Ի՞նչ է ուզում Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ի 100-ամյա կոմպլեքսը, քաղաքական ալյանսներն ու կոնսոլիդացիաները

Ի՞նչ է ուզում Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ի 100-ամյա կոմպլեքսը, քաղաքական ալյանսներն ու կոնսոլիդացիաները

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը ևս շատերի նման համակարգային փոփոխության կողմնակից է։ Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ ինքը կարողանում է կանխատեսել, թե որ պահին ինչ չի կարելի անել ու, սովորաբար, ինքը չի սխալվում։ Իսկ այն, որ այսօր ընդդիմադիր դաշտում վակուում է առաջացել ու հիմա պայքար է գնում դատարկ տեղը զբաղեցնելու հարցում, Կարապետյանը միանգամից ընդգծեց, որ ինքը չի պատրաստվում կռվել առաջին ընդդիմադիր դառնալու համար, դա չէ իր ցանկությունը, քանզի այդպիսի ցանկություն ունեցողները, ըստ նրա, կոմպլեքսներ ունեն։ Թե ինչպես պետք է փոխել այդ համակարգը, Կարապետյանը թվարկեց երեք ճանապարհ, որոնք տարածված են աշխարհում՝ արտաքին միջամտություն, ներքին հեղափոխություն և վերևից հեղափոխություն։



Արտաքին միջամտություն նա դեռ չի տեսնում, վերևից հեղափոխությունը ևս անիրական է համարում, քանզի Սերժ Սարգսյանը չունի այդքան քաղաքական կամք, մնում է ներքին հեղափոխությունը, որը կարող է լինել երկու ճանապարհով՝ կազմակերպված կուսակցությունների կողմից, որն այսօր ինքը չի տեսնում, և Արաբական գարուն։
«Ես Ձեզ հետ ամեն ինչ պիտի անեմ, եթե Դուք էլ եք ընդդիմադիր, որպեսզի Հայաստանում փոփոխությունների գնանք Արաբական գարնան ճանապարհով, այսինքն՝ հասարակությունը, որն իսկապես ընդդիմադիր է, բարձրանա իշխանության դեմ»,-ասաց պարոն Կարապետյանը՝ նշելով, որ եթե լավ կազմակերպվի այդ ամենը, կհաջողվի խուսափել նաև արյունահեղությունից, բայց եթե նույնիսկ արյուն էլ թափվի, ապա «դե կներեք, ո՞վ է մեղավոր, մե՞նք, թե՞ իշխանությունը, որը ոչ մի բանի հետ հաշվի չի ուզում նստել»։



Այստեղ նա հիշեց Ժիրայր Սեֆիլյանին ու օրերս Գյումրիում տեղի ունեցած դանակահարությունը՝ նկատելով, որ եթե Սեֆիլյանը Գյումրի գնար 10 հազար հոգով, ոչ մեկին չէին դանակահարի։



Դիտարկմանը, թե այսօր նոր ընդդիմադիր ալյանսների ձևավորման գործընթաց է կամաց-կամաց սկսվում, արդյոք իրեն որևէ առաջարկ եղե՞լ է՝ միավորվել այս կամ այն ուժի հետ, Կարապետյանն ասաց, որ ոչ, իրեն նման առաջարկներ չեն եղել․ «Ես ժամանակին որոշակի առաջարկներով հանդես եմ եկել, որոշակի մարդկանց հետ հանդիպել եմ, խոսել եմ, մոտ երկու տարի բանակցություններ են ընթացել տարբեր ուժերի հոտ, որը դուք չեք տեսել, և վերջնականապես ես եկել եմ այն եզրակացության, որ այսօրվա քաղաքական դաշտը ռեալ գործողությունների դեռ պատրաստ չէ»։
Ըստ նրա՝ այսօր մեզ պետք չէ կոնսոլիդացիա, և ինքն էլ նման առաջարկներով հանդես չի գալիս, մեզ այսօր պետք է քաղաքական ուժերին հասարակության ու իշխանության անջրպետից տարանջատել, որպեսզի իշխանությունը մնա հասարակության դեմ հանդիման։



Կարապետյանը նաև կարծիք հայտնեց առ այն, որ Հայաստանում շատ դժվար է գտնել մաքուր ընդդիմադիրների, որոնք ո՛չ դրսի հետ են կապված, ո՛չ ներսի իշխանության հետ։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրական փոփոխություններին՝ պարոն Կարապետյանն ասաց, որ համակարգային փոփոխություններին կողմ քաղաքական ուժը չի կարող կողմ լինել նաև սահմանադրական փոփոխություններին, ուստի ինքը դեմ է։



Իսկ այն, որ ՀՅԴ-ն ևս կողմ է համակարգային փոփոխություններին, բայց նաև կողմ է սահմանադրական բարեփոխումներին, Կարապետյանն ասաց, որ իր կարծիքով՝ Դաշնակցությունը կոմպլեքս ունի, որը գալիս է նրանից, որ Դաշնակցությունը միշտ բյուրոյով է ղեկավարվել, երբևէ անհատ չի ղեկավար այդ ուժը, դա 100-ամյա պատմության հետ եկած կոմպլեքս է, ուստի այս առումով պետք չէ մեղադրել ՀՅԴ-ին, քանզի կառավարման նման՝ ոչ միանձնյա նախագահական ձևը հենց իրենց մոդելն է, որն էլ ընկած է սահմանադրական փոփոխությունների հիմքում։
Արամ Կարապետյանը, սակայն, այն կարծիքին է, որ սահմանադրական բարեփոխումների հարցում որոշակի առումով կոնսոլիդացիա կլինի, բայց այն բանից հետո, երբ մենք հասկանանք, թե իշխանությունը վերջնականապես ինչ է ուզում։



Իսկ թե ինչ է ուզում Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների հարցում, Կարապետյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը հիմա չգիտի, թե ինչ է ուզում, ժամանակին բան է ասել, հիմա ընկել է ձեռքը կրակը»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ