Ցեղասպանության ոճրագործության հաջորդ փուլը ցեղասպանության զոհերին մոռացության մատնելն ու այն ժխտելն է

Ցեղասպանության ոճրագործության հաջորդ փուլը ցեղասպանության զոհերին մոռացության մատնելն ու այն ժխտելն է

Այսօր ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը:



ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Դիմելով նիստի մասնակիցներին՝ պարոն Սահակյանը մասնավորապես նշել է.



«Եվրոպայի տարածաշրջանի առաքելության հարգելի ղեկավար,
Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովի հարգելի մասնակիցներ,
հարգելի հյուրեր,



Ողջունում եմ ձեզ Հայաստանում և շնորհակալություն հայտնում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովը Երևանում անցկացնելու մեր հրավերն ընդունելու համար:



2012 թ.-ի հոկտեմբերին Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ պետությունը:



Եկել էր ժամանակը, որ Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանկոֆոնիան միավորող հարաբերությունները բարձրացնեինք և հասցնեինք խորհրդարանական ձևաչափի աստիճանի, որի արդյունքում 2014թ.-ի հուլիսին Օտտավայում ՀՀ Ազգային ժողովին շնորհվեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամի կարգավիճակ: Այսպիսով, Հայաստանը և մեր խորհրդարանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին և դրանց տարածմանն ու ամրապնդմանը նպաստելու հանձնառությունը:



Համերաշխության և հանդուրժողականության տարածքի կառուցման գործում մեծապես կարևորելով կրթությունը և մշակույթների միջև երկխոսությունը՝ ՀՀ Ազգային ժողովի ներգրավվածությունն արտահայտվում է տարբեր միջոցառումներով:



Մասնավորապես, 2015 թ. մարտի 5-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում մեր խորհրդարանը կազմակերպեց «Ֆրանկոֆոնիա. մշակույթների երկխոսություն» թեմայով համաժողով, որին մասնակցեցին ֆրանսախոս ուսանողներ: Համաժողովը հիանալի հնարավորություն ընձեռեց տոնելու տարբեր մշակույթներից սնուցված ֆրանսերենի միջազգային օրը:



ՀՀ Ազգային ժողովի կողմից ֆրանսախոս ուսանողների մասնակցությամբ համաժողովի կազմակերպումն ուներ երկու նպատակ:
Նախ, այն ընդգրկված է նախորդ տարվա նոյեմբերին Դակկարում (Սենեգալ) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում, որի գլխավոր թեման երիտասարդությունն էր՝ որպես խաղաղության վեկտոր և զարգացման դերակատար:
Երկրորդ՝ ՀՀ Ազգային ժողովը մտադիր է աջակցելու ֆրանկոֆոնիայի տարածքում երիտասարդության դերի արժևորմանը. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ ֆրանկոֆոնիայի սեկցիան, համագործակցելով ՀՀ արտաքին գործերի, գիտության և կրթության նախարարությունների հետ, նախաձեռնել է Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի մի նախագիծ:



Նման կառույցը ֆրանսախոս հայ երիտասարդների համար կարծիքների փոխանակման և երկխոսության հիանալի հարթակ կհանդիսանա և հնարավություն կընձեռի ծանոթանալու խորհրդարանական գործունեությանը:
Այս հավակնոտ ծրագրի իրականացման գործում մենք ակնկալում ենք նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գործուն աջակցությունը:



Հարգելի գործընկերներ,
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների ներկայիս համաժողովը տեղի է ունենում ինչպես մեզ՝ հայերիս, այնպես էլ ողջ աշխարհի համար կարևոր իրադարձության նախաշեմին: 2015 թ.-ի ապրիլի 24-ին Հայաստանը և համայն առաջադեմ մարդկությունը կնշեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:



Խոսքը բացառիկ իրադարձության մասին է, քանի որ պատմության մեջ առաջին անգամ հիշատակվելու է մի ցեղասպանության հարյուրամյակ:



Ուղիղ մեկ դար առաջ՝ 1915 թվականին, թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ հայ ժողովրդի բնաջնջման և հայրենազրկման սոսկալի ծրագրի իրականացմանը: Տղամարդիկ, կանայք, երեխաները և ծերերը զոհ դարձան սարսափների, վայրագությունների և անմարդկային վերաբերմունքի՝ աչքի առաջ ունենալով ստույգ մահը կամ վերապրելու աղոտ հույսը:
Եվ այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, ցեղասպանության զոհերի ոգեկոչումը և դրա դատապարտումն առավել քան արդիական է, քանի որ մեր օրերում ևս, ցավալիորեն, շարունակվում է մարդկության գլխին կախված մնալ ցեղասպանությունների կրկնության վտանգն այն պատճառով, որ աշխարհում շարունակում են գլուխ բարձրացնել ազգային, ռասայական ու կրոնական հողի վրա հիմնված ատելության և անհանդուրժողականության ամենատարբեր դրսևորումները:



Ցեղասպանության ոճրագործության հաջորդ փուլը ցեղասպանության զոհերին մոռացության մատնելն ու այն ժխտելն է՝ հատկապես պետական մակարդակով և հատկապես ցեղասպանություն իրագործած պետության կողմից: Անցած 100 տարիների ընթացքում Թուրքիայի իրար հաջորդող իշխանությունները ոչ միայն քայլ անգամ չարեցին օսմանյան ռեժիմի օրոք իրականացված ցեղասպանության ճանաչման հարցում, այլ, ընդհակառակը, Հայոց ցեղասպանության մասին հորինեցին պետական կեղծիք՝ փորձելով պետականորեն վերափոխել պատմական փաստերը:



Տիկնայք և պարոնայք,



Կրկին ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, մաղթում եմ հաջողություններ ձեր աշխատանքում և հույս հայտնում, որ հնարավորություն կունենաք ծանոթանալու հինավուրց, բայց նաև երիտասարդ մեր երկրին»:



Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել համաժողովը Հայաստանում անցկացնելու հրավերն ընդունելու համար՝ վստահեցնելով, որ Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի հարաբերություններում լիիրավ անդամի կարգավիճակը նոր էջ է բացում: Տիկին Եսայանը համոզմունք է հայտնել, որ հայկական պատվիրակությունը ՖԽՎ-ում ունի իր ուրույն դերակատարությունը: Նա նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովում ձևավորված են ֆրանսախոսության լավագույն ավանդույթներ. պատգամավորների և ԱԺ աշխատակիցների համար պարբերաբար կազմակերպվում են ֆրանսերենի ուսուցման դասընթացներ, ԱԺ պաշտոնական կայքէջը թարգմանվում է նաև ֆրանսերեն:



ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջույնի խոսքում ևս կարևորել է համաժողովի անցկացումը Երևանում և անդրադարձել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությանը: Նա կարևորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարին և համաշխարհային մարտահրավերներին՝ արտգործնախարարը կարևորել է նաև ֆրանկոֆոնիայի շրջանակներում պայքարը մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության հաստատման համար:



Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Եվրոպական տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Պոլ Վահլն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և համաշխարհային մարտահրավերներին: Նա կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչումը և պատմական արդարության հաստատումը: Պարոն Վահլն ընդգծել է, որ ապագա սերունդները պետք է իմանան ճշմարտությունը, որպեսզի նման ոճրագործություններն այլևս երբեք չկրկնվեն:



Այնուհետև նիստի մասնակիցները լուսանկարվել են:



«Ֆրանկոֆոնիան Հայաստանում» թեմայի շրջանակներում ելույթներ են ունեցել Հայաստանի «Ալյանս ֆրանսեզի» և ֆրանսերենի դասավանդողների հայկական ասոցիացիայի տնօրեն Սյուզան Ղարամյանը, Հայաստանում ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությոան ներկայացուցիչ Ռուզաննա Ղալթախչյանը, ԵՊՀ միջազգային ֆակուլտետի ուսանողուհի Անի Մելքոնյանը, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի Լուսինե Նալբանդյանը:
Նիստի ավարտին ընդունվել է հայտարարություն: