Այսպես է սկսվում լեզուն․ Սամվել Մկրտչյանին

Այսպես է սկսվում լեզուն․ Սամվել Մկրտչյանին

Նրա նարնջի հյութով օղին, մխող սիգարետը մատների արանքում հառնում է, հանգչում-հառնում: Կլոր շրջանակով, երկնքի գույն ունեցող ապակիներով ակնոցը մեղմում է շամփրող հայացքը:



Սեղանակիցն ո՞վ է՝ խենթ իռլանդացի՞ն, աշխարհի ամենակարդացվող վեպով, տե՛ս.
Ջոյսի պրն Բլումը Երեւանում հայերեն է զբոսնում, իր սիրելի ներքին օրգանների տապակայի շարքը համալրել է սուր, կտրող, ծակող վայելչական լեզվով:
Ոչ ոք չգիտի, թե որտեղից ձեռք բերեց, գտավ, սահմանեց այդ վարդագունատ, իր խաղաղությամբ ահռելիորեն վտանգավոր պիրկ մկանը: Քաղաքի ո՞ր անկյունում կանգնեց լեզվի աստղաթեւ հայելու առջեւ եւ ի՞նչ փոխանցեց նրան:
Այո, պրն Բլումը Երեւանում է:



Նրանց հանդիպման մասին մենք մանրամասն տեղեկություններ չունենք եւ դժվար թե ունենանք: Այսուհետ հանդիպման արդյունքը մեզ փոխանցված է: Լուսաբացին թարգմանչի բնակարանի պատուհանը ծեծող Ուլիսեսի նավը վերցնում է իր պատկանելիքը: Մենք միայն կարող ենք նայել բաց ծովում հեռացող նավի կայմին: Բայց հրաժեշտի հայացքը նայելը չէ: Թարգմանչին տանող նավը վերադարձնում է Ինքն Իրեն՝ ազատագրելով, սկզբնադրելով լեզվի շարունակությունը: Սամվել Մկրտչյանը ոչ թե թարգմանեց, այլ ստեղծանեց: Ոչ թե ցույց տվեց, այլ՝ բացահայտեց: Նարնջի հյութով օղին, կլոր շրջանակով, երկնքի գույն ունեցող ապակիներով ակնոցը սրճարանի սեղանին թողնելով՝ դուրս են գալիս... նրանք՝ թարգմանիչն ու Պրն Բլումը: Կարեւորը ձեռնափայտն է, մի կյանք, որի վրա կարելի է հենվել, զվարթ պտտեցնել, հարցեր տալ նրան, լռել միասին, միասին արարել: Խաչմերուկ չհասած՝ բաժանվում են, ընտրում տարբեր փողոցներ:
Պրն Բլումը երջանիկ է՝ Երեւանը շփոթել է Դուբլինի հետ:



Ջոյսը ցնծության մեջ է: Նրա հոսող գիտակցությունը լիաթոք վայելում է պատմության ամենաթողությունը՝ լեզուն առանց միջնորդի:
Եվ ուրեմն թարգմանչին տանող Ուլիսեսի նավի վրա իսկական տոն է՝ բանաստեղծության հրավառություն՝ Շեքսպիր, Փաունդ, Քոհեն, Բուքովսկի… նավը կրկնում է Էլիոթի տողերը.



Այսպես է վերջանում աշխարհը



Այսպես է վերջանում աշխարհը



Այսպես է վերջանում աշխարհը



…ու լսում ծովի արձագանքը՝ Եվ այսպես է սկսվում լեզուն, այսպես է սկսվում լեզուն: