Մեկ-մեկ՝ էքստրեմալ, մեկ-մեկ՝ ընթացիկ

Մեկ-մեկ՝ էքստրեմալ, մեկ-մեկ՝ ընթացիկ

Ընդարձակ դահլիճում տեղադրված սեղանների վրա շարված են տարատեսակ գրքեր՝ հրատարակության ամենատարբեր տարեթվերի. Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի աշխատանքներն են: Դրանց կողքով էլ գալիս-գնում են հայաստանյան քաղաքական դաշտի քիչ թե շատ արեւմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական էլիտայի ներկայացուցիչները՝ Պարույր Հայրիկյան, Արա Պապյան, Ստյոպա Սաֆարյան, «Ժառանգության» ներկայացուցիչները, ԱՄՆ դեսպանը եւ այլք:



Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը երեկ տոնում էր իր ստեղծման քսաներորդ տարին: «Իմ կարծիքով, այս հանրային պրոյեկտն անկախ Հայաստանի երեւի թե ամենահաջողված պրոյեկտներից մեկն է: Աշխատել, զարգանալ այս պայմաններում եւ կարողանալ համոզել մարդկանց, որ սա կարեւոր գործ է, իսկապես բավականին դժվար է: Մի առանձնահատկություն էլ ունի կենտրոնը, դա այն է, երբ որ կապիտալ է դրվել հայկական քաղաքական մտքի մեջ: Ասեմ, որ շատ կենտրոններ կան, եւ մենք հարգում ենք բոլոր այդ կենտրոնները, բայց շատ քչերը կան, որ երբեւէ չեն կարողացել, օրինակ, գրանտներ վերցնել: Մեծ դժվարությամբ մենք մեզ պահել ենք»,- իր ելույթում նշեց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը: ՌԱՀՀԿ-ի ներկայացման տեսանյութն էլ կարծես Րաֆֆի Հովհաննիսյանի բենեֆիսը լիներ, այնքան ցուցադրվեցին նրա նկարները:



«Ժառանգության» ղեկավարը, ի դեպ, նույնպես նկատել էր դա. «Մի քիչ շատ էին նկարներն այստեղ, հաջորդ անգամ կհանեք մեկ-երկու նկար: Կենտրոնը ելեւէջներով, դժվար վիճակում, 20 տարի իր հանրային ծառայությունը մատուցում է մեր ժողովրդին եւ մեր պետականությանը, մեկ-մեկ՝ էքստրեմալ կացության մեջ, մեկ-մեկ՝ ընթացիկ: Մեծ ուրախություն է, որ կենտրոնն ակամա դարձավ դպրոց, այսինքն՝ մեր փորձագետներն ստեղծեցին սեփական կենտրոնները, 4, 5, 6 օրինակներ կան, մրցակցություն ստեղծեցին, որը խիստ անհրաժեշտ է մեր պետության, քաղաքականության, քաղաքացիական բոլոր ասպարեզներում»: Կենտրոնի երկրորդ տասնամյակի պատվո նշանին արժանացավ վերլուծաբան Գեւորգ Լալայանը: Եվ այսպես, ուրախ նոտայով, երգ-երաժշտության ներքո էլ ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի բենեֆիսը, երեւի այդ էր պատճառը, որ «Ժառանգություն» կուսակցությունից եւ ոչ մեկը չկամեցավ մեկ բառ նույնիսկ խոսել քաղաքականությունից, ուրախ դեմքերով պնդում էին. «Այսօր այդ օրը չէ»:



Հետաքրքրական է, որ ներկա էին նաեւ հեռուստատեսության որոշ «աստղեր», ինչպես, օրինակ, Հրաչ Մուրադյանը, Կամո Թովմասյանը եւ ուրիշներ: Իհարկե, բոլոր այդ ելույթները մեր «հանրային դեմքերը» չլսեցին, բայց ֆուրշետի ժամանակ այնտեղ էին: