ՀԽ-ն ահազանգում է քաղաքական հալածանքների մասին

ՀԽ-ն ահազանգում է քաղաքական հալածանքների մասին

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանում ստալինիզմի մեթոդներով իրականացվող բռնապետական կառավարման եւ այդ մարտահրավերը չեզոքացնելու գործնական նախաձեռնության մասին



«Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնությամբ 2015 թ. մայիսի 18-ին կազմակերպված «Քաղաքական հետապնդումները եւ ստալինիզմի ուրվականը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը մասնակցեցին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, փորձագետներ, մշակույթի գործիչներ, վերլուծաբաններ, փաստաբաններ եւ լրագրողներ:



Քննարկման ընթացքում մասնակիցները դիտարկեցին Հայաստանում քաղաքական հետապնդումների համակարգի միջոցով պետական իշխանության իրականացման մարտահրավերը ազգային անվտանգության եւ մարդու իրավունքների պաշտպանության տեսակետներից, տարաբնույթ կարծիքներ հայտնեցին մեթոդների եւ ձեռագրի առումով այդ մարտահրավերի եւ ստալինիզմի ընդհանրության, ինչպես նաեւ ներկայիս բռնությունների առանձնահատկությունների վերաբերյալ:



Մասնակիցների մեծ մասը հաստատեցին, որ անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել մեր երկրի եւ ժողովրդի կյանքում ստալինյան ամբողջատիրության ժառանգությունը բացահայտելու եւ հաղթահարելու, ներկայումս նորօրյա ձեւերի մեջ դրսեւորվող ու հետզհետե արմատավորվող դրա սպառնալի մարտահրավերը չեզոքացնելու, մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները երաշխավորելու, այդ թվում՝ քաղբանտարկյալների ազատ արձակմանը հասնելու եւ քաղաքական հետապնդումների ենթարկվողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով:



Անկախ իրավիճակի վերաբերյալ գնահատականներից, բոլոր մասնակիցները ահազանգով փաստեցին Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների եւ տարբեր ձեւերով քաղաքական հալածանքների ենթարկվող հազարավոր քաղաքացիների առկայության մասին՝ կարեւոր համարելով հրատապ միջոցներ ձեռնարկել նրանց իրավունքների պաշտպանության նպատակով: