Համաձայն չեմ «թանկի» հետ

Համաձայն չեմ «թանկի» հետ

«Բայց եկեք Ցեղասպանության 100-ամյա տարելիցն ուղղակի չկապենք զբոսաշրջության հետ: Աշխատանքներ ունենք կատարելու, սպասելիքներ զբոսաշրջության առումով՝ ոչ». էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը կտրականապես հրաժարվեց այն մտքից, թե ապրիլի 24-ին տեղի ունենալիք միջոցառումները զբոսաշրջիկներ կարող են բերել Հայաստան:



Հիշեցնենք, որ մեր նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք հյուրանոցների գնային համակարգերին: Ֆիքսել էինք, որ որոշ հյուրանոցներ ապրիլ ամսվա համար իրենց սենյակների գները եռապատկել են: Մեխակ Ապրեսյանից փորձեցինք ճշտել, թե տվյալ դեպքերում իրենց անելիքը որն է: «Ընդհանրապես, գնային քաղաքականությանը ներազդելու դեպքերը սահմանվում են օրենքով: Խոսքը վերաբերում է շուկայում գերիշխող դիրք գրավելուն, այսինքն՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված է, որ եթե այս կամ այն տնտեսվարող սուբյեկտը շուկայում ունի գերիշխող դիրք, այդ դեպքերում պետությունը կարող է միջամտել նրա գնային քաղաքականությանը:



Զբոսաշրջության ոլորտում, հյուրանոցային ծառայությունների ոլորտում մենք չունենք գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ: Ընդհակառակը՝ բավականին խիստ, կոշտ մրցակցություն է տիրում մեր այս ոլորտում, եւ այստեղ պետական մասնակցության եւ կարիք չկա, եւ պարզապես այսպիսի լիազորություն որեւէ մարմին չունի: Եվ ճիշտ էլ չի լինի»,-ասաց Ապրեսյանը: Ստացվում է, որ յուրաքանչյուր հյուրանոցային համալիր կարող է բարձրացնել իր գնացուցակը որքան ցանկանա՞: «Բազմաթիվ հյուրանոցներ, բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ նրանցից որեւէ մեկը չի կարող շուկայում եղանակ ստեղծել, գին թելադրել: Այդ դեպքում կարգավորողը շուկան է, նաեւ առաջարկ-պահանջարկն այդ շրջանակներում: Իհարկե, հնարավորինս այս պարբերական քննարկումների միջոցով պետություն-մասնավոր հատված: Հնարավորինս այդ ընդհանուր ընկալումը չլինի անհարկի գնի բարձրացում եւ այլն, դա կա, բայց այնքանով, որքանով որ դա հնարավոր է: Պետությունը չի կարող ասել՝ վե՛րջ, այս գնից ավել դուք հանկարծ ձեր այս ապրանքը չվաճառեք՝ ցանկացած ապրանքի, ծառայության դեպքում: Բայց եթե կա այդ ընկալումը պարբերական քննարկումների ընթացքում, պատրաստակամություն՝ հնարավորինս լինել աջակից, հնարավորինս նպաստել այդ գործընթացների պատշաճ կազմակերպմանը, դա կա, բայց չմոռանանք նաեւ, որ կա շուկա, առաջարկ-պահանջարկ, եւ ուղղակի վերցնել ասել՝ չի կարելի, էս ա գինը, ու վերջ: Մի խոսքով, պետության անելիքն այս պարագայում քննարկումներ… այս կարգի պետք է լինի»:



Մեր այն դիտարկմանը, որ արտասահմանում ապրող մեր հայրենակիցներն առանց այդ էլ Հայաստանը համարում են թանկ երկիր, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց. «Ես նորից եմ ասում, որ համաձայն չեմ այդ «թանկաբազարի» հետ, եւ այդպիսի ցայտուն տվյալներ, կարծում եմ, համատարած չկա: Մենք կարող ենք վերցնել մեկ-երկու հյուրանոց, որը չի կարող եղանակ ստեղծել եւ տրամադրություն ստեղծել ամբողջ Հայաստանում, այդպես է: Նա էլ միգուցե կունենա իր արգումենտները: Կարող է թանկացնի, ընդհանրապես իր մոտ մարդ չգնա, չէ՞: Իսկ եթե ազատ համարներ էլ չունեն, համ վճարում ենք, համ էլ ասում ենք… մի խոսքով»:



Ըստ վիճակագրության, Հայաստանում այս պահին գործում են 330-ից ավելի հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնցից ավելի քան 60 տոկոսը գտնվում է հանրապետության մարզերում: «Ընդհանուր 10 հազար սենյակ են ապահովում, շուրջ 20 հազար ննջատեղ: Այս թվի մեջ չեն մտնում զբոսաշրջային տները, որը 200-ից ավելի են հանրապետության ողջ տարածքում, եւ չեն մտնում այն վարձով տները, որոնք տրվում են եւ բավականին լավ կահավորված են»,- նշեց Մեխակ Ապրեսյանը: