Հայաստանը գրեթե ամբողջովին կորցրել է ռուսաստանյան շուկան

Հայաստանը գրեթե ամբողջովին կորցրել է ռուսաստանյան շուկան

Վերջին ժամանակներում հայ տնտեսվարողները համարձակվում են բարձրաձայնել, որ Հայաստանը գրեթե ամբողջությամբ կորցրել է ռուսական շուկան: Հայաստանում արտահանումը գրեթե կանգ է առել, արդյունաբերության ծավալները նվազել են, որովհետեւ արտահանողները ռուսական շուկա արտադրանք արտահանելը համարում են ոչ ձեռնտու: Դա բացատրվում է ռուսական շուկայի իրավիճակով ու ռուբլու 100% արժեզրկմամբ: Այդուհանդերձ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է խանդավառվել Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններով: ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հայաստանյան այցի կապակցությամբ Ազգային ժողովում մեկնարկած ԵՏՄ հեռանկարների վերաբերյալ քննարկմանը ելույթ ունենալով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանի առաջ բացվել է 170 միլիոնանոց շուկա, եւ Հայաստանը դրանով դարձել է առավել գրավիչ: Այնպիսի տպավորություն է, որ Հովիկ Աբրահամյանը կամ կտրված է Հայաստանի անցուդարձից, առավել եւս տնտեսական կյանքից, կամ էլ թքած ունի հայրենական արտադրողների վրա եւ հարմար առիթը բաց չի թողնում՝ հաճոյանալու համար ռուս պաշտոնյային:



Ռուսական ռուբլու կրկնակի անկումը, ռուսական տնտեսության անկայունությունն ստեղծել են մի իրավիճակ, երբ հայկական ապրանքների համար ռուսական շուկան ըստ էության փակված է, եւ սա խոստովանում են նույնիսկ Հովիկ Աբրահամյանի կուսակից գործարարները, որոնց համար հիմնական սպառման շուկան Ռուսաստանն է:
ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանն ամիսներ շարունակ մասնակցում է կառավարության կազմակերպած՝ արտահանմանը խթանող հանդիպումներին, բայց այսօր վստահաբար պնդում է, որ Հայաստանը գրեթե ամբողջովին կորցրել է ռուսաստանյան շուկան: Հիմնական պատճառն այն է, որ ռուսական ռուբլին արժեզրկվել է գրեթե 100%-ով, իսկ ՀՀ-ում դրամի արժեզրկումը 20%-ի չափով է: «Ամբողջ խնդիրը նրանում է, որ ռուսական ռուբլու փոխարժեքի ու հայկական դրամի տարբերությունը ոչ մի կապ չունի ԵՏՄ-ի ու այդ շուկայի հնարավորությունների հետ: Եթե տնտեսության արտահանումները քչացել են, ոչ թե դա կապ ունի նրա հետ, որ մենք ԵՏՄ-ի մեջ ենք, այլ կապ ունի նրա հետ, որ Ռուսաստանում ռուբլին արժեզրկվել է 100%-ով»,- իր ասելիքը մի փոքր մեղմ ձեւակերպեց Ալիկ Պետրոսյանը՝ նշելով, որ նման պայմաններում հնարավոր չէ ռուսական շուկա ապրանք արտահանել, քանի որ այդ տատանումների արդյունքում Հայաստանում այլեւս բարձր ինքնարժեքով է ապրանք արտադրվում, ինչն անընդունելի է Ռուսաստանի համար՝ կապված իրենց փոխարժեքի տատանման հետ:



Իսկ ի՞նչ է անում կառավարությունը, որպեսզի փոխի տնտեսական քաղաքականությունը: «Ինձ թվում է, որ կառավարությունը բոլոր սիտուացիաներին տիրապետում է եւ համապատասխան քայլեր է ձեռնարկում, որպեսզի այդ իրավիճակից դուրս գանք»,- պատասխանեց Պետրոսյանը: Թե ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը, նա չցանկացավ գոնե մեկը նշել, իր առաջարկների մասին նույնպես լռեց: Նրա զգուշավորությունը պայմանավորվա՞ծ է վերջին օրերին «յուրայիններին» սանձելու իշխանության գործողություններով, երբ մեկը մյուսի հետեւից ՀՀԿ-ական գործարար-պատգամավորների ձեռնարկություններ են տուգանվում: Ալիկ Պետրոսյանը խիստ վրդովվեց մեր հարց-դիտարկումից: «Դուք ինձ չվերաբերող հարցեր եք տալիս»,- ասաց նա: «Պիտի խախտումներ անես, որ հայտնաբերեն, մենք չենք անում»: Աշոտ Աղաբաբյանը, որին տուգանել են, ինքն էլ է վստահ, որ խախտումներ չեն անում: «Դե, երեւի չի արել, ինչո՞ւ եք ուզում մի կողմին հավատալ, մյուսին չհավատալ»,- մեր դիտարկմանը պատասխանեց Պետրոսյանը: