Իսկ աշխատավարձերը գոնե կբարձրացնե՞ն

Իսկ աշխատավարձերը գոնե կբարձրացնե՞ն

Գործադիր մարմնում սոցիալական ոլորտի պատասխանատու՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ մեր հարցերին երեկ ավելի շատ ընդհանրական եւ ոչ հստակ պատասխաններ տվեց։



Նախ նշեց, որ ճիշտ չի համարում գնահատականներ տալ դեռեւս չկայացած որոշմանը՝ հիշեցնելով, որ էլեկտրաէներգիայի թանկացման առումով որոշում դեռ չի կայացվել։ Նրան, սակայն, այս հարցը մտահոգում է որպես նախարար։ «Բայց, մյուս կողմից, բնական է, որ մտահոգում է սակագնի բարձրացումը, որովհետեւ սոցիալական խնդիրների հետ կապված հարցեր են առաջանալու, եւ էդ առումով մտահոգիչ է»,-ասաց նա։



Իսկ եթե ժողովուրդը որոշի փողոց դուրս գալ, ինչի վերաբերյալ տրամադրություններ ունեն նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերը, նախարարն ասաց, որ, իր կարծիքով, իրենք պիտի հնարավորություն ընձեռեն օրենքով ստեղծված համապատասխան մարմնին՝ ուսումնասիրելու ՀԷՑ-ի կողմից ներկայացված բավականին մեծ փաթեթը, որպեսզի իր մասնագիտական եզրակացությունն ու որոշումը կայացնի։ Դրանից հետո նոր իրենք կկարողանան դրա վերաբերյալ գնահատականներ տալ։ «Որովհետեւ էս պահի դրությամբ դեռ չկան որոշումներ, կա հայտ, եւ քանի դեռ համապատասխան մարմինը, որը պիտի, ըստ էության, քննի եւ դրա վերաբերյալ իր եզրակացությունը տա, ես ճիշտ չեմ համարում հիմա գնահատականներ տալ»,-կրկնեց Արտեմ Ասատրյանը։



Իսկ ինքը որպես սոցիալական ոլորտի նախարար, ի՞նչ է կարծում, այսօր ՀՀ քաղաքացին պատրա՞ստ է իր ուսերին սոցիալական նման ծանր բեռ վերցնել։ Նախարարն ասաց․ «Ես կարծում եմ, որ ընդհանրապես սակագների բարձրացման, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի հետ կապված, սակագների ազդեցությունն առաջին հերթին սոցիալապես անապահով խավերի վրա չի կարող դրական ազդեցություն ունենալ»։ Այդուհանդերձ, ժողովուրդը նման ծանրության պատրա՞ստ է։ «Չշտապենք որոշումների հետ կապված, կլինի որոշումը, դրանից հետո նոր կխոսենք»,- նշեց նախարարը։
Դիտարկմանը, թե տրամաբանական չէ՞, որ նման թանկացումների դեպքում պետք է նաեւ կառավարությունը միջոցներ ձեռնարկի՝ ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու համար, Ասատրյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ կառավարությունը, բնական է, իր գործիքակազմով պետք է արձագանքի դրան։ Այդ դեպքում աշխատավարձերի բարձրացում սպասվո՞ւմ է։ «Դա քննարկման ենթակա է»,- ասաց Արտեմ Ասատրյանը։