Ինչպես պարտքերը ծնեցին «Անքնությունը»

Ինչպես պարտքերը ծնեցին «Անքնությունը»

Այս ներկայացումը ծնվել է դերասանի անքնությունից, ծնվել է նրա կուտակած պարտքերի շնորհիվ, նրա առողջության հաշվին, նրա մտածմունքներից:



Հովհաննես Դավթյանը խոստանում է 2 ժամ ծիծաղի անսպառ պահեր, բայց չի խոստանում, որ դուք հուզված չեք լինի տուն վերադառնալուց: «Անքնություն». պարզ վերնագիր և հայաստանյան հազար ու մի դարդեր, քաղաքականություն, եհովայի վկաներ, ժավելի սպիրտ վաճառող, կոմայգում կանգնող տղաներ…



«Ուղղակի հասունացավ նախագիծը խմորումների ընթացքում, պետք էր թատրոնի բեմ բարձրացվեր: Իհարկե, անդրադարձ կա քաղաքականությանը, առանց քաղաքականության չեմ պատկերացնում որևէ պրոյեկտ, առավել ևս կատակերգություն: Անկախ նրանից, որ կատակերգական ներկայացում է, ես սիրում եմ, որ ժանրը, դրամատուրգիական և սցենարական գիծը, նաև դերասանական խաղն ընթանում է տրագիկոմիկ տարրերով, այսինքն՝ միայն ծիծաղեցնելն ինձ այդքան հոգեհարազատ չի, ինչքան ծիծաղի տակ լաց դնելը: Եթե ո՛չ լաց, գոնե մտածելու տեղիք տա։ Հանդիսատեսը դուրս գալով թատրոնից՝  պետք է մտածի ինչ սովորեց ներկայացումից, ինչ վերցրեց:



Հնարավոր է՝ ես որևէ թեմայի անդրադառնում եմ ծաղրով, բոլորն են ծիծաղում այդ պահին, բայց ծիծաղից հետո մարդ սթափվում է և հասկանում, որ իր վրա է ծիծաղում, բարեկամի, ընկերոջ, հարազատի վրա, այսինքն՝ ընդհանուր պրոբլեմ է, դա պետք է շտկել: Ներկայացման վերջում անդրադառնում ենք մի շատ կարևոր ցավալի թեմայի ինձ համար՝ արտագաղթին, որը շատ հրատապ հարց է, որ սպառնում է մեզ, մեր ժողովրդին»:



-Այսինքն՝ Հայաստանից հեռանալու մտքեր ձեզ չե՞ն այցելում։



-«Ես երբեք չեմ ասում երբեք: Հետևաբար, ես չեմ ասի, ես երբեք չեմ լքի երկիրը, որ հանկարծ, աստված չանի, այդպես լինի, նոր հոդվածի տեղիք տա: Այս պահին այդպիսի միտք չկա: Չնայած միտքը միշտ թևածում է քո ուղեղում, բայց դու պետք է որպես հայրենասեր մարդ, արժանի քաղաքացի այդ մտքերը ցրես քո ուղեղից և չմտածես այդ մասին, որովհետև եթե սկսես մտածել, ապա մի օր կանես դա ու կհեռանաս: Ներկայացումն էլ վերջանում է քարոզով, որ, անկախ ամեն ինչից, մարդիկ չլքեն երկիրը, և հուսով եմ՝  բոլորը մի օր աշխարհի բոլոր ծայրերից կգան իրենց երկիր և կապրեն իրենց տներում:



-Այսօ՞ր էլ դեռ կա այն իրականությունը, որ դերասանները թատրոնում շատ քիչ են վաստակում։



-«Ամենալավ վարձատրվող արտիստների աշխատավարձն իմ իմանալով մոտավորապես տատանվում է 250-300 դոլարի սահմաններում, իսկ մենք շատ լավ գիտենք, որ մեր օրերում այդ գումարով հնարավոր չի: Հետևաբար մենք, ինչպես նաև այլ բնագավառների մարդիկ , անում ենք մի քանի գործ, որպեսզի հասցնենք:



-Ինչպես օրինակ սերիալները՞, Ձեզ չի՞ հուզում, թե հանդիսատեսն ինչեր է խոսում սերիալների մասին՝ անճաշակ, ցածրորակ։



-Սերիալարտադրության առաջին օրվանից այդ կարծիքները պտտվում են, ասեմ ավելին, չեմ էլ բացառում, որ դա այդպես է: Բնականաբար ավելի ցածրորակ և ցածրաճաշակ բան է սերիալը, քան գեղարվեստական ֆիլմը, կամ գեղարվեստական ֆիլմն այնքան արժեք չունի ինձ համար, ինչքան թատրոնի բեմում կենդանի շփումով, կենդանի արվեստով ստեղծագործելը և ելույթ ունենալը: Կարծում եմ՝  սերիալում խաղալը վատ չի, խաղում են բոլոր դերասանները, համարյա թե այդպիսի դերասան չեղավ, որ կարողանա պահել:



Հովհաննես Դավթյանը խոսեց նաև իր ձգտումների մասին



«Ես այնքան բանի եմ ձգտում: Ես իմ ձգտումների պատճառով եմ փչացրել առողջությունս ու այս խնդրին հանդիպել կյանքում: Մասնագիտական ձգտումս հետևյալն է․ stand-up ժանրում, որը Հայաստանում ծաղկում չի ապրել, դեռ պիկին չի հասել և նոր ուզում է ծաղկել, ուզում եմ հանդես գալ այդ ժանրում: Վեր կհնչի ասել ես բարձրացնեմ, ես նեկայացնեմ, կատարողներ շատ կան, դաշտն ազատ է, ուղղակի իմ նպատակն այս պահին ամեն ինչի հետ զուգահեռ, բայց առաջնային տեղում այս ներկայացումը ներկայացնելն է և հետագայում նաև այս ժանրում տարբեր ներկայացումներում հանդես գալը:



-Համաձայ՞ն եք այն մտքի հետ, որ երիտասարդ սերունդը հեռու է թատրոնից։



-Կախված է մարդուց, թե ինչ դաստիարակության երիտասարդ է, ինչ ընտանիքից է դուրս եկել, նաև իր անձնական սիրուց դեպի թատերարվեստը: Ես 13 տարի խաղացել եմ Սունդուկյանի անվան թատրոնում ու չեմ հիշում դատարկ դահլիճ, ես հաճախում եմ տարբեր ներկայացումների, չեմ տեսել դեռ դատարկ դահլիճ: Հետևաբար, այդ խոսակցությունները կամ հերյուրանք են, զրպարտանք կամ էլ չգիտեմ … համաձայն եմ, որ առաջների համեմատ մարդիկ քիչ են հաճախում, որովհետև երբ լսում եմ պատմություններ, կամ դիտում եմ կադրեր հին ժամանակների ներկայացումներից, երբ խաղացել են Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, մեր մեծերը, հսկաները, չգիտեմ լեգենդնե՞ր են, հորինվա՞ծք է, թե իրականություն, մարդիկ տոմսարկղերի մոտ կրակ են վառել, տաքացել, որ առավոտյան բացվի տոմսարկղերը և հասցնեն տոմս գնել: Եթե դա այդպես է, գովելի է, բայց հիմա այդ աստիճանի չի: