Հայկական թատրոնի միջազգային փառատոնները

Հայկական թատրոնի միջազգային փառատոնները

Հայկական թատրոնը կատելի է համարել իր տեսակի մեջ եզակի, քանի որ քիչ թատրոններ կան աշխարհում, որոնք կարողացել են ծանր, պատերազմական, ճգնաժամային տարիներից հետո արագորեն զարգանալ և հասնել ոչ թե սովորական թատրոնի, այլ միջազգային ասպարեզում որոշակի դեր ունեցող երևույթի:



1990-ական թվականներից հետո, երբ Հայաստանի թատրոնների շենքերն ավերված էին, ստեղծագործական խմբերը կիսաքաղց, թատրոնները շարունակում էին վերջին ճիգերը գործադրելով պահպանել իրենց գոյությունը: Միգուցե հենց դրա շնորհիվ է, որ 2000-ական թվականների այն կտրուկ վերելք ապրեց: Եվ դրա ապացույցն են Հայաստանում անցկացվող մի շարք միջազգային թատերական փառատոննեը, որոնք կազմակերպվեցին 2000-ական թվականների սկզբներին և շարունակում են կազմակերպվել մինչ օրս:



Մասնավորապես «Հայֆեստ»-ը համարվում է հետխորհրդային տարածքի գլխավոր թատերական փառատոնը (բացառությամբ Ռուսաստանի): Այն «Մանկական և երիտասարդական թատրոնի համաշխարհային ասոցացիայի» (ASSITEJ), «Համաեվրոպական թատերական ցանցի» (IETM) և «Միջազգային փառատոնների և իրադարձությունների ասոցացիայի» (IFEA) թատերական ցանցերի անդամ է: Փառատոնին մասնակցում են ներկայացուցիչներ այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Իրանը, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ մի շարք պետություններ:



«Արմմոնոն» փառատոն է, որտեղ հանդես են գալիս դերասաններն իրենց մոնո-ներկայացումներով: Այն նույնպես բավական հայտնի է ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Դրա մասին են խոսում փառատոնի հյուրերը՝ ժամանած աշխարհի տարբեր երկրներից: «Արմմոնոն» ամենահին փառատոններից մեկն է: Առաջին անգամ անց է կացվել 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերագետների միության (ՀԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանը: 2005թ. «Արմմոնոն» վերանվանվեց «Շեքսպիրյան միջազգային փառատոն», սակայն նոր անվանումը չշահեց թատերագետների համակրանքը, և 2009թ. Հակոբ Ղազանչյանը վերադարձրեց փառատոնի հին անվանումը:



Ներկայիս հայկական թատերական դաշտում մեծ դեր ունի «Թատրոն X» միջազգային փառատոնը: Փառատոնը կարելի է անվանել համահայկական, քանի որ այն միավորում է Երևանի, մարզերի և Արցախի բազմաթիվ թատրոններ և թատերախմբեր, և տարեցտարի դրանց թիվն աճում է: Փառատոնը նաև հյուրընկալում է թատերական գործիչներ արտասահմանից: Դրա շրջանակներում ոչ միայն տեղի են ունենում ներկայացումներ, այլ նաև ակտիվ քննարկումներ, միջազգային ֆորումներ: Փառատոնը կազմակերպում է «Ազգային թատերական ստեղծագործական միավորումը» (ԱԹՍՄ):



«Փառատոնն առավել մասնագիտական, ստուգատեսային բնույթ ունի ևառավել հետաքրքրում էայս ոլորտում աշխատողներին,- ասում է ԱԹՍՄ նախագահ, «Թատրոն X» փառատոնի կազմակերպիչ Արա Խզմալյանը.- բայց փորձը ցույց էտալիս, որ բազմաթիվ հանդիսականներ ներկայացումներից հետո մնում են դահլիճում և մասնակցում քննարկումներին: Սա լավ է այնքանով, որ մենք ձևավորում ենք բեմական արտադրանքի ընկալման չափանիշներ: Սակայն, բնականաբար, մեր առաջնահերթ խնդիրը մասնագետների հետ կապ հաստատելն է, այսինքն՝ մասնագիտական գործին մասնագիտական գնահատական տալը: Տարվա մեջ մոտ մեկ ամիս, երբ ընթանում է փառատոնը, թատերական գործիչները գնահատականներ են տալիս, և դրանով բացահայտում արդի հայ թատրոնի ընթացքը»:



Հայաստանում անցկացվում են նաև մի շարք երիտասարդական թատերական փառատոններ, որոնցից է «Գիսանե» հանրապետական երիտասարդական փառատոնը: Դրա նպատակն է երիտասարդ սերնդին հնարավորություն տալ ցուցաբերելու իրենց տաղանդը, կարողությունները, ներկայանալու հանդիսատեսի դատին:



Մեկ այլ երիտասարդական նախաձեռնություն է «Երիտասարդ ռեժսորի» թատերական փառատոնը, որի հիմնադրվել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը:



Հայաստանի նման երկրում, որտեղ թատրոնը նոր-նոր է «թևեր առնում» և դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, նմանատիպ միջազգային փառատոնների առկայությունը անգամ փոքր ինչ զարմանալի է: Սակայն դրանք հերթական ապացույց են, որ վերակազմավորման ճանապարհին գտնվող հայկական թատրոնն ունի առաջ գնալու և միջազգային ասպարեզում հանդես գալու բոլոր նախադրյալները:



Ռաֆայել Զարբաբյան