Մի՞թե Եվրանեսթի ուկրաինացի համանախագահը վիրավորված էր հայ պատվիրակներից

Մի՞թե Եվրանեսթի ուկրաինացի համանախագահը վիրավորված էր հայ պատվիրակներից

Ես շնորհակալություն եմ հայտնում Եվրանեսթին, որ ընդունեց Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիայի վերաբերյալ բանաձևը։ Ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ ռազմական գործողություններ են ծավալվում Ուկրաինայի դեմ, ինչը հանգեցրեց բազմաթիվ զոհերի։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Եվրանեսթ ԽՎ համանախագահ, Ուկրաինայի պատվիրակ Բորիս Տարասյուկը։
Նա նաև տեղեկացրեց, որ հաջորդ լիագումար նիստը ոչ թե եվրոպական խորհրդարանում, այլ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի կունենա 2017 թվականին։




Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ծավալած ագրեսիային վերաբերող բանաձևին հայ պատվիրակները կամ նրանց մի մասը հնարավոր է՝ դեմ են քվեարկել՝ ի նպաստ Ռուսաստանի՝ հաշվի առնելով հայ-ռուսական փոխադարձ շահերը, Բորիս Տարասյուկն ասաց․ «Ես կարող եմ ասել, որ որևէ մեկը վստահությամբ չի կարող ասել, թե ով է հստակ դեմ քվաերկել, որովհետև էկրանի վրա երևացել է վերջնական արդյունքը, որտեղ պատվիրակությունները նշված չէին։ Ընդհանուր առմամբ՝ ինը հոգի է դեմ քվեարկել, և ոչ ոք չի կարող ասել, թե այդ ինը հոգուց ով է դեմ եղել, բայց ես՝ ինքս, վստահորեն կարող եմ ասել, թե Հայաստանի պատվիրակությւոնից ով է կողմ եղել»։ Իսկ թե ով քեր էին այդ կողմ քվեարկած հայ պատվիրակները, Տարասյուկը չասաց։




Նա նշեց, որ Հաստանի դիրքորոշման տրամաբանությունը հետևյալն է, որ երբ Նյու Յուրքում ՄԱԿ-ում քվեարկություն տեղի ունեցավ Ուկրաինայի վերաբերյալ, 100 պատվիրակություն աջակցեց Ուկրաինային, և, դժբախտաբար, Հայաստանի պատվիրակությունը ընդդիմադիր կողմում հայտնվեց իր քվեարկությամբ։



Անդրադառնալով երեկ մեկ այլ՝ մեզ համար շատ կարևոր բանաձևի՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևի քվեարկությանը, որտեղ ընդամենը չորս պատվիրակ է դեմ քվեարկել, և կասկածներ կան, որ նրանք հենց ուկրաինացի պատվիրակներն են եղել, Տարասյուկը մի փոքր զայրացած հարցրեց․ «Ո՞վ կարող է ասել, թե ինչպես է քվարկել Ուկրաինայի պատվիրակությունը։ Որևէ մեկը չի կարող ասել՝ ինչպես է հայկական պատվիրակությունը քվեարկել Ուկրաինային վերաբերող բանաձին և ինչպես ենք մենք քվեարկել Ցեղասպանության բանաձևի ընդունմանը»։



Ուկրաինացի համանախագահի պատասխաններից զգացվում էր, որ նա, կարծես թե, վիրավորված էր Հայաստանի պատվիրակության դիրքորոշումից Ուկրիանային վերաբերող բանաձևի հարցում, հատկապես որ, մեր պատվիրակության նախագահ Արտակ Զաքարյանն էլ հստակ ոչինչ չէր ասել, թե ինչպես են քվեարկելու, սակայն ակնարկել էր Ռուսաստանի շահի մասին։ Տարասյուկը թեպետ չհաստատեց, որ իրենք են դեմ քվեարկել Ցեղասպանությանը վերաբերող բանաձևին, սակայն իր պատասխաններով հասկացնում էր, որ «ի՞նչ կա զարմանալու, եթե դուք դեմ եք քվեարկում մեզ վերաբերող բանաձևին, մենք էլ կարող ենք դեմ քվեարկել ձե վերաբերող բանաձևին»։ Նա, սակայն, չմոռացավ դիվանագիտորեն նշել, որ Ուկրաինայուն կողմ են այն բանին, որ պետք է հարգել բոլոր զոհերի հիշատակը և պետք է այնպես անել, որ այլևս նման հանցագործություններ չլինեն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ