Կարգի հրավիրեք Ձեր աշխատակցին

Կարգի հրավիրեք Ձեր աշխատակցին

Մենք վաղուց դադարել ենք հետեւել, թե ով ինչպես է «տանում» մեր հրապարակումները եւ առավել եւս՝ ինչպես է արձագանքում, քանզի «շունը հաչում է, քարավանը գնում է»: Բայց ամեն համբերություն իր սահմանն ունի: Ազգային ժողովում հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների վարչություն գոյություն ունի, որի պետը նախկին տխրահռչակ դատախազ Հակոբ Բաբայանի ոչ պակաս տխրահռչակ որդի Արսեն Բաբայանն է, ով տարիներ շարունակ մամուլի հետ է աշխատել, սակայն այդ աշխատանքի տարրական կանոններին այդպես էլ չի տիրապետել: Երեկ սույն անձն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է մեր նախօրեի հրապարակմանը, որտեղ նշել էինք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն իր սանիկին՝ ԱԺ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանին, կնոջ հետ գործուղել է Ստրասբուրգ, որի արդյունքում սանիկի տիկինը Ֆեյսբուքում լուսանկարներով է կիսվել: Ա. Բաբայանն իր տգետ ու հիստերիկ տեքստում մեր լուրն ամբողջությամբ հաստատել է՝ այո, Հայկ Սարգսյանը մեկնել է Ստրասբուրգ, այո, նրա կինը եւս եղել է պատվիրակության կազմում, բայց դուք «հերթական սուտն» եք տարածել, քանի որ «Հայկ Սարգսյանը հանդես է եկել զեկույցով՝ թեմային ու անգլերենին տիրապետողներն ԱԺ աշխատակազմում քիչ են»: Իսկ եթե գրեինք, որ խորհրդարանը լցրել են երկարոտն ու կարճափեշ աղջիկներով, սրա-նրա ծանոթներով, որոնք կոմպետենտ չեն, հավանաբար, նորից կգրեր, որ «հերթական սուտն» ենք տարածում: Մինչդեռ մեր լուրն այն մասին չէր, որ Հայկ Սարգսյանն անգլերենին չի տիրապետում, բայց գործուղվել է արտերկիր: Ինչ վերաբերում է սանիկի կնոջը, ապա նա «ընդամենը ուղեկցել է ամուսնուն անձնական միջոցներով»: Մեզ բոլորովին չի հետաքրքրում, եւ չենք էլ անդրադարձել «միջոցներին», եթե անդրադառնայինք, շատ այլ հետաքրքիր փաստեր էլ կներկայացնեինք: Եվ բոլորովին կարեւոր չէ, թե ում միջոցներով է մեկնել տիկինը: Պաշտոնական գործուղումներն ամուսնական ճամփորդություններ կազմակերպելու առիթ չեն կարող հանդիսանալ: Դրա համար նորմալ մարդիկ արձակուրդ են վերցնում եւ իրենց կնոջ հետ մեկնում ուր սիրտներն ուզում է:



Մենք ուզում ենք հրավիրել Գալուստ Սահակյանի ուշադրությունը ԱԺ տեղեկատվության վարչության պետի պահվածքի ու աշխատաոճի վրա: Եթե նրան ընդունել եք, որպեսզի լարվածություն մտնի ձեր եւ մամուլի հետ հարաբերություններում, շատ դիպուկ ընտրություն եք կատարել: Եթե ընդունել եք, որ ձեր նախկին բաց ու թափանցիկ աշխատաոճը փոխարինեք փակ ու անթափանց ոճով, մարտնչող տգիտությունն էլ դառնա կենսաձեւ, կրկին դեմ չենք: Բայց եթե նման պահվածքը շարունակվի կրկնվել, մենք ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել, քանզի բանը միայն վիրավորանքներով, սեփական լիազորությունների չարաշահման տարրերով լեցուն տեքստեր տարածելու մասին չէ: Բանն արդեն հասել է ԱԺ շենքում լրագրողներին վիրավորելուն, նրանց աշխատանքին խոչընդոտելուն եւ տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելուն, ինչն օրենքով պատժելի է:



Արմինե ՕՀԱՆՅԱՆ