Ովքե՞ր կմիանան Սեֆիլյանի պայքարին

Ովքե՞ր կմիանան Սեֆիլյանի պայքարին

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը շարունակում է իրականացնել իր հեղափոխական ծրագիրը: Ո՞ր ուժերն են կանգնած կամ պատրաստ կանգնելու նրա կողքին: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ապրիլի 2-ին խորհրդի նիստ են անելու, որտեղ, ի թիվս այլ հարցերի, նաեւ այս հարցը կքննարկվի: Թեեւ իրենք էլ համաձայն չեն ժամկետի՝ ապրիլի 24-ի հետ, սակայն Հիմնադիր խորհրդարանին իրենց աջակցության հարցը դեռ պետք է քննարկման դրվի: «Ապրիլի 24-ի պարագայում մենք ունենք վերապահում, հայության համար այլ խորհուրդ ունի, իհարկե, պայքարն էլ կա, բայց դա ցավի հիշատակի օր է: Էն, ինչ որ իրենք ասում են, համամիտ ենք, բայց 24-ի առումով վերապահում ունենք»: Իսկ ապրիլի 24-ից հետո ինչպե՞ս կվարվեն, հավանակա՞ն են համարում իրենց սատարելը: «Հիմա դժվարանում եմ ասել, քանի դեռ հարցը չենք քննարկել»: «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դեռ խորհրդակցություն չեն արել, կոնկրետ պատասխան դժվարացավ հայտնել:



Հիմնադիր խորհրդարանի հանդեպ անտարբերության պատճառը ո՞րն է, ի վերջո, նրանց պայքարը Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ է: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում, թե ինչ օրակարգով եւ երբ պայքարը տանի, եթե իրենք նպատակահարմար են գտել այդ օրը, ես ասելիք չունեմ»: Մարտիրոսյանը հավաստիացնում է, թե օրվա խորհրդի խոչընդոտի մասին չեն էլ մտածել. «Լավ է, վատ է՝ չեմ կարող կարծիք ասել»: Հարցին, թե որ դեպքում կկանգնեն Սեֆիլյանի կողքին, շեշտեց, որ դա կախված է քննարկումներից: Իսկ ինչո՞ւ չդատապարտեցին Գյումրիում հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած դանակահարության դեպքը, օրինաչա՞փ էր: «Դե, մեր իրականության մեջ տարբեր արտառոց դեպքեր են եղել՝ եւ դանակահարություն, եւ ոստիկանական ուժերի կողմից անօրինական բիրտ ուժի կիրառում, տարբեր դեպքեր շատ են եղել, սովորական թե անսովոր, ուզում եմ ասել՝ նման դեպքեր Հայաստանում շատ են եղել»:



«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Հիմնադիր խորհրդարանի գործերին հաջողություն են մաղթում: Այսինքն, բացառո՞ւմ են Սեֆիլյանի պայքարին միանալու հավանականությունը: «Ապրիլի 24-ին մենք տեղ ունենք գնալու: Այդքանը»,-հստակեցրեց Զեյնալյանը: Իսկ կփոխե՞ն իրենց դիրքորոշումը, եթե վերանայեն ժամկետը: «Մենք ենք ձեւավորում մեր օրակարգը: Ոտքի վրա պատասխան չեմ կարող տալ միանգամից, միանալ-չմիանալը կուսակցության խորհրդի քննարկումն է, պիտի լինի համապատասխան առաջարկ, քննարկում, որ տեսնենք ինչ են անում, որպեսզի որոշենք»: