Հովիկ Աբրահամյանի հեռուն գնացող ծրագրերը

Հովիկ Աբրահամյանի հեռուն գնացող ծրագրերը

Հունիսին Արտաշատում սպասվող քաղաքապետի ընտրություններին ընդառաջ քաղաքական վերնախավում արդեն լուրջ իրարանցում է սկսվել: Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անում է, որպեսզի գոնե այս ընտրությունների ժամանակ իրականացնի իր վաղեմի երազանքը եւ որդուն՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամին, նստեցնի հարազատ Արտաշատ քաղաքի ղեկավարի պաշտոնում: Իսկ դա այնքան էլ հեշտ գործ չէ, հատկապես քրեական աշխարհի վերջին փոթորկից հետո, երբ շոշափվեց նաեւ Արգամ Աբրահամյանի անունը, եւ բոլորն իմացան, որ նա Երրորդմասցի Լյովիկի մտերիմ ընկերն է, նաեւ բիզնես-գործընկերը:



Արգամ Աբրահամյանը նաեւ «Արտֆուդ» ընկերության սեփականատերն է, բայց ոչ մի լուրջ պաշտոն չի զբաղեցնում, եւ այդ փաստն անչափ խոցում է վարչապետ հոր ինքնասիրությունը: Ո՞ւմ որդուց է պակաս իր որդին, որ մի լավ պաշտոն չզբաղեցնի: Իշխանության փոխանցումը հայրերից որդիներին վերջին տարիներին էլ ավելի ցայտուն է դարձել: Պետական կառավարման գրեթե բոլոր մարմիններում, ուժային կառույցներում, դատախազական ու դատական համակարգերում արդեն մի քանի տարի է` էստաֆետն ստանձնում են պաշտոնյաների երեխաներն ու մերձավոր ազգականները: Ինչո՞վ է պակաս Արգամ Աբրահամյանը, որ տեղ չգտնի իշխանական բուրգում ու «տեր չկանգնի» իրենց ունեցվածքին: Հովիկ Աբրահամյանի ամբիցիաները փոքր-ինչ բավարարվեցին, երբ իրականություն դարձան նրա վարչապետական երազանքները: Մինչ այդ՝ 2013-ին, մամուլում անընդհատ հրապարակումներ էին լինում, որ Արտաշատում հնարավոր է արտահերթ ընտրություններ կազմակերպվեն: Իսկ երբ հանկարծամահ եղավ Արարատի քաղաքապետը, մամուլում կրկին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է որդուն դարձնել Արարատի քաղաքապետ: Հովիկ Արգամիչը լուծել էր անգամ փաստաթղթային բոլոր խնդիրները՝ որդուն արագությամբ հաշվառել Արարատում, ինչն օրենքի պահանջն է:



Ինչեւէ, հիմա նորից Արտաշատում խոսվում է Աբրահամյանների տոտալ իշխանության հաստատման մասին: Արտաշատի գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը երեկ մեզ հետ զրույցում առաջիկա ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին հարցին հաստատական պատասխան չտվեց: «Երեւի կառաջադրվեմ»,- ասաց նա, իսկ Արգամ Հովիկիչի առաջադրման մասին լուրերին արձագանքեց. «Էդպիսի խոսակցություններ չեն էլ եղել երբեւէ»: Մինչդեռ մեր աղբյուրները պնդում են, որ Հովիկ Աբրահամյանի՝ որդու հետ կապված ծրագրերի մասին մտերիմների շրջապատում արտահայտվել է նաեւ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ասելով, որ իրեն 2 տարի անց փոխարինելու է Արգամիչի որդին, որին մի երկու տարի «կաճեցնեն» քաղաքապետի պաշտոնում, ապա կվստահեն նաեւ մարզը: Հավանաբար, սրանով է պայմանավորված, որ մարզը մեծ հաշվով անտերության է մատնված, եւ աչք են փակում մարզպետի ու մարզպետարանի գործունեության, թույլ տրված սխալների ու չարաշահումների վրա: