Ցուցահանդես, թ՞ե գերեզմանոց բաց երկնքի տակ

Ցուցահանդես, թ՞ե գերեզմանոց բաց երկնքի տակ

Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից հետո մեր մայրաքաղաքը նմանվել է գերեզմանոցի։ Ի՞նչ ենք տեսնում գերեզմանոցում։ Քար, նստելու տեղ, բորդյուր։ Այս ամենը հիմա կարելի է տեսնել երբեմնի ուրախ այս պուրակում։ Գլխավոր պողոտայով, ԱԺ-ի այգում, նույնիսկ ամենատուրիստաշատ վայրում՝ նախարարությունների շենքի դիմաց, խաչքարեր են դրված։ Կարծես մահաբեր աղետ է անցել քաղաքով։ Նալբանդյան փողոցին հարող այս տարածքը, որը վերջերս բարեկարգվել, գեղեցիկ տեսք էր ստացել, հասցրել է դառնալ երեւանցիների սիրելի վայրերից։ Մանավանդ այս շոգ օրերին այստեղ դատարկ նստարան չես գտնի։



Իսկական տեղ է ժամանակակից արվեստի թեթեւ գործեր տեղադրելու, արվեստագետների շնորհքը ցուցադրելու համար։ Սրա փոխարեն նստարանների կողքին Ջուղայի խաչքարեր են հայտնվել։ Ուրախ պուրակը սգո տեսք է ստացել, պատվել է շիրիմներով։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը դեմ է մեր ձեւակերպումներին։ «Խաչքարի մասին վատ խոսողը պետք է լինի թշնամի ազգից, միայն այդ ազգը կարող է չընկալել խաչքարը»,- ասում է նա, տեղեկացնելով, որ խաչքարերի պուրակը Հորդանանի մայրաքաղաք Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջիի հետաքրքրությունն է առաջացրել։



Ապրիլի վերջին նա Տարոն Մարգարյանի հյուրն էր, եւ, թողնելով պաշտոնական միջոցառումները, խնդրեց, որ իրեն ցույց տան Ջուղայի խաչքարերը։ «Սա ցուցահանդես է, ցուցանմուշները Ջուղայի ոչնչացված խաչքարերի կրկնօրինակներն են, որոնք, քաղաքապետարանի նախաձեռնությամբ, այստեղ են մնալու մինչեւ հոկտեմբեր»,- ասում է Արթուր Գեւորգյանը։ Լավ է, որ գոնե մինչեւ հոկտեմբեր, Արթուր ջան, թե չէ արդեն տխրել էինք, որ մեզ դատապարտել էիք մինչեւ մեր օրերի վերջ շիրիմների մեջ ծերանալու։ Համ էլ, որպես չար լրագրող, արդեն կասկածներ ունեի, որ ինչ-որ բարձրաստիճան այրեր կամաց-կամաց Հանրապետության հրապարակին կից այս տարածքում դամբարան են սարքում։ Հիմա ամեն խաչքարի հետեւում հեղինակի անունն է, բայց հենց որ ժամանակը գա, դա ջնջելու են եւ հանգուցյալ բարձրաստիճանների անուններ դնեն։



Դժվար չէ գլխի ընկնել, թե ում։ Պաշտոնական վայրեր այս տարածքում ինչքան ուզես՝ նախարարությունների շենք, ՀՀԿ գրասենյակ, հյուրանոց, որում ինչ-որ իշխանավորներ ապարտամենտներ են գնել։ Հաց տալու տեղն էլ կողքն է, հյուրանոցներ ու ռեստորաններ՝ ինչքան ուզես։ Թե չէ, իհարկե, խաչքարը տապանաքար չէ, Արթուր ջան, եւ հարգանքի արժանի ազգային արժեք, ու խաչի հանդեպ էլ խոնարհում ունենք, բայց արդյոք հայի երեւակայությունը խաչքարից այն կողմ այդպես էլ չի՞ գնալու։