Վերելք դեպի լյառն գռեհկություն

Վերելք դեպի լյառն գռեհկություն

Այն, ինչ կատարվում է երեւանյան փողոցներում, անմոռուկների առատ անձրեւը՝ ամեն տեղ, ամեն ինչի վրա, երբ տեսնում ես իշխանական պետհամարանիշներով մեքենաների մութ ապակիներին ծեփված՝ խոշոր, հնարավորինս խոշոր տրամաչափի, նաեւ ամենաքյառթ տաքսիների դիմապակիներին ու ետնապակիներին, պարզ է դառնում, որ ցեղասպանության ընկալում-գիտակցումը՝ իր բոլոր կողմերով հանդերձ, մնացել է կենցաղային-քյառթագեն հավերժական պարույրի սահմանագծին: «Հիշում ենք եւ պահանջում»… Ահա տաքսիների ետնապակիներին փակցված անմոռուկների հիմնական ուղերձ-գրառումը, որի հասցեատերը գոնե Երեւանում պարզ չէ, թե ով է…



Հայաստանում պահանջել ցեղասպանության հիշողությունն ու դրա ճանաչումը… եւ իսկապես, ումի՞ց են մեքենաների վարորդները պահանջում: Մի երկրի իշխանությունի՞ց, որ Եղեռնով իր փիառ արշավն է կազմակերպել ու ջանք չի խնայում ժողովրդի աչքին դրանով թող փչելու, թե՞ մարդկանցից, որոնք ծնվում-մեծանում են Ծիծեռնակաբերդի ճանապարհը մարմիններին դաջած: Տեսնես ժամը քանիսի՞ն, կյանքի ո՞ր փուլերին են հանկարծ մտաբերում աղետի կենսագրությունը, դրանից հետո ի՞նչ է փոխվում կեղծ մտաբերողների մեջ… Այդ հիշողությունը բնույթ ունի՞, թե՞ պարզապես մեքենայի մութ ապակու հերթական պաստառն է, այդ օրերին եկածներից փող շորթելու, գողանալու նողկալի առիթ:



Ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ Վերելք դեպի լյառն Գռեհկություն… Սա իշխանավորների ու տաքսու բազմաթիվ վարորդների միապատիկ փիլիսոփայությունն է: Բայց Սերժ Սարգսյանի թիմն ինչ էլ անի, մարդկանց հոգիներին տիրելու ինչ հնարի էլ դիմի, արդեն պարզ է, որ ոչինչ չի ստացվելու: Մեկ է՝ Հայաստանում առկա սոցիալական ծանր կեցությունը Սերժ Սարգսյանին ցեղասպանությամբ հույսի ոչ մի շառայլ չի թողնելու: Տաքսու վարորդները մեքենաների ետնապակիներին ինչ քանակությամբ անմոռուկներ փակցնեն էլ, ինչքան էլ ճոխ ու մսեղ տառերով գրեն՝ «Հիշում ենք եւ պահանջում», մեկ է՝ ապրիլի 24-ին միլիոններ չեն աշխատելու… Դպրոցներում ինչքան էլ ծլարձակեն փոքր ծիծեռնակաբերդերը, անմոռուկների թարմ ծառերն ու թաղման ծաղկեպսակները, մեկ է՝ աշակերտներին ինքնուրույն մտածել չեն սովորեցնելու… նրանց համար ցեղասպանությունը մնալու է որպես «պարտադիր՝ կակաչ դնելու օր»…