից հանդես է գալիս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Շուտով պիտի գնամ Ցյուրիխ, հանդիպեմ պատվիրատուի հետ, առաջադրանքն ավելի կոնկրետացնեմ: Ճիշտ է, սա այն ծրագիրն է, որ ինչ ներկայացրել ենք, այդ շրջանակներում պետք է լինի, բայց մեծ գումար է ներդրվելու, պետք է առաջարկներն ու ցանկությունները քննարկվեն»,- ասում է ճարտարապետ Լեւոն Վարդանյանը:



Տարածքում այսօր կանգուն 14 հուշարձան-շենք կա, որոնք, ըստ ճարտարապետի, արդեն քանդված կլինեին, եթե նախապես որոշված չլիներ, որ պետք իրականացվի «Հին Երեւան» ծրագիրը: Իսկ մյուս շենքերը, բացի Տերյան 11-ից, որի ապամոնտաժողը հենց Լեւոն Վարդանյանն է եղել, չեն ապամոնտաժվել, բոլորն էլ քանդվել-ավերվել են: «Երբ ես ծրագիրը ներկայացրել եմ որպես նախագիծ-առաջարկ, խնդիր չեմ ունեցել, որ բոլոր ապամոնտաժված շենքերը հավաքվեն այդ տարածքում, որովհետեւ դա անհնարին է: Իմ նպատակն է սերունդներին ժառանգել, որ նախասովետական շրջանում այսպիսի քաղաք ենք ունեցել: Ես այնտեղ վերականգնելու եմ նաեւ խորհրդային շրջանի առաջին տարիներին քանդված շենքեր, որոնց արխիվային նախագիծը կա, լուսանկարները՝ նույնպես, որոնց հիման վրա էլ կկառուցվեն այդ շենքերը: Իմ խնդիրն է ոչ թե բոլոր շենքերն ընդգրկել, այլ այդ ժամանակին բնորոշ մի քաղաքաշինական միջավայր ներկայացնել եւ տալ սերունդներին»,- պարզաբանում է Վարդանյանը:



Ֆելիքս
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ