Խոշոր բանկերը լրացուցիչ բիզնես են ստանալու փոքրերի հաշվին

Խոշոր բանկերը լրացուցիչ բիզնես են ստանալու փոքրերի հաշվին

Տարեսկզբից բանկերում խուճապ է: Սկսվել է խոշորացման գործընթաց, որը կապված է դրանց ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը 6 անգամ բարձրացնելու, 5 միլիարդից 30 մլրդ դարձնելու մասին ԿԲ որոշման հետ: Մի քանի բանկեր արդեն միավորման ինչ-որ ներքին պայմանավորվածություններ են ձեռք բերում: Ըստ ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, այս որոշման արդյունքում 7-8 բանկ է փակվելու: «Մարդիկ այս որոշմամբ փաստի առաջ կանգնեցին»,- ասում է նա: Հրանտ Բագրատյանին, որն այս որոշումն «էքստրաօրդինար սխալ» է համարում, խնդրեցինք բացահայտել դրա ընդունման տրամաբանությունն ու հնարավոր հետեւանքները:



- Ի՞նչ համաչափություն կա ընդհանուր կապիտալի եւ վարկավորման տոկոսի միջեւ:



- Առհասարակ, կապիտալի հարցն աշխարհում այսպես է լուծված. կապիտալն ու ակտիվները (պասիվները) պետք է որոշակի համարժեքության մեջ լինեն: Եթե դու շատ վարկ ես տալիս, պետք է ունենալ բարձր կապիտալ, որը կփոքրացնի ռիսկերը, բայց այդտեղ ոսկե միջինի խնդիր կա: Եթե շատ բարձր լինի կապիտալը, վարկը թանկանում է: Որովհետեւ ավելի շատ փող ես դրել: Ընդհանուր կապիտալի 5 մլրդ դրամ չափը, այսինքն 12 մլն դոլար, որն ընդունվել էր, եթե չեմ սխալվում՝ 8 տարի առաջ, ռեկորդային մեծ էր: Այդ պահին Ռուսաստանում 3 մլն դոլար էր: Մինչդեռ Ռուսաստանի էկոնոմիկան մեզնից հզոր է, բանկային համակարգը մեծ է ավելի եւ այլն:



- Բայց ինչո՞ւ այն ժամանակ ընդունվեց 5 միլիարդը:



- Շատ պարզ, որպեսզի այն ժամանակվա ԿԲ նախագահը, որը նախկին վարչապետն էր, ինքն իրեն հանգիստ զգա: Եթե հանկարծ որեւէ մեկը վարկը հետ չի տվել, ապա բարձր կապիտալը թույլ է տալիս խուսափել տհաճ պատմություններից: Չարաշահում էին, միանշանակ, թե ավանդատուների փողերն ուզում ենք լավ պահել: Մյուս կողմից էլ, եթե ավանդատուների փողերն ուզում եք ավելի լավ պահել, ինչո՞ւ տնտեսության վարկավորման տոկոսն այս տարիներին այդպես էլ չիջավ 18-20 տոկոսից: Դրանից հետո եղավ մի ուրիշ բան: Հանկարծ 2014-ի դեկտեմբերի 30-ին որոշում են փոխել կապիտալի չափը, դարձնելով 30 մլրդ կամ 60 մլն դոլար: Որպեսզի պատկերացնեք, թե որքան արկածախնդիր որոշում է, նշեմ, որ այս պահի դրությամբ աշխարհում 3-4 երկիր կա, որտեղ այն ավելի է: ՌԴ-ում 4 մլն դոլար է, Ուկրաինայում՝ 11, ԵՄ երկրներում՝ 6-7 մլն դոլար, ԱՄՆ-ում՝ գրեթե ոչինչ:



- Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով ԿԲ-ն նոր տարվա շեմին, անաղմուկ եւ անսպասելի նման բան արեց:



- Կարելի է մի քանի բան կարծել: ԿԲ-ն հայտարարել է, որ սա կոնսոլիդացիայի նպատակով է: Ի՞նչ կոնսոլիդացիա, անհասկանալի է: Իբր թե մեր ավանդները կարճաժամկետ են, վարկերը կարճաժամկետ են, եւ սա թույլ կտա, որպեսզի լինեն խոշոր բանկեր, ռիսկերը փոքրանան, եւ երկարաժամկետ ծրագրերը ֆինանսավորվեն: Բայց բանն այն է, որ երկարաժամկետ ֆինանսավորման համար, ներդրումների համար գոյություն ունի ներդրումային բանկերի ինստիտուտ, որը մեր ԿԲ-ն մինչեւ հիմա սա չի զարգացրել: Բանկերն առեւտրային վարկավորման համար են, ոչ թե ներդրումների:



- Թեզ կար նաեւ, թե դոլարային վերջին ճգնաժամը դեր կատարեց, եւ ԿԲ-ն ցանկացավ ավելի անվտանգ դարձնել մեր ֆինանսական շուկան:



- Սա նույնպես չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ բոլոր տեսակի ճգնաժամերը, այդ թվում նաեւ 2014-ի դեկտեմբերինը, 2008-ինը, խոշոր բանկերն ավելի դժվար են տանում: Այստեղ անազնվություն կա որոշումների մեջ: Այս որոշման արդյունքում մոտ 6-8 բանկ փակվելու է, եւ դրանք բոլորն էլ պրոբլեմային բանկեր չեն: Այսօր մենք եթե բանկային համակարգում պրոբլեմ ունենք, որը վերավարկավորմամբ փակում են, կապված է խոշոր բանկերի հետ: Ավելին, փորձում են օգտագործել փոքր բանկերի կապիտալը՝ դրանք լավացնելու համար: Սա ստիպելու է, որպեսզի այս փոքր բանկերը համեմատաբար ցածր գնով վաճառվեն ու գնան: Հազարավոր մարդիկ անգործ կմնան:



- Փաստորեն, այն գործարարները, որոնք փոքր գումար ունեն եւ կարող են վարկավորել, ասենք, գյուղացիական տնտեսությունների, այլեւս չեն կարող դա անել: Չէ՞ որ սա վնաս է նաեւ տնտեսության համար:



- Իհարկե: Այսօր, կոպիտ ասած, բոլոր բանկերի ընդհանուր կապիտալը 500 մլրդ դրամ է: Այս փոփոխությունից հետո մոտ 650 կլինի: Հիմա, 150 մլրդ դրամ փողը, որը 300 մլն դոլար է, ոչ թե կգնա տնտեսության զարգացմանը, այլ կնպաստի, որպեսզի մենք էլ ավելի «գերապահով» բանկեր ունենանք, որոնք էլ ավելի բարձր տոկոսով վարկեր կտան: Վճարողը տնտեսությունն է, կառավարությունը:



- Այսինքն, վարկավորման դաշտը չի լայնանա:



- Ոչ: Բացարձակ անտեղի, կոպտագույն սխալ, եւ ես, ճիշտն ասած, չէի էլ հավատում, որ Հայաստանը կհամարձակվի նման բան որոշել: Հայաստանի տնտեսության ազատական ինդեքսը 2016 թվականի համար այն միանգամից կիջեցնի 10-12 կետով:



- ԿԲ-ն գտնում է, որ բանկային համույթում համաձայնություն կա, որ կապիտալի միաձուլման համաձայնություններ կան արդեն փոքրերի եւ որոշ խոշորների միջեւ:



- Ես կարծում եմ, որ սա համաձայնեցված չէ, բոլոր փոքր բանկերը դժգոհում են, իսկ այն բանկերը, որոնք 30 միլիարդից ավելի կապիտալ ունեն, բնականաբար, գոհ են: Նրանք լրացուցիչ բիզնես են ստանալու փոքրերի հաշվին:



- Ստացվում է, որ ԿԲ-ն է կառավարում բանկերը, ինչ-որ որոշումներ պարտադրում, որքանո՞վ է սա համապատասխանում ազատ շուկայական տնտեսության կանոններին:



- ԿԲ-ի դիրքորոշումն ու կառուցվածքն այլեւս մոդեռն չեն: Պետք է փոխվի: Օրինակ, ԱՄՆ-ում համարյա պահանջ չկա կապիտալի վերաբերյալ:



- Իսկ այլ երկրներն ինչպե՞ս են լուծում կապիտալի խնդիրը:



- Այս հարցը լուծվում է համարժեքության սկզբունքով: Կամ բանկերը բաժանվում են դասերի՝ խոշոր, միջին եւ փոքր, եւ ամենքի համար առանձին նորմատիվ է սահմանվում: Այս որոշմամբ Հայաստանում արգելվում է փոքր տնտեսվարման ձեւը բանկային համակարգում: Կա նաեւ այլ ձեւ: ԵՄ շատ երկրներում կապիտալի չափը գործակցող նորմատիվով կապված է բանկի ակտիվների կամ պասիվների հետ: Օրինակ, տրված վարկերը 100 մլն են, կապիտալը պետք է լինի 8 մլն դոլար: Եթե հանկարծ որեւէ պատճառով վարկերդ պակասեցին 50, կապիտալդ եւս կարող ես պակասեցնել: Կարելի է վարվել ավելի խիստ, քան ԿԲ-ն է վարվում: Բայց ինչո՞ւ պետք է մի բանկ, որն ունի 80-90 մլն դոլարի վարկավորում, ունենա 60 մլն դոլար կապիտալ: Բացի դա, կան նաեւ այլ գործիքներ, որոնցով կարելի է հսկել բանկերի հուսալիությունը՝ պահուստավորում, արժեթղթեր գոյություն ունեն: Ես պարզապես շոկի մեջ եմ: Սա էքստրաօրդինար սխալ որոշում է: