Մենք կբողոքենք, իսկ ռուսները կշարունակեն զենքի բիզնեսը

Մենք կբողոքենք, իսկ ռուսները կշարունակեն զենքի բիզնեսը

Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի քայլի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի բարձրաձայնած անհանգստությունից հետո անգամ մեր ռազմավարական դաշնակից ռուս պաշտոնյաները չեն պատրաստվում վերանայել իրենց ռազմաարդյունաբերական քաղաքականությունը։



Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սեգեյ Նարիշկինն ու իր շքախումբը անցած երեք օրեին պաշտոնական այցով Հայաստանում գտնվելու ընթացքում անդրադառնալով խնդրին կրկնեցին նախորդների հայտարարությունները, թե Ռուսաստանի համար այն ընդամենը կոմերցիա է։ Ավելին՝ Նարիշկինը հայտարարեց, որ զենքի վաճառքի գումարն իրենք ներդնում են Եվրասիական տնտեսական միությունում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում։ Այսինքն՝ ՌԴ-ն լինելով ԼՂՀ կարգավորման Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից մեկը եւ ունենալով այդ հակամարտությունը խաղաղ կարգավորելու մանդատը՝ վարում է հակասող քաղաքականություն ու զենք է վաճառում հակամարտող Ադրբեջանին:



Պատրաստվո՞ւմ է արդյոք հայկական կողմը այլ մեխանիզմներով Ռուսաստանին հետ կանգնեցնել Ադրբեջանին զինելու վտանգավոր առեւտրից, հարցրեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հիշեցնելով մեկ այլ նման օրինակ, որ 2013-ին ՀԱՊԿ կոլեկտիվ անդամության կողմից ընդունած համաձայնագրով՝ անդամ պետություններն իրավունք չունեն իրենց տարածքներում տեղակայել օտարերկրյա, երրորդ երկրների ռազմական ենթակառուցվածքներ՝ առաց համաձայնեցնելու անդամ պետությունների հետ:



Վահրամ Բաղդասարյանը նախ հարկ համարեց ընդգծել, որ ինքը համաձայն է խնդրի առնչությամբ Նարիշկինի ներկայացրած բացատրությունների հետ․«Այո, ես էլ եմ համաձայն, որ դա բիզնես է, բայց այդ բիզնեսի արդյունքում գնված զենքը գործածվում է իրենց ստրատեգիական ընկերոջ դեմ: Բայց եկեք ենթադրություններով չխոսենք, ինչը, որ լինի հնարավոր, այդ հնարավորությունը մենք անպայման օգտագործելու ենք»,- խնդիրը շրջանցեց Բաղդասարյանը:։



Նշենք, որ ինչպես նախօրեին, այսօր էլ Նարիշկին հետ հանդիպում-քննարկումների ժամանակ հայ պատգամավորներն ու գործադիր իշխանության ներկայացուցիչները շփվել են ռուսերենով՝ բացառությամբ մեկ-երկուսի։