Աբովյանում կենացները քաղցրանում են.

Աբովյանում կենացները քաղցրանում են.

Աբովյանում Ծառուկյան-ՀՀԿ համագործակցությունը Վահագն Գևորգյանին պաշտպանելու գործում քիչ էր, հիմա էլ քաղաքապետի թեկնածուների ցուցակում Պալաչ-2 են ավելացրել՝ նոր Արթուր Գեղամի Հարությունյան: Ո՞վ է այդ Արթուր Հարությունյանը: Եթե աբովյանցիներին լսենք՝ ասում են մոր հետ հարևան գյուղերից մեկում «խոզ-մոզ» են պահում: Բնականաբար այս մարդու մտքով էլ չի անցել, որ առաջադրվի Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Բերել-խցկել են՝ բուն Պալաչին խանգարելու համար: Սովորական կեղտոտ տեխնոլոգիա:



ԿԸՀ նախագահ Մուկուչյանը վստահ է, որ աբովյանցի ընտրողներն այնքան ուշադիր են, որ կկարողանան քվեաթերթիկում երկու Արթուր Հարությունյաններին տարբերել ծննդյան թվով և օրով, որոնք այս դեպքում նշվում են: Բախտավոր մեզ, պարոն Մուկուչյան, որ մենք այդպիսի ընտրողներ ունենանք: Ավելի հեշտ չէ՞ ասել, որ Վահագն Գրիգորյանը պետք է նշանակվի Աբովյանի քաղաքապետ և վերջ:



Փաստորեն, այո, օրիգինալ Պալաչն իր դեմ ոտքի է հանել ՀՀԿ-ական ողջ իշխանությունը, որ Աբովյանում որոշել է ամեն գնով (ընդհուպ իր կուսակցին հեռացնելու) սատարել Ծառուկյանի թեկնածուին:



Բայց սա դեռ ամենը չէ: Այսօր էլ ծառուկյանա-ՀՀԿ-ական թեկնածուի բարեմասնություններն է թվարկել ԲՀԿ մնացորդացի առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ն քաղաքական որոշում է կայացրել պաշտպանել Վահագն Գրիգորյանի թեկնածությունը: Այստեղ են ասել՝ ընդդիմադիր ԲՀԿ-ն էր պակաս, էն էլ շոգենավով եկավ:



Մի խոսքով՝ հարգելի Պալաչ, ներողություն, պարոն Արթուր Հարությունյան (իսկականին եմ դիմում), հանկարծ ինքնաբացարկ չտաք; Ձեր դիրքերը շատ ամուր են: Սա ոչ թե ընտրություն է, այլ, Խաչատուր Աբովանի ասած՝ էշի հարսանիք: Դուք այդ էշի հարսանիքում ունեք Աբովյանի քաղաքապետ դառնալու բոլոր շանսերը, եթե հաշվի առնեք աբովյանցիների «անմնացորդ սերը» Վահագն Գրիգորյանի շարան-շարան սատարիչների նկատմամբ:



Էդիկ Անդրեասյան



Ցավոք՝ Աբովյանում չընտրող