100-ամյակն առանց հիմարությունների

100-ամյակն առանց հիմարությունների

Եթե հիշում եք՝ «Նախախորհրդարանը» խոստանում էր ռեժիմից ազատվել մինչև ապչիլի 24-ը, այսինքն՝ 100-ամյակը դիմավորել առանց ռեժիմի: Անցավ մի որոշ ժամանակ, «Նախախորհրդարանը» դարձավ «Հիմնադիր խորհրդարան», նրանում ընդգրկված երիտասարդները վիրտուալ «պաշտոններ» ստացան... Նրանք, ինչպես էպոսում, ոչ թե տարիներով, այլ օրերով ու ժամերով էին մեծանում ու դառնում ավելի խելացի: Եվ ահա, որոշեցին ավտոշարասյունով գնալ Արցախ և Արցախը ազատագրել Ռուսաստանի և Հայաստանի ռեժիմի լծից, իսկ եթե ոչ լրիվ ազատագրել, ապա գոնե իրազեկել արցախցիներին, որ «Հիմնադիր խորհրդարան» անունով մի ուժ կա, որ 100-ամյակը դիմավորելու է առանց ռեժիմի:



Նորից չպատմեմ, թե ինչ տեղի ունեցավ Բերձորում: Ինչևէ, ծեծ ուտելուց հետո վիրտուալ պաշտոնյաները ավելի կատաղի դարձան ու հայտարարեցին, որ ռեժիմի հարցերը հենց ապրիլի 24-ին են լուծելու, երբ փողոցում պատրաստի ժողովուրդ կլինի:



Այս գաղափարը, բնականաբար, ոչ մեկին դուր չեկավ: Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի նման էտալոնը դադարեցրեց փողոցային-հանրահավաքային պայքարը, որպեսզի, Աստված մի արասցե, չխանգարի հայոց պահանջատիրությունը այս կարևորագույն հանգրվանում նշանակալիորեն առաջ տանելու գործին:



Այսօր, ով զարմանք, Ժիրայր Սեֆիլյանը ոչ միայն իր շարասյունով «տարանի» չի գնում Գյումրիի վրա, այլև հայտարարում է. «Գիտե՞ք ինչ, մենք բոլորի նման ապրիլի 24-ին կմասնակցենք բոլոր միջոցառումներին, իսկ ռեժիմի հեռացումը կսկսենք ապրիլի 25-ից»: Նաև հավելել է. «Դա մի պրոցես է, որ ավարտվելու է ռեժիմի հեռացմամբ, իսկ մենք ժողովրդին հուսախաբ չենք անելու»: Չի ավելացրել միայն՝ «հորս արև» ծանրակշիռ բառակապակցությունը:



Բայց, ինչպես ասում են՝ առաջընթացը նկատելի է: Արդեն չի բացառվում, որ մենք ապագայում ունենանք «101- ամյակն առանց ռեժիմի», «102- ամյակն առանց ռեժիմի», «103-ամյակը...» սերիաները: Ժիրայր Սեֆիլյանը պատրաստվում է երկարատև պայքարի, ինչը լավ է ոչ միայն ռեժիմի, այլև իր՝ որպես քաղաքական գործիչ կայանալու համար: