Հարսանիքը՝ հարսանքավորներով, թաղումը թափորով է գեղեցիկ

Հարսանիքը՝ հարսանքավորներով, թաղումը թափորով է գեղեցիկ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, թե պատգամավորները ոչ միայն պաշտպանում են Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, այլեւ ծափ են տալիս, մեղմ ասած, ստիպում է մտորել մի հարցի շուրջ, որը հարիր չէ ոչ միայն քաղաքական ասպարեզին, այլեւ մարդ արարածին առհասարակ: Եվ միակ արտահայտությունը, որ թռչում է բերանիցդ, սա է. «Վայ, մամա ջան, կուդա՞ յա պապալ, գդե՞ մայի վեշչի»: Սերժ Սարգսյանը, փաստորեն, Կորեայում վերապատվաստվելուց հետո դարձել է Կիմ Չեն Ին: Աներեւակայելի է, բայց` փաստ:



Այսուհանդերձ, եթե մենք չենք ընդունում, որ ԱԺ-ն նաեւ գժանոց է, պետք է փոքրիկ հետաքննություն անցկացնենք եւ պարզենք` ԵՏՄ-ին կողմ քվեարկած բոլո՞ր պատգամավորներն են ծափահարել, թե՞ միայն հանրապետականները, բոլո՞ր հանրապետականները, թե՞ միայն անուղեղները, որոնք հետո ԱԺ միջանցքներում հարցազրույցներ տվեցին ու հայտարարեցին, որ Հայաստանն ինչի հասել է` Ռուսաստանի հովանավորությամբ է հասել, եւ, առհասարակ, մեր գլխին միշտ պետք է մեկը լինի:
Ես չեմ կարող ասել` ԱԺ-ում քանի պատգամավոր կա, որ գիտակցում է դեկտեմբերի 4-ի քվեարկության ողջ խայտառակությունը, բայց ակնհայտ է, որ այդպիսիք խղճուկ փոքրամասնություն են կազմում: Սակայն ես վստահ եմ, որ այդ փոքրամասնության մեջ, այնուամենայնիվ, եղել են մարդիկ, ովքեր պայքարել են, որ քվեարկությունը տեղի ունենա ոչ թե Հայաստանի խորհրդայնացման 94-րդ տարելիցի օրը (նոյեմբերի 29), այլ մի քանի օր հետո` դեկտեմբերի 4-ին: Հայտնի է, որ բոլշեւիկները սիրում են իրենց պատմական հաղթանակները նշել խոշոր հանդիսություններով: Հետեւաբար, կարող ենք ասել, որ այս անգամ չեն հաջողել, եւ այդ փոքրամասնությանն ենք պարտական, որ ՀՀ հերթական սովետականացումը չհամընկավ 1920 թվականի սովետականացման հետ:



Նշված հանգամանքը, սակայն, որեւէ կերպ չի անդրադառնում այն իրողության վրա, որ ՀՀ ԱԺ-ն առաջինը եւ միակը եղավ այն պետությունների խորհրդարանների մեջ, որոնք մոտ էին ԵՄ ասոցացման համաձայնագիր ստորագրելուն, բայց չստորագրեցին: Հուսամ` Վիլնյուսը ոչ ոք չի մոռացել: Բայց ՀՀ ԱԺ-ն նաեւ առաջինը եւ միակը եղավ ողջ մարդկության պատմության մեջ, որ ծափահարելով դեն նետեց իր երեքուկես տարվա աշխատանքը: Կներեք, իհարկե, բայց սա արդեն ոչ թե քաղաքականություն է, ոչ թե օրենսդիր մարմին, այլ մանկապարտեզ: ՀՀ ԱԺ մեծամասնությունը հարյուրավոր օրինագծերի էր օրենքի ուժ տվել, որոնցով ենթադրվում էր մեկ բան` եվրաասոցացում: ԱԺ նույն մեծամասնությունը քեֆ-ուրախությամբ ողջունում էր ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ԵԺԿ-ացումը, պատրաստվում էին եվրոպական արժեքներ ներկրել Հայաստան, բայց մեկ քվեարկությամբ, դեկտեմբերի 4-ին, այդ ամենին վերջ տրվեց: Ստացվում է, որ այս ԱԺ-ն երեքուկես տարի զուր փող է վատնել, ապուշացրել ժողովրդին, ձեւատել քաղաքական դաշտը, այլ բառով` կապիկությամբ է զբաղվել:



Ինչպե՞ս հավատաս այսքանից հետո, որ այս ԱԺ-ն, երբ Հայաստանը վերջապես հայտնվեց կոռուպցիայի համաշխարհային կիզակետում` ԵՏՄ-ում, կպայքարի կոռուպցիայի դեմ, կպայքարի հանուն օրինականության, հանուն մարդու իրավունքների, հանուն ժողովրդի բարեկեցության: Ընտրական օրենսգրքի ի՞նչ փոփոխության մասին կարող է խոսել այս ԱԺ-ն, երբ նրա 131 պատգամավորներից 103-ը կողմ են ընտրությունները կեղծելուն, Պուտինի, Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի օրինակով` Հայաստանի նախագահի տոկոս խփելուն:
Դե, իսկ փետրվար-մարտին լինելու է զավեշտի գագաթնակետը: Սերժ Սարգսյանը, ինչպես դա արեց սեպտեմբերի 3-ին, փետրվարի 3-ին կարող է հայտարարել, որ սահմանադրական բարեփոխումների փուլն ավարտվեց, ու սկսվում է Սահմանադրությունը չփոխելու փուլը: Եվ, կարող եք չկասկածել, նորից ծափահարություններ կհնչեն ԱԺ-ում: Ի՞նչն է խանգարելու Սերժ Սարգսյանին Նուրսուլթան Նազարբաեւին կամ Ալեքսանդր Լուկաշենկոյին ասոցացվելու հարցում: Բավական է մատի մի շարժում, որ մեծամասնությունը ոչ միայն ծափահարի, այլեւ այդ օրը վարտիքներով գա խորհրդարան կամ բիկինիով:



Ի՞նչ անել: Կարծում եմ՝ դեկտեմբերի 4-ի քվեարկության եւ ծափերի պատճառով պետք է ցրել այս Ազգային ժողովը` փաստելով, որ այն անընդունակ է դիմակայել ԵՏՄ-ի մարտահրավերները եւ իր անողնաշար պահվածքով նպաստում է Հայաստանի եւ հայ ժողովրդի վասալացմանն ու անանկախությանը:



Երեւանի կենտրոնում աղբամանները նոր են: Կարելի է այդ ծափ տվողներին մեկիկ-մեկիկ հայտնաբերել եւ, Կիեւի օրինակով, նետել Դեմիրճյան փողոցում տեղադրված նոփ-նոր տարաների մեջ: Ի դեպ, չի բացառվում, որ դրանք բերվել են հենց այդ նպատակով: Մեր նախագահը, ինչպես պնդում է երեք հոգավորների մամուլը, ծափահարողներին փչացնելու սիրահար է: