Պատահաբար մեր պետականությունը վտանգված չէ՞

Պատահաբար մեր պետականությունը վտանգված չէ՞

Ո՞ւմ են սպասում ՀՀ իշխանությունները, ինչո՞ւ չեն հայտարարում, որ մեր երկրի դեմ դիվերսիա է կատարվում, որ պետականությունը վանգված է:



Բոլոր պետական կառույցներն ու իշխող քաղաքական ուժը հերքում են իրենց մասնացությունը արդեն քանի օր շարունակվող այս ծեծուջարդին: Թվում է՝ ոստիկանությունը չի վերահսկում իրավիճակը, այլապես ինչպե՞ս կարող էին ծեծող բանդաներն այդպես անարգել շրջել քաղաքում և ծեծել ազատամարտիկների ու քաղաքական գործիչների:



Երբ Պարույր Հայրիկյանի վրա կրակոց եղավ, ողջ իշխանական դասը հայտարարեց, որ պետությունը կործանվելուց է փրկվել: Իսկ ինչո՞վ է ներկա ընթացքը տարբեր Հայրիկյանի դեպքից: Մի՞թե միայն նրանով, որ հրազեն չի կիրառվում: Բայց չէ՞ որ վաղը դա էլ կլինի, եթե այս ամենի առաջը չառնեն:



Տարակուսած հասարակությունը պատասխաններ է ակնկալում: Ոչ մի պաշտոնյա չի բարեհաճում իրավիճակին գնահատական տալ: Բոլորն զբաղված են չքմեղանալով: Այսպիսի իրավիճակում, բնական է, պետք է լինեն նաև այն տարաբնույթ հայտարարությունները, որ իշխանությունների ձեռքի գործն է սա, որ կրիմինալ աշխարի նրանց դիմակավորված վարձկաններն են հարձակվում ազատամարտիկների ու ընդդիմադի գործիչների վրա, այրում նրանց մեքենաները:



Իսկ եթե այս ամենը պետության դե՞մ է, Հայաստանում խժդժություններ առաջ բերելու փո՞րձ: Հայաստանում կա՞ ազգային անվտանգության ծառայություն, թե՞ այդ համակարգի բոլոր աշխատակիցները, բոլորով միասին, թոշակի են անցել:



Էդիկ Անդրեասյան