Վալենտին Ռասպուտին. ապրելու և հիշելու գրողը

Վալենտին Ռասպուտին. ապրելու և հիշելու գրողը

Ռուսաստանում մահացել է արձակագիր Վալենտին Ռասպուտինը: Նա 78 տարեկան էր եւ հոսպիտալացվել էր օրեր առաջ: Եթե ժամանակակից գրականության մեջ որպես անցյալից ժառանգված եզրույթ օգտագործենք «դասական» բառը՝ միանշանակ Ռասպուտինը նման համարում ունի:



Նա ծնվել է 1937 թվականի մարտի 15-ին, Արեւելյան Սիբիր երկրամասի (այժմ՝ Իրկուտսկի շրջան) Ուստ Ուդա գյուղում: Ավարտելով տեղի տարրական դպրոցը, ուսումը շարունակելու համար 50 կմ հեռու գտնվող բնակավայր է տեղափոխվում: Այս շրջանի մասին է նրա հայտնի «Ֆրանսերենի դասերը» վիպակը: Հետագայում ուսումը շարունակում է Իրկուտսկի պետական համալսարանի պատմափիլիսոփայական ֆակուլտետում: Սկսում է տպագրվել 60-ականներից:



Վալենտին Ռասպուտինը գուցե իր սերնդի վերջին գրողներից էր, որի գրականությունն արդարացիորեն լայն ճանաչման էր արժանացել ողջ Ռուսաստանում եւ հետխորհրդային երկրներում: Նրա արձակը բարձր էին գնահատում եւ ավանգարդիստները, եւ գրականության կոնսերվատորները: Ռասպուտինը գյուղագրության հիմնասյուներից էր: Պատերազմյան եւ հետպատերազմյան հայրենիքը, հավերժական Անգարան, շրջակա բնաշխարհը, դրա մեջ ապրող ու արարող մարդու բնույթը խորապես ճանաչելու հատկությունը. ահա, այստեղից էր սկզիբ առնում Ռասպուտինի գրականությունը՝ ընթերցողին պարգեւելով արձակի անզուգական էջեր:



Մինչ Դոստոեւսկու, Տոլստոյի, Չեխովի ու Պլատոնովի հատորներին հասնելը, ես կարդացել էի Ռասպուտինի «Ապրիր եւ հիշիր» կապույտ եւ սպիտակ կազմով գիրքը: 



«Ապրիր եւ հիշիր», «Վերջին ժամկետը», «Ֆրանսերենի դասերը». ահա, հայերեն թարգմանությամբ ժողովածուն կազմված էր այս վիպակներից:
«Ֆրանսերենի դասերը», որ իրավամբ 20-րդ դարում ստեղծված լավագույն վիպակներից մեկն է, ինձ համար պարզապես կախարդանք էր, որ կարող էր պարգեւել իսկական, մեծ գրականությունը: Ուսուցչուհու եւ աշակերտի… միմյանց հանդեպ մերթ մի փոքր խիստ, մերթ նրբադատ վերաբերմունքը, որն իր մեջ այնքան ճշմարիտ ազնվություն է ամփոփում, նաեւ անորսալի մի բան… մի առանձնություն, որ զգում ես, բայց երբեք չես տեսնում:
Եվ իմ սիրելի «Ֆրանսերենի դասերը» վիպակի վերջին պարբերությունը.
«Ձմեռվա կեսերին, արդեն հունվարյան արձակուրդներից հետո, փոստով ինձ համար ծանրոց եկավ դպրոց: Դարձյալ սանդուղքի տակից վերցրի կացինն ու բերեցի. արկղում կանոնավոր, խիտ շարքերով մակարոնի ձողիկներ էին: Իսկ տակը բամբակի մեջ փաթաթված երեք կարմիր խնձոր կար: Մինչ այդ ես խնձոր տեսել էի միայն նկարներում, բայցեւայնպես, գլխի ընկա, որ խնձոր են դրանք»:



Համեստությամբ գեղեցկացող այս մի քանի նախադասություններն ամբողջովին պատկերահանում են Վալենտին Ռասպուտինի կյանքն ու ստեղծագործությունը: Ապրելու եւ հիշելու գրող: