Ապրիլի 24-ին Երեւան միայն դեսպան ուղարկելը նորվեգացի գրողը որակել է որպես ստորություն (տեսանյութ)

Ապրիլի 24-ին Երեւան միայն դեսպան ուղարկելը նորվեգացի գրողը որակել է որպես ստորություն (տեսանյութ)

Նորվեգացի տարբեր գործիչներ քննադատել են Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին Երեւանում դեսպանի մակարդակով ներկայանալու՝ պաշտոնական Օսլոյի որոշումը, տեղեկացնում է yerkirmedia.am-ը:



«Նորվեգիան պետք է ավելի ազդեցիկ քայլ կատարի, քան դեսպանին ուղարկելն է: Ցանկացած այլ քայլ Նորվեգիայի կառավարության կողմից ստորություն է»,- ասել է նորվեգացի գրող, ստամբուլաբնակ Օյգենե Շուլգինը: Իսկ նորվեգացի պատմաբան Բարդ Լարսենի համոզմամբ՝ Նորվեգիան իր քայլերով աղճատում է իրական պատմությունը:



«Եթե հետեւենք այս կառավարության տրամաբանությանը, ապա Հոլոքոստը եւս ցեղասպանություն չի եղել»,- փաստել է նա: Հայաստան բարձրաստիճան պաշտոնյայի չուղարկելու մասին որոշումը տարօրինակ է անվանել նաեւ նորվեգացի լրագրող Յան Օտո Յոհանսենը: Նրա կարծիքով՝ այս վերաբերմունքի հետեւում Անկարայի եւ Օսլոյի տնտեսական շահերն են:



Նորվեգիայի պետքարտուղար Բարդ Գլադ Պետերսոնը vg.no լրատվամիջոցին ասել է, թե նորմալ է, որ միջոցառումներին մասնակցելու է միայն դեսպանը: Նա չի հերքել, որ 1915 թվականին հայերի դեմ զանգվածային կոտորած է իրականացվել, սակայն կատարվածը չի անվանել «Ցեղասպանություն»: Պետերսոնը բացատրել է, թե իր կառավարությունը սխալ է համարում ավելի վաղ տեղի ունեցածն անվանել «Ցեղասպանություն», եթե Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է միայն 1948 թվականին: